Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր կառավարության նիստում ասել է, որ փոփոխություններ են կատարվել կարանտինի մասին որոշման մեջ եւ մայիսի 1-ից Հայաստան մուտք գործելիս կորոնավիրուսի հետ կապված որեւէ պահանջ չի գործի։
«Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի կայուն իրավիճակը եւ աշխարհում համավարակի նազման տեմպերը՝ որոշել ենք որոշ սահմանափակումներ հանել։ Հանվել է պետական սահմանի ցամաքային եւ օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշիչ թեստի հետազոտության եւ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։
Հանվել է քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ գործող սահմանափակումների պահանջը։ Վերացվել է նաեւ դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը եւ աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։
















