Երեւան: Մեդիամաքս: Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Հայրենադարձության ինտեգրման կենտրոնի ստեղծման մասին:
Նշվում է, որ որոշումը պայմանավորված է հայրենադարձության ոլորտում պետական քաղաքականության միասնականության ապահովման եւ հայրենադարձված ու հայրենադարձվել ցանկացող հայրենակիցներին «մեկ պատուհանի սկզբունքով» մատչելի, որակյալ եւ օպերատիվ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ:
Ըստ որոշման հիմնավորման, « կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանում, կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների ինտեգրման համար, որով էականորեն կբարելավվի ողջ գործընթացի հասանելիությունն ու արդյունավետությունը»:
Նշվում է նաեւ, որ «վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր կադրային սակավ ռեսուրսերով իրականացնում է հայրենադարձության եւ հայրենադարձների ինտեգրման հետ կապված աշխատանքը, ինչը բավարար չէ հայրենադարձության եւ հայրենադարձների ինտեգրման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման համար»:
















