Սերգեյ Խաչատրյան. Հեռանկարը ուրվագծելու եւ «սովորականից» խուսափելու մասին - Mediamax.am

exclusive
3840 դիտում

Սերգեյ Խաչատրյան. Հեռանկարը ուրվագծելու եւ «սովորականից» խուսափելու մասին


Սերգեյ Խաչատրյանը
Սերգեյ Խաչատրյանը

Լուսանկարը` ARARAT

Լուսանկարը` ARARAT

Արա Թադեւոսյանը զրուցում է Սերգեյ Խաչատրյանի հետ
Արա Թադեւոսյանը զրուցում է Սերգեյ Խաչատրյանի հետ

Լուսանկարը` ARARAT

Սերգեյ Խաչատրյանը
Սերգեյ Խաչատրյանը

Լուսանկարը` ARARAT

Լուսանկարը` ARARAT

Սերգեյ Խաչատրյանը
Սերգեյ Խաչատրյանը

Լուսանկարը` ARARAT


2021 թվականի ապրիլին Սերգեյ Խաչատրյանը նշանակվեց Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրեն: Գործարանում իր կարիերան նա սկսել է հեռավոր 2003 թվականին: Ծանոթանալով Սերգեյի անցած ուղուն, հասկանում ես, որ գործադիր տնօրենի պաշտոնում նրա նշանակվելը ոչ միայն տրամաբանական էր, այլեւ` օրինաչափ:

 

Առաջին այցը ԵԿԳ

 

Սերգեյ Խաչատրյանը տնտեսագիտության թեկնածու է, կառավարման մասնագետ։ Երբեք մտքով չէր անցել, որ կարող է աշխատել Երեւանի կոնյակի գործարանում:

 

«Սովորում էի ԵՊՀ երրորդ կուրսում, երբ մի օր ինձ առաջարկեցին ուղեկցել Ֆրեզնոյից ժամանած հայ ուսանողների խմբին, որոնք երբեք Հայաստանում չէին եղել։ Այցելություններից մեկը Երեւանի կոնյակի գործարանն էր՝ այդպես առաջին անգամ հայտնվեցի ARARAT-ի աշխարհում։

 

Իմ կապը կոնյակի հետ եղել է հայրիկիս միջոցով, նա միշտ գնահատել է հայկական կոնյակը։ Իր հավաքածուն կարծես մեր գործարանի «Պարադիզ» [հատուկ գանձարան, որտեղ պահվում են ամենահին կոնյակները՝ Մեդիամաքս] սրահի փոքր տարբերակը լինի։ Մինչեւ այսօր հատուկ առիթների դեպքում հայրս ինձ իր հավաքածուից կոնյակներ է նվիրում։

Սերգեյ Խաչատրյանը Սերգեյ Խաչատրյանը

Լուսանկարը` ARARAT

Առաջին անգամ այցելելով գործարան եւ տպավորվելով այստեղ տիրող

մթնոլորտից՝ ես հասկացա, թե ինչու է կոնյակը դարձել մեր երկրի այցեքարտը։ Բարի նախանձով նայեցի այնտեղ աշխատող մարդկանց, բայց այդ ժամանակ ես չէի մտածում, որ ԵԿԳ-ն կարող է իմ աշխատավայրը դառնալ։ Մեր այցը ավարտվեց մոտ մեկ ժամ անց, բայց կյանքը այլ սցենար էր մտապահել»։

 

2003 ապրիլ` փայտի նախագծի գործավար

 

Երեւանի պետական համալսարանն ավարտելուց հետո Սերգեյը սկսեց դասախոսել, հետո ընկերներից մեկն ասաց, որ Ազգային վիճակագրական ծառայությունում տնտեսագետի կարիք կա։ Մի քանի ամիս այնտեղ աշխատելուց հետո Սերգեյը նկատեց ԵԿԳ-ում թափուր աշխատատեղի համար հայտարարված մրցույթի հայտարարությունը:

 

«Հաստիքը կոչվում էր «փայտի նախագծի գործավար»։ Հիմա է դարձել նորաձեւ էկո խնդիրները բերել բիզնես օրակարգ, բայց Pernod Ricard-ը դեռեւս 2000-ականների սկզբին դավանում եւ տարածում էր այդ սկզբունքը, եւ սա ընկերության առաջին մասշտաբային նախագծերից էր, որը նպատակ ուներ նոր կյանք հաղորդել եւ զարգացնել տակառագործության ավանդույթները, միաժամանակ ուշադրություն դարձնելով Հայաստանում կաղնու անտառների վերականգնմանը։  

Հարցազրույցների մի քանի փուլ անցա, նաեւ գրավոր առաջադրանքներ կատարեցի։ Կարճ ժամանակ անց տնօրենի հետ հանդիպման ժամանակ տեղեկացա, որ 56 հավակնորդներից ընտրվել են 4-ը, որոնցից պետք է ընտրություն կատարի անմիջական ղեկավարը։ Ընտրությունն ինձ վրա կանգ առավ»:

Արա Թադեւոսյանը զրուցում է Սերգեյ Խաչատրյանի հետ Արա Թադեւոսյանը զրուցում է Սերգեյ Խաչատրյանի հետ

Լուսանկարը` ARARAT

Վերհիշելով այն տարիների աշխատանքը, Սերգեյն ասում է, որ տակառագործությունը փաստացի մեռնող մասնագիտություն էր, իսկ Երեւանի կոնյակ գործարանի շնորհիվ այսօր Հայաստանում վերականգնվեց ոչ միայն արդի տակառագործության նկատմամբ հետաքրքրությունը, այլեւ էապես բարձրացավ բիզնես պահանջարկը։

 

«Այսօր մեր վարպետների շնորհիվ տակառագործության լուրջ մասնագիտական դպրոց ունենք։ Տակառագործական արտադրամասի պատասխանատու ունեինք՝ փորձառու մասնագետ էր։ Մի անգամ իրեն հարցրեցի, թե տվյալ հաստոցի դանակներից քանի հատ դեռ ունենք, որպեսզի պլանավորենք հաջորդ խմբաքանակի պատվերը։ Ես ակնկալում էի պարզապես թիվ ստանալ, բայց նա ներկայացրեց մի գծագիր, որտեղ պատկերված էին բոլոր դանակները եւ նշված էր յուրաքանչյուրի մաշվածության աստիճանը։ Ֆանտաստիկ բան էր՝ այդ մարդուց շատ բան եմ սովորել աշխատանքային պատասխանատվության իմաստով։ Առ այսօր ընկերության հմայքներից մեկը այն է, որ անկախ պաշտոնից ու տարիքից գործընկերոջդ մեջ շատ հաճախ ուսուցիչ ես տեսնում»։

 

2006 ապրիլ`շահագործման ղեկավար

 

Սերգեյը խոստովանում է, որ անհանգիստ բնավորություն ունի եւ մշտապես փորձում է բարելավել աշխատանքային գործընթացները: Նա եղել եւ մնում է կառավարչական այնպիսի մոդելների ներդրման ջատագով, որոնց պարագայում կազմակերպչական գործը կախված չէ կոնկրետ մարդկանցից եւ համակարգերը հնարավորինս անխափան են աշխատում։

Սերգեյ Խաչատրյանը Սերգեյ Խաչատրյանը

Լուսանկարը` ARARAT

«Խնդիր էր դրվել, որ մառաններում ունենանք կառավարման այնպիսի համակարգ, որը թույլ կտա արագ եւ հեշտ պարզել, թե որ հատվածում հնեցման ինչ ծավալներ ունենք՝ սանտիմետրի ճշտությամբ։ Զրոյից համակարգ էինք ստեղծում, մետրով չափ ու ձեւ անում. դա հետագայում հիմք ծառայեց սպիրտների կառավարման ավտոմատացված ծրագրի ստեղծման գաղափարի համար։ Ըստ իս, բարելավումը առանց հետեւողականության երբեք չի հանգեցնի կայուն համակարգի»։

 

2010 ապրիլ`Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ

2013 ապրիլ՝ գնումների եւ նոր փաթեթավորման զարգացման բաժնի ղեկավար

 

Սերգեյը պատմում է, որ Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը գլխավորելու առաջարկն անսպասելի էր, քանի որ խաղողի, գինենյութի, սպիրտի թորման կամ հնեցման մասին գիտելիքները համալիր չէր համարում։ Սակայն ունենալով սկզբունքային մոտեցում հետեւել ընկերությունում պրոֆեսիոնալ  ռեսուրսների բախշման օրվա հրամայականին, հավատում էր, որ առջեւում մի նոր հետաքրքիր էջ է։

 

«Արագ հասկացա, որ հայտնվել եմ հոգեհարազատ միջավայրում, որտեղ մեծ հնարավորություններ կան։ Մի քանի տարվա մեջ թիմի հետ համատեղ ջանքերի շնորհիվ որակական զգալի փոփոխությունների հասանք։ Իմ եւ գործընկերներիս մեջ բացահայտեցի նոր եզրեր, միասին ներդրեցինք կազմակերպչական նոր մոտեցումներ։ Համակարգային լուծումներ տրվեցին, եւ այն պրոցեսները, որոնք շատ բարդ էին թվում, պարզ ու հասկանալի դարձան։ Կառավարման արդյունավետության համար որքան փորձում էի տրոհել ամենաբարդ բիզնես գործընթացները ավելի պարզ ու հասկանալի մասերի, այնքան շատ էի հասկանում, որ այստեղ յուրաքանչյուր մասնիկ մի ամբողջ աշխարհ է, որտեղ չոր բիզնես կատեգորիաների ընդհանուր հայտատարը մարդկային անսպառ ջերմությունն է։  

 

Մի քանի տարի անց ղեկավարիս ասացի, որ, իմ կարծիքով, Արմավիրի մասնաճյուղում ձեռք բերած փորձը եւ կատարած աշխատանքը կարող է վերաիմաստավորվել այլ ուղղություններում։ 2013 թվականի ապրիլին նշանակվեցի գնումների եւ նոր փաթեթավորման զարգացման բաժնի ղեկավար։ Սա իրապես հետաքրքիր ու շատ առումներով նորանոր բացահայտումների շրջան էր ՝ բանակցային սկզբունքորեն նոր մարտահրավերներից ու հմտություններից մինչեւ միջմշակութային լայն շփումներ։ Եվ այսպես մինչեւ 2017-ի ապրիլը, երբ Երեւանի կոնյակի գործարանի արդյունաբերության տնօրեն դառնալու առաջարկ ստացա։  

2017 ապրիլ՝ արդյունաբերության տնօրեն

 

Նոր աշխատանքը հնարավորություն տվեց ծանոթանալ կոնյակի արտադրության այն ուղղությունների հետ, որոնց հետ մինչ այդ շատ չէր առնչվել:

 

«Համակարգում էի մի շարք ուղղություններ՝ գնումներ, նոր փաթեթավորման զարգացում, շարունակական բարելավման գործընթացների կառավարում, տրանսպորտ, լոգիստիկա, պահեստավորման գործընթացներ, կապիտալ ներդրումներ, շշալցում եւ պատրաստի արտադրանքի կառավարում։ Նաեւ համակարգում էի շարք օպերացիոն գործընթացներ։ Տարբեր մասնագիտությունների, տարբեր պահանջների եւ տարբեր աշխատանքային առաջնահերթություններով ուղղորդվող մասնագետներին հարկավոր էր միավորել, ընդունելով յուրաքանչյուրի պրոֆեսիոնալիզմը եւ դրանից բխող մասնագիտական բծախնդրությունը:

Լուսանկարը` ARARAT

Այդ տարիներին առավել քան երբեւե հասկացա, որ կատարելությունը բաղադրյալ հասկացողություն է։ Հայկական պրեմիում ապրանքանիշ ներկայացնելը աշխարհի տասնյակ երկրներում պահանջում է աչալրջություն յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ»։

 

2021 ապրիլ՝ գործադիր տնօրեն

 

«Մի օր էլ ինձ ասացին, որ եկել է ժամանակը, որ վերցնեմ այս պատասխանատվությունը։ Ես ինձ համարում եմ «Արարատի» «զինվոր», որը պատրաստ է լինել այնտեղ, որտեղ պետք է։ Մասնագիտական առումով երջանիկ եմ, որ իմ կողքին միշտ ունեցել եմ ամուր եւ նվիրված թիմ, իսկ առջեւում՝ ղեկավարներ, որոնք ոգեշնչել են եւ հանդիսացել, ինչպես ընդունված է ասել «role model»՝ մենտոր, խորհրդատու, ընկեր: Այս պատասխանատվությունը իր հետ բերեց նաեւ զգայական մի նոր երանգ, երբ այն ամենը, ինչ ոգեշնչել էր ինձ տարիների ընթացքում, հիմա պարտավորեցնում է լինել թիմի համար ոչ միայն ղեկավար, այլեւ օրինակելի թիմակից եւ ընկեր։

 

Վստահ եմ, այսպես կշարունակենք ARARAT-ի վերելքը:

 

Նորարարություն եւ ժառանգություն

 

Սերգեյ Խաչատրյանը համոզված է, որ միայն ժամանակին համընթաց քայլելով կարող ենք պահպանել ժառանգությունը։

 

«Մեր գլխավոր նպատակը եղել եւ մնում է «Արարատի» ինքնության պահմանումը, որպեսզի միշտ ներկայանանք նույն համով ու բույրով։ Բայց ավանդույթը, ըստ իս,  պետք է պարտավորեցնի ու ոգեշնչի, բայց երբեք չկարծրացնի։

Լուսանկարը` ARARAT

Որակի նոր չափանիշների շնորհիվ կարող ենք ասել, որ վստահ քայլում ենք աշխարհի լավագույն արտադրողների կողքին եւ միջազգային մրցույթների ոսկե մեդալները դրա լավագույն ապացույցն են»։

 

Դժվար ժամանակաշրջան

 

«Հիմա մենք ապրում ենք բացարձակ նոր աշխարհում, որը հաճախ համեմատության եզր չունի նախորդի հետ։ Այսօր որոշ իմաստով աշխարհը հիշեցնում է կամակոր դեռահասի։ Փոխվել են մարդկանց նախասիրությունները եւ սովորույթները, նրանց պահանջները, բայց սա սպառողի հետ երկխոսության մեջ բերում է նոր բովանդակություն»։

 

Սերգեյ Խաչատրյանն ասում է, որ «Արարատ Ապրիկոտի» եւ «Արարատ Սուրճի» առաջին տարվա վաճառքի ծավալները գերազանցեցին բոլոր կանխատեսումները։ Եվ դա թիմին ուժ է տալիս հաղթահարել բազմաթիվ դժվարությունները ։

 

«Իմ մոտեցումը սա է՝ մենք ամեն օր նույն բանը չպետք է նույն ձեւով անենք։ Պետք է լինել ճկուն, դա է դիմակայելու եւ հաջողությունների հասնելու գրավականը։ Ինքդ քեզ պետք է ամեն օր կատարելագործես, եւ ինչու ոչ, գերազանցես» ։

 

Սերգեյ Խաչատրյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին