Սելեկտիվ աբորտներ. ահազա՞նգ, թե արդեն հիմնախնդիր Հայաստանի համար - Mediamax.am

exclusive
14215 դիտում

Սելեկտիվ աբորտներ. ահազա՞նգ, թե արդեն հիմնախնդիր Հայաստանի համար


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Վերջին 5 տարում Հայաստանում կատարվել է մոտավորապես 7200 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում (սելեկտիվ աբորտ): Միջին հաշվարկով, տարեկան մեր երկրում չի ծնվում 1400 իգական սեռի երեխա: Այս մասին են վկայում  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հետազոտության տվյալները եւ այդ հետազոտության հիման վրա պատրաստված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը:

 

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 1993 թ.-ից սկսած  Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմել է միջինը 120 տղա` 100 աղջկա դիմաց: Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

 

«Քանի որ 1990-ականների վերջերից ՀՀ ազգային վիճակագրական տվյալներում սկսեց նկատվել նորածինների սեռերի անհամաչափություն,  2011 թ.-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը փորձեց հասկանալ այդ տարբերության պատճառները` անցկացնելով հետազոտություն ՀՀ Առողջապահության նախարարության եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ»,- Մեդիամաքս-ին պատմել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

 

Նրա խոսքով, հետազոտության անցկացումը կարեւոր էր, քանի որ այսօր մի շարք երկրներում, հատկապես Հնդկաստանում եւ Չինաստանում, սեռերի համամասնության մեծ շեղումներ են արձանագրվել: 

 

«Նորածինների սեռերի համամասնության առաջին շեղումը մեզ մոտ նկատվել է 1993 թ.-ից: Այն իր առավելագույն նիշին է հասել  2000-2001 թթ.-ին, երբ մեր երկրում 100 աղջկա դիմաց ծնվում էր 120 տղա: Տարիներ անց այս շեղումը սկսեց աստիճանաբար նվազել, եւ ահա արդեն  4-5 տարի է, ինչ Հայաստանում 100 նորածին աղջկա դիմաց  ծնվում է 114 -115 տղա»,- նշում է Գարիկ Հայրապետյանը:

 

 

Անցկացված հետազոտության համաձայն, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ամենավառն են արտահայտվում  3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում, քաղաքաբնակ, բարձրագույն կրթություն, բարձր եկամուտներ ունեցող (100,000 դրամ եւ ավելի) կանանց շրջանում: Առաջնային ծննդի դեպքում որեւէ նախապատվություն չկա` առաջնեկը  աղջիկ կլինի, թե տղա:

 

Ինչու՞ են հայերը գերադասում տղա երեխաներին

 

Հետազոտության տվյալներով, Հայաստանում տղա երեխա ունենալ ցանկացող ընտանիքները մոտ 6 անգամ ավելի են, քան աղջիկներ ցանկացողները:  Քանակական հարցմանը մասնակից յուրաքանչյուր 5 կնոջից 2-ը նշել են, որ առաջին հղիության ժամանակ ցանկանում էին տղա ունենալ: Մինչդեռ աղջիկ երեխա ցանկանում էր ունենալ միայն ամեն յոթ կնոջից մեկը:

 

Այն հարցին, թե ինչու է ընտանիքը նախապատվություն տալիս տղա, այլ ոչ թե աղջիկ երեխաներին, քանակական հարցմանը մասնակից հարցվողների 39.2%-ը նշել է տղաների` տոհմը շարունակող լինելու հանգամանքը, 30.9%-ը` ունեցվածքի  ժառանգորդ լինելու հանգամանքը:

 

«Ինչու՞ են տղաներին գերադասում աղջիկներից: Կա ընդհանրական մոտեցում` տղամարդկանց դերը մեր հասարակությունում ավելի բարձր է գնահատվում, քան կանանց դերը, եւ դա հանդիպում է բոլոր բնագավառներում: Տղամարդը համարվում է տոհմը շարունակողը: Բացի դա, տղամարդիկ տնտեսապես եւ սոցիալապես ավելի մոբիլ են: Սա մեր պատրիարխալ դաստիարակության հետեւանք է, եւ կարող ենք ասել, որ այս ամենը ցույց է տալիս կանանց  նկատմամբ առկա այն թաքնված հոգեբանական ճնշումը, թե նա անպայման տղա զավակ պետք է ունենա», - ընդգծում է Հայրապետյանը:

 

Հետազոտության շրջանակներում անցկացված որակական հարցազրույցների մասնակիցների պատասխաններից կարելի է եզրակացնել, որ աղջիկների եւ տղաների պարագայում ընտանիքի ներսում տարբերակված վերաբերմունքի հետ կապված առանձնակի խնդիրներ չկան, եւ խնդիրը հետագայում հասարակության մեջ կնոջ ինքնադրսեւորման հեռանկարները եւ կնոջ ավելի խոցելի վիճակն է:

 

Սելեկտիվ աբորտներ. ինչպիսի՞ն կլինինեն հետեւանքները

 

Սելեկտիվ աբորտների մասին Հայաստանում սկսեցին խոսել համեմատաբար վերջերս, չնայած նրան, որ սեռերի անհամամասնության շեղումներ սկսել են նկատվել տարիներ առաջ: Ըստ Գարիկ Հայրապետյանի, մենք արդեն կանգնած ենք խնդրի առջեւ, որը սակայն չենք նկատում: 

 

Նրա խոսքով, սեռերի անհամամասնությունը կարող է բերել մի շարք այլ հիմնախնդիրների` ժողովրդագրական, տնտեսական, հասարակական, բարոյահոգեբանական:

 

Հայրապետյանը նկատում է, որ այս մասին է վկայում իրավիճակը Չինաստանում եւ Հնդկաստանում, որտեղ արձանագրվում է կանանց թրաֆիկինգի, հանցագործությունների թվի աճ: 

 

 

Ինչ է առաջարկում ԵԽԽՎ-ն

 

ԵԽԽՎ-ն 2011 թ. հոկտեմբերին ընդունեց  «Նախածննդաբերական փուլում պտղի սեռի ընտրության մասին» բանաձեւ, որտեղ արձանագրում է սեռերի համամասնության շեղումներ Հայաստանում, Ալբանիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում:

 

Վեհաժողովը նշում է, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է դիտարկվեն որպես հոգեբանական ճնշում կնոջ վրա եւ նախատեսեն քրեական պատասխանատվություն:

 

Բացի այդ, բանաձեւում ասվում է, որ երեխաների սեռը պետք է թույլատրվի ճշտել միայն այն դեպքում, երբ առկա է այդ սեռով պայմանավորված ժառանգական հիվանդությունների փոխանցման վտանգ:

 

Ելնելով վերոնշյալից ` ԵԽԽՎ-ն  կոչ է արել Հայաստանին, Ալբանիային, Ադրբեջանին եւ Վրաստանին.

 

1.    հավաքագրել երեխաների սեռերի համամասնության շեղումների մասին տեղեկատվություն, ուսումնասիրել զարգացումները եւ քայլեր ձեռնարկել համամասնության պահպանման համար:

2.    Խթանել հետազոտություններն այս թեմայով:

3.    Նպաստել, որպեսզի ազգային համապատասխան մարմինները մշակեն ուղեցույց բժշկական անձնակազմի համար, համաձայն որի կարգելվի երեխայի սեռի կանխորոշումը, եթե դա անհրաժեշտ չէ կանխելու սեռով պայմանավորված ժառանգական հիվանդությունները:

4.    Ուսումնասիրել սելեկտիվ աբորտների պատճառները, քայլեր ձեռնարկել հասարակության մեջ կանանց դերի բարձրացման եւ գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ:

5. Մինչ 2015 թ. հունվարը բանաձեւում նշված երկրները պետք է հաշվետվություն ներկայացնեն այս ոլորտում իրականացված աշխատանքի վերաբերյալ:

 

Կնոջ հայացք խնդրին 

 

Հայաստանի երիտասարդ կանանց  ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը գտնում է, որ Հայաստանում  սեռով պայմանավորված  հղիության ընդհատումները նախեւառաջ պայմանավորված են այն կարծրատիպով, թե կինը թույլ էակ է:  «Աղջիկ –տղա երեխաների միջեւ նախապատվությունը ծագում է հենց այդ կարծրատիպից: Սա գիտակցության խնդիր է: Պետք է հասկանալ, որ երեխան երեխա է, եւ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր արժեքը մեր հասարակությունում»,- նշում է Լիլիթ Ասատրյանը:

 

Ըստ նրա, հայկական ընտանիքներում պարտադիր տղա զավակ ունենալու ցանկությունը պայմանավորված է սոցիալական գործոնով եւս:  «Շատ ընտանիքներում որոշում են ունենալ 2 երեխայից ոչ ավելի, եւ ցանկանում են, որպեսզի նրանցից առնվազն մեկը տղա լինի»,- մանրամասնում է Լիլիթ Ասատրյանը:

 

Հայաստանի երիտասարդ կանանց  ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը (անձնական արխիվից)

 

Նրա կարծիքով, արու զավակ ունենալու ցանկությունը բնավ պետք չէ կապել ընտանիքի ավանդականության հետ`հայ կինը միշտ էլ ունեցել է իր դերը հասարակական, պետական կյանքում:

 

«1918-1920 թթ. Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանում  ներկայացված էին 4 կին պատգամավոր, մինչդեռ եվրոպական մի շարք երկրներում կանանց դերի մասին սկսեցին խոսել շատ ավելի ուշ: Կարծում եմ, որ եթե Հայաստանում խտրական վերաբերմունք կանանց հանդեպ կա, ապա դրա հիմնական նպաստողը կանայք են»,- ասում է Ասատրյանը` նշելով, որ հայ կանանց  մեծ մասը սահմանափակում է իր գործունեությունն ընտանիքում` պասիվ կեցվածք որդեգրելով հասարակական, պետական, համայնքային կյանքում:

Սելեկտիվ աբորտների թվի ավելացմանը նպաստող գործոնների շարքում Լիլիթ Ասատրյանը նշում է նաեւ կանանց շրջանում գործազրկության խնդիրը:

 

Նրա գնահատմամբ, խնդրին լուծում տալու համար այսօր կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների աշխատանքներում պետք է անպայման ներգրավել տղամարդկանց, որպեսզի երկու սեռերի ներկայացուցիչների միջեւ տարվեն քննարկումներ, առողջ երկխոսություն, ինչը կօգնի հանդուրժողականություն եւ իրավահավասարություն հաստատել կանանց  եւ տղամարկանց միջեւ:

 

Ինչ է արվում. Հայաստանն արդեն ունի տեղեկատվական բազա սելեկտիվ աբորտների վերաբերյալ

 

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում  իրավիճակը գնահատելու եւ խնդրի էությունը պարզելու համար:  Գարիկ Հայրապետյանը նկատում է, որ ԵԽԽՎ-ն իր բանաձեւում հստակ դնում է 2 խնդիր` արգելել տեղեկատվություն տրամադրել նախածննդաբերական փուլում պտղի սեռի վերաբերյալ եւ կոչ է անում բանաձեւում ընդգրկված երկրներին  հավաքագրել տվյալների տեղեկատվական բազա` հասկանալու, թե ինչպիսին է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հետ կապված իրավիճակն այդ երկրներից  յուրաքանչյուրում:

 

«Իրականացնելով վերը նշված հետազոտությունը` Հայաստանն արդեն  կատարել է այդ  երկու դրույթներից մեկը`հավաքագրել է իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական բազա: Նշեմ, որ Հայաստանն առաջինն է այդ բանաձեւում նշված 4 երկրների (Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Վրաստան) ցանկում, որն արդեն ունի այդ տվյալների բազան»,-  ասել է Գարիկ Հայրապետյանը:   

 

Նրա խոսքով, այս տարի կիրականացվի առավել խորքային հետազոտություն, որը կօգնի կանխատեսումներ անել եւ դրանց հիման վրա ապահովել խորհրդատվություն, որն անհրաժեշտ է  այս խնդրի դեմ պայքարի քաղաքականություն մշակելու համար:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին