Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Պրինսթոնի համալսարանի Գլոբալ պատմության լաբորատորիայի տնօրեն Ջերեմի Ադելմանի եւ Օքսֆորդի համալսարանի Գլոբալ պատմության կենտրոնի համատնօրեն Էնդրյու Թոմփսոնի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Ազգային խորհրդանիշների եւ պատմության շուրջ վեճերը նոր մակարդակի են հասնում. արձաններ տապալելու եւ կազմակերպությունները վերանվանելու ցանկությունն այլեւս չի սահմանափակվում «սովորական կասկածյալներով», ինչպիսիք են Վուդրո Վիլսոնը, Համադաշնության գեներալները եւ Բելգիայի թագավոր Լեոպոլդ Երկրորդը:
Օրինակ ՝ Բրիտանական թանգարանն իր պատվավոր տեղից հանել է թանգարանի հիմնադրի, ստրկատեր սըր Հանս Սլոունի կիսանդրին: «Մենք նրան ցած գցեցինք պատվանդանից», - ասել էր թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը: Դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ Փարիզի շքեղ 6-րդ թաղամասում աչքից հեռու էին պահել Վոլտերի պղծված արձանը՝ հետագա պղծումից պաշտպանելու համար:
Ամբողջ աշխարհում մշակութային արտեֆակտները, որոնք նախկինում տեսանելի էին եւ ոչ մեկին չէին հետաքրքրում, սկսեցին կայսրության կամ ստրկության հետ կապ ունենալու ստուգման ենթարկվել: Բայց Մեծ հատուցման ժամը չի ավարտվի նույնիսկ այն ժամանակ, երբ կհեռացնեն բոլոր նրանց, ում հեռացումն անհրաժեշտ են համարում:
Ավելին, ներկայիս միտումները մեզ ակնհայտորեն հետ են մղում անցյալի հետ իրական հաշտեցումից: Նոր, ներառական ժողովրդի պատմություն ստեղծելու փոխարեն, մենք տեսնում ենք հասարակության տեսությունների ագրեսիվ բախում եւ հակազդեցություն այն երեւույթի դեմ, որը ոմանք խելագար ապագաղութացում են համարում:
Բոլորը, ովքեր կցանկանային նոր կոնսենսուսի հասնել արձանները տապալելուց հետո, հակված են անտեսել ազգային պատմության շուրջ բանավեճի հիմնական կողմը: Անցյալի հետ հաշտեցումը առանձին միջոցառում չէ, այլ շարունակական գործընթաց, հատկապես, երբ խոսքը գնում է խորը, համակարգային տրավմաների մասին: Արձաններ տապալելը կարող է հետաքրքիր լինել մամուլի համար, բայց նմանատիպ քայլերը հազվադեպ են օգնում շտկել հիմքային խնդիրները:
Լուսանկարը` REUTERS
Բացի այդ, ներկայիս փակուղային մշակութային հակամարտությունն ունի ավելի խորը պատմություն, որը ցույց է տալիս, որ իրավիճակը հեշտությամբ շտկելը շատ դժվար կլինի: Արձաններից շատերը, որոնք այսօր հարցեր են առաջացնում, կանգնեցվել էին այն ժամանակ, երբ արեւմտյան երկրները նույնականացնում իրենց հիմնականում տարածքային հավակնությունների ծավալով: Եվ այս իմաստով, մեր հրապարակներում գերակշռող սպիտակ իմպերիալիստները մշտապես փարոս էին ծայրաստիճան նեղ հայացքների համար: Նրանց ներկայությունը մեզ ավելի շատ պատմում ոչ թե իրենց, այլ այն մարդկանց մասին, ովքեր տեղադրել են այդ արձանները:
Այսօր մենք հայտնվել ենք հնացած հայրենասիրական ոճի եւ սպառված բազմակարծության այլընտրանքի թակարդում: Հին ազգային գաղափարախոսությունը, որը հուշարձանների տեղադրման բում էր առաջացրել, ծնվել էր կայսրությունների գագաթնակետին եւ կատարելագործվել էր 20-րդ դարի համաշխարհային պատերազմներում, երբ հերոսների եւ առասպելների ձուլումը միավորող ուժ ուներ: Սակայն, 1960-ականներից սկսած, քաղաքացիական հասարակության շարժումները, ֆեմինիզմը եւ ներգաղթյալների հոսքը դրդեցին արեւմտյան հասարակություններին ավելի ներառական դառնալ, եւ հայրենասիրության հին խորհրդանիշները սկսեցին ավելի ու ավելի անտեղի թվալ:
Հին հայրենասիրական գաղափարախոսություն դուրս մղած բազմակարծության այլընտրանքի հիմքում հետեւյալ գաղափարներն էին. թող ծաղկեն բազմաթիվ հայացքներ, թող հայտնվեն նոր ձայներ եւ թող բազմազանությունը լինի համակեցության ուղին: Բայց բազմակարծության գաղափարները երբեք այնքան հզոր չէին, որքան նախկին տեսակետները: Հանդուրժողականությունը հազվադեպ էր բերում աշխարհին ուրիշի աչքերով նայելու ունակությանը, հետեւապես, քանի դեռ հին կարգի խորհրդանիշները մնում էին իրենց պատվանդաններին, մարգինալացված բնակչության դժգոհությունն անխուսափելիորեն պետք էր աճեր: Երբ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո փլուզվեց գլոբալիզացիայի շուրջ փխրուն կոնսենսուսը, փլուզվեց նաեւ փխրուն բազմակարծիք համակարգը:
Լուսանկարը` REUTERS
Եվ հիմա մենք հայտնվել ենք փակուղում: Հին հայրենասիրության համառ պաշտպանները զգում են, որ իրենց աշխարհը չքանում է, իսկ նոր պանթեոնի պաշտպանները նախորդ պանթեոնը տեսնում են որպես ճնշող հիերարխիայի, այլ ոչ թե միասնության աղբյուր: Յուրաքանչյուր կողմ իրեն վիրավորված է զգում, նրանք պատմությունը զենքի են վերածում ՝ մտնելով առճակատման մեջ, որում «իմ պատմությունը վիճում է ձեր պատմության հետ» եւ որտեղ հաղթողը ստանում է ամեն ինչ:
Արձանների հետ հաշիվներ մաքրելու Մեծ օրը շանթարգելի դեր է խաղում հասարակական լայն հիասթափության համար: Անցած տասնամյակի ընթացքում՝ անգամ մինչեւ Covid-19-ի համաճարակը, խորացող քաղաքական, միջսերնդային եւ աշխարհագրական բեւեռացման պայմաններում, վերացրեց դեպի նոր, ավելի պայծառ ապագա շարժվելու առաջընթացի զգացողությունը:
Ինչպե՞ս կարող ենք դուրս գալ այս փակուղուց: Թանգարանների, ինչպես եւ համալսարանների նպատակը պետք է լինի անցյալի վերաբերյալ բաց եւ ներառական, բայց միեւնույն ժամանակ քննադատական երկխոսության խթանումը: Իսկ դա պահանջում է մրցակցային տեսակետների փոխանակում, ուստի խոսքը չի գնում «անվտանգ վայրի» մասին: Բայց այդպիսի փոխանակումը չի կարող տեղի ունենալ առանց մյուս կողմի բողոքների եւ կորուստների փոխադարձ ճանաչման:
Եթե մենք չենք ցանկանում անցյալի գերիներ դառնալ, ապա պետք է գիտակցենք, որ նույն պատմությունները ոմանց համար նվաճումների եւ հայտնագործությունների պատմություններ են, իսկ ոմանց համար էլ՝ հպատակեցվելու
եւ շահագործվելու:
Լուսանկարը` REUTERS
Հաշտեցումը երկկողմանի երթեւեկ ունեցող փողոց է: Հայրենասիրության ավանդական պաշտպանները պետք է հասկանան, որ իրենց առասպելները հերքում են այլ մարդկանց, իսկ նրանց քննադատները պետք է ընդունեն այն դժվարությունները, որոնք այժմ ապրում են ընկածները, որոնք տեսնում են, թե ինչպես է իրենց պատմությունը վայր նետվում պատվանդանից: Հեշտ չէ ընդունել, որ հպարտության երկար տարիների աղբյուրը հանկարծ պետք է ամոթի առարկա դառնա: Հստակ է, որ հին գաղափարախոսության պաշտպանները դիմադրում են փոփոխություններին:
Իհարկե, վեճեր կլինեն այն մասին, թե ով է ավելի մեծ վեհություն ցուցաբերում Մեծ հատուցման այս ժամին: Հին հայրենասե՞րը, որին խնդրում են հերոս գեներալին նայել որպես մարդկանց ճնշող մի անձնավորության, թե՞ ճնշվողները, որոնց խնդրում են հասկանալ, որ իրենք միայնակ չեն վճարում այս մշակութաբանական փակուղին հաղթահարելու գինը: Այս մասին կարող ենք վիճել: Բայց նման տարաձայնությունները շատ ավելի լավ են, քան այն անհանդուրժողականության ցուցադրությունը, որը հիմա գերակշռում է հանրային տարածքում:
Copyright: Project Syndicate, 2020.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: