Մեկնարկել է Բարեկամության այգու հին բեմի վերակառուցման դրամահավաքը - Mediamax.am

1054 դիտում

Մեկնարկել է Բարեկամության այգու հին բեմի վերակառուցման դրամահավաքը


Լուսանկարը` https://armtimes.com


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր Գյումրիում մեկնարկել է Բարեկամության այգու հին բեմահարթակի վերակառուցման հանրային արշավը, որի նպատակն է դրամահավաքի եւ հանրային ներգրավվածության շնորհիվ պահպանել բացօթյա բեմի պատմական տեսքն ու վերականգնել դրա երբեմնի մշակութային նշանակությունը։

Դրամահավաքը տեւելու է շուրջ երեք ամիս՝ մինչեւ սեպտեմբերի վերջ, որի նպատակն է հավաքագրել 100 հազար դոլար։ Դրամահավաքին կարող են միանալ բոլոր ցանկացողները Հայաստանից, Սփյուռքից եւ ամբողջ աշխարհից, այդպիսով՝ իրենց ներդրումն ունենալով հին բեմահարթակի վերակառուցման գործում։

 

Արշավը նախաձեռնել է «Քաղաքաշինության եւ զբոսաշրջության» (TUF) բարեգործական հիմնադրամը «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում։

 

Վերականգնված բեմահարթակը հնարավորություն կընձեռի Գյումրու եւ ամբողջ Հայաստանի երաժշտական, պարային եւ թատերական խմբերին ելույթ ունենալու քաղաքի նոր հանրային բացօթյա բեմում։

 

«Վերակառուցման արդյունքում բեմի շուրջ տեղակայվելու է անկախ ցանցային «վարագույր»՝ որը տանիքից հոսելով ընդգծելու է կիսավեր կառույցի փխրունությունը: Նուրբ ցանցը, որը գիշերային ժամերին լուսավորվելու է՝ այցելուներին պաշտպանելու է թափվող բեկորներից, քանի որ վերակառուցումից հետո բեմն ամբողջությամբ պահպանելու է իր պատմական տեսքը: Վերակառուցումից հետո, հատուկ լուսավորությունը թույլ կտա լուսավորել կամ բեմը կամ ցանցը՝ կախված նպատակից: Համերգների ժամանակ, օրինակ՝ հնարավոր կլինի լուսավորել բեմը, իսկ սովորական օրերին՝ ցանցային «վարագույրը։ Այն կվերածվի յուրօրինակ արտ օբյեկտի զբոսայգու տարածքում»,- ասել է Բարեկամության այգու շինարարական աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը։

 

Ներկայումս այգու տարածքում ընթանում են շինաշխատանքներ։ Այգու որոշ օբյեկտների շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա աշնանը, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների եւ քաղաքի հյուրերի համար։ 2023 թ․ աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին իր բոլոր օբյեկտներով։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին