Լեզուն, ըմբռնելու խորությունը եւ ԽՍՀՄ ժառանգությունը - Mediamax.am

exclusive
3860 դիտում

Լեզուն, ըմբռնելու խորությունը եւ ԽՍՀՄ ժառանգությունը


Լուսանկարը` DEA/G. DAGLI ORTI/Getty Images

Հասան Հուսեյնովը
Հասան Հուսեյնովը

Լուսանկարը` Jeremy Segrott

Միրիտ Բեն-Նունի գեղանկարը
Միրիտ Բեն-Նունի գեղանկարը

«Գոյատեւման դպրոց. փորձը կա» առցանց դասախոսությունների շարքի շրջանակում բանասեր, բանասիրության, քաղաքականության, մշակույթի պատմության եւ գրականության մասին գրքերի հեղինակ Հասան Հուսեյնովը հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված գլոբալ ճգնաժամի եւ փոփոխությունների դարաշրջանում լեզվի տրանսֆորմացիաներին:

 

Հուսեյնովն այն գործիչների շարքում էր, որոնք 2014-ին դիմում էին ուղարկել Նոբելյան հանձնաժողով՝ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին «Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ թշնամությունը հաղթահարելու գործում իր զարմանալի քաջության համար» Նոբելյան խաղաղության մրցանակին առաջադրելու համար:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հուսեյնովի առցանց դասախոսության առավել ուշագրավ հատվածները:

 

Ժողովուրդները ողջ են մնում, իսկ լեզուները մահանում են

 

Լեզվի եւ հասարակության գոյատեւման հարցը կենտրոնական խնդիր է, եւ այստեղ համընդհանուր պատասխան չկա: Ավելին՝ կան պատմություններ այնպիսի էթնիկ համայնքների եւ ժողովուրդների մասին, որոնք ողջ են մնում, իսկ նրանց լեզուն վերանում է:

 

Օրինակ՝ իդիշը, որով խոսում էին Ռուսաստանում, Գերմանիայում, Ավստրո-Հունգարիայում, Լեհաստանում բնակվող հրեաները: 19-րդ դարում գրեթե ամբողջ հրեական Արեւելյան Եվրոպան (մոտ 1 միլիոն մարդ) խոսում էր այդ լեզվով: Եվ եկավ պահը, երբ լեզուն՝ Արեւելյան Եվրոպայի հրեաների մեծամասնության հետ, վերացավ:  Իհարկե, այս լեզվով գրականություն կա, եւ կան մարդիկ, ովքեր մասամբ պահպանել են այն, բայց, այնուամենայնիվ, իդիշը հազիվ է գոյատեւում:

 

Ինչպես փրկել լեզուն

 

Կան լեզուներ, որոնցով խոսում եւ գրում են սակավաթիվ ազգեր: Սակայն՝ այդ լեզուներով թարգմանվում է ամբողջ համաշխարհային գրականությունը: Այս առումով լեզուն գոյատեւում է թարգմանիչների հաշվին: Մայրենիի միջոցով մարդիկ

հաղորդակցվում են համաշխարհային մշակույթի հետ: Սա լեզվի գոյատեւման հիմնական եղանակներից մեկն է:

Հասան Հուսեյնովը Հասան Հուսեյնովը

 

Նա, ով ցանկանում է, որ իր երեխաներն ու թոռները խոսեն մայրենի լեզվով, պետք է այդ լեզվի համար ինչ-որ բան անի՝ գնի եւ կարդա այդ լեզվով գրքեր, տանը մայրենի լեզվի բառարաններ ունենա:

 

Ըմբռնելու խորությունը

 

Բանասիրության մեջ կա «ըմբռնելու խորություն» եզրույթ. դա մարդու ունակությունն է հասկանալ տարիներ առաջ գրված գրական տեքստը: Եթե մենք հասկանում ենք Գոնչարովի կամ Տուրգենեւի տեքստը, ամեն ինչ կարգին է: Բայց հենց որ մենք սկսենք մակերեսորեն հասկանալ տեքստի իմաստը կամ չհասկանալ այս կամ այն բառի նշանակությունը, դժվարություններ են ի հայտ գալիս:

 

Լեզուն տիրապետելու առումով մարդիկ բաժանվում են մի քանի խմբի: Կան մարդիկ, որոնք 200-250 տարի «խորությամբ» են հասկանում մայրենի լեզուն, բայց կան նաեւ այնպիսիք, ում մոտ այդ ցուցանիշը չի գերազանցում 10-15 տարին: Վերջին խմբի մարդիկ միշտ գտնվում են ճգնաժամի մեջ: Այլ կերպ ասած՝ մենք ապրում ենք մի հասարակությունում, որի մի մասը միշտ գտնվում է ճգնաժամային վիճակում, քանի որ այն չի հասկանում կամ սխալ է մեկնաբանում այն մարդկանց լեզուն, որոնք ապրել են 50 կամ 40 տարի առաջ:

 

ԽՍՀՄ-ի ժառանգությունը

 

ԽՍՀՄ–ում միշտ մտավախություններ կային, որ սեփական լեզվի եւ մշակույթի զարգացումը կարող է նպաստել կենտրոնախույս ձգտումներին: Բայց պարզվեց, որ այդ ձգտումներն այդքան էլ կախված չեն լեզվից: Հետխորհրդային տարածքում ձգձգված ճգնաժամի հիմնական յուրահատկությունն այս խնդրի քննարկման բացակայությունն է: Եթե այս հարցը ուսումնասիրվեր պատմական, այլ ոչ թե քաղաքական տեսանկյունից, Ռուսաստանում կհասկանային, որ որոշակի երկրում ռուսաց լեզվի առկայությունը պետականի կարգավիճակով ամենեւին չի նշանակում, որ այնտեղ է «նույնպես Ռուսաստան է»:

 

Նախկին խորհրդային հանրապետություններում էլ կհասկանային, որ ռուսախոս մարդիկ ամենեւին էլ «Կրեմլի գործակալներ» կամ «հինգերորդ շարասյուն» չեն:

 

Լեզվի հարստացում vs պարզեցում

 

Կան ճգնաժամեր, որոնք մարդկանց մեծ զանգվածները վերապրում են տարբեր կերպ. նրանք ունեն տարբեր լեզվական գործիքներ՝ այդ ճգնաժամերը հաղթահարելու համար: Մարդիկ սկսեցին սովորել այլ լեզուներ, հատկապես՝ անգլերենը, որը դարձավ գիտական ու տեխնոլոգիական հեղափոխության եւ շարժունության լեզուն:

Լուսանկարը` Jeremy Segrott

Շատերի համար լեզվի հարստացման եւ «ազատագրման» զգացումը վերածվել է սարսափի զգացման: Այն քաղաքական արձագանքը, որի ականատեսն ենք դառնում («մենք ունենք մեր ճանապարհը», «արեւմտյան ամեն ինչը վատն է»), բավականին հասկանալի է: Ավելի պարզ հարաբերությունների մի աշխարհից մարդիկ ընկան ավելի բարդ հարաբերությունների աշխարհ: Առնվազն անվանական արդարության աշխարհից նրանք հայտնվեցին անարդարության աշխարհում, եւ լեզուն մեծ դժվարությամբ է հասցնում այդ փոփոխությունների հետեւից:

 

Սուր զենք

 

Լեզուն իսկապես շատ սուր զենք է. այն միայն պտուտակահան չէ, այլեւ դաշույն է: Եվ այստեղ անհնար է խուսափել ցավոտ հետեւանքներից: Երկխոսության մթնոլորտը, որում պետք է լինի հասարակությունը կրիտիկական իրավիճակից դուրս գալու համար, անխուսափելիորեն ենթադրում է հոգեբանական կորուստներ: Բայց միեւնույն ժամանակ՝ մենք բոլորս մնում ենք նույն սոցիալական ամբողջության տարրերը եւ պետք է հաշվի առնենք միմյանց շահերը: Մարդկությունը դեռեւս այլ միջոց չի մշակել:

 

Հռետորաբանությունն ու բանավեճի կանոնները

 

Մենք հաճախ կարծում ենք, որ հռետորաբանությունն ինչ-որ մեկի «գլուխն արդուկելու» արվեստ է: Բայց երկխոսությունը ենթադրում է այնպիսի միջավայր եւ պայմաններ, որտեղ տարբեր մարդիկ հնարավորություն ունեն ձեւակերպել եւ փոխանցել ուրիշներին իրենց գաղափարների եւ արժեքների հավաքակազմը, ինչը շատ կարեւոր է: Յուրաքանչյուրն ունի իր սեփականն, ուստի այստեղ անհրաժեշտ է փոխզիջում փնտրել:

Միրիտ Բեն-Նունի գեղանկարը Միրիտ Բեն-Նունի գեղանկարը

 

Հռետորաբանության երեք տեսակ կա՝ դատական հռետորաբանություն, որը վերլուծում է անցյալը, քաղաքական հռետորաբանություն, որը պատկերում է ապագայի հեռանկարները, եւ անժամկետ հռետորաբանություն, որ մարզում է մեր ուղեղը: Բոլոր երեք տեսակները ժամանակակից մարդուց պահանջում են հղկել խոսքը, հնարավորինս ուսումնասիրել լեզուն, մշակել լեզվական ձեւեր, որոնք թույլ կտան մեզ հասկանալ` ինչ է տեղի ունեցել 20, 30, 50 տարի առաջ:

 

Գրի առավ Սոնա Միրզոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին