Երեւանում մեկ շաբաթ կցուցադրվեն Բորխեսի շուրջերկրյա ճանապարհորդության լուսանկարները - Mediamax.am

4082 դիտում

Երեւանում մեկ շաբաթ կցուցադրվեն Բորխեսի շուրջերկրյա ճանապարհորդության լուսանկարները


Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր երեւանյան «Ակադեմիա» պատկերասրահում բացվել է Խորխե Լուիս Բորխեսին նվիրված «Բորխեսի Ատլասը» ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Բորխեսի այրին՝ Մարիա Կոդամա Շվեյցերը:

 

1975 թվականից սկսած՝ արգենտինացի գրողը ճանապարհորդել է տարբեր երկրներով: Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 100 լուսանկար՝ Բորխեսը իր կնոջ հետ չինական ճաշատեսակ համտեսելիս, օդապարիկով ճամփորդելիս, եգիպտական բուրգերի ֆոնին եւ այլն:

 

«Հիշում եմ, մի անգամ Բորխեսը հարցրեց ինձ, թե ո՞րն է եղել իմ առաջին ճամփորդությունը: Եվ ես պատասխանեցի՝ դեպի լուսին», - ցուցահանդեսի բացմանն ասել է Մարիա Կոդաման:

 

Այրին պատմել է, որ նա ծանոթացել է Բորխեսի հետ, երբ դեռ 12 տարեկան էր: 1975 թվականից նա աշխատել է որպես Բորխեսի գրական քարտուղար: «Բորխեսը թելադրում էր ինձ իր մտքերը, ես գրի էի առնում: Դժվար աշխատանք էր», - ասել է գրողի այրին:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել է, որ Բուէնոս Այրեսը՝ 2011 թվականի գրքի միջազգային մայրաքաղաքը, այս ցուցահանդեսի միջոցով ներկայացնում է իր ամենախոշոր դեմքերից մեկին՝ Բորխեսին:

«Բորխեսը հանճարեղ երեւույթ է եղել: Իր աշխատանքով նա ապացուցել է, որ գրական աշխարհի ամենակարեւոր դեմքերից է եղել», - ասել է Հասմիկ Պողոսյանը:

 

Բորխեսի լուսանկարների ցուցահանդեսը հանդիսանում է «Երեւանը՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» շարքի առանցքային միջոցառումներից մեկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին