Հայկական ԱԷԿ-ը 65 օրով անջատվել է էներգահամակարգից - Mediamax.am

2785 դիտում

Հայկական ԱԷԿ-ը 65 օրով անջատվել է էներգահամակարգից


Լուսանկարը` http://www.dialogorg.ru/


Երեւան: Մեդիամաքս: Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգումը:

Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վրա աշխատանքները կտեւեն 65 օր:

 

Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման եւ արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով, հայտնել են «Ռոսատոմ Արեւելյան Եվրոպա» ընկերությունից:

 

Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ վերանորոգումը համատեղում է կայանի արդիականացման եւ անվտանգության հետագա բարձրացման հետ, քանի որ աշխատանքների մեծ մասը հնարավոր է իրականացնել միայն բլոկի կանգնեցման պայմաններում:

 

«Ֆիզիկապես բոլոր հիմնական գործողությունները կկատարենք 2021 թվականին, ընթացիկ տարին օգտագործվելու է ռեակտորի ակտիվ գոտու հովացման վթարային համակարգի արդիականացման նախապատրաստման եւ ռեակտորի կորպուսի մետաղի վերականգնողական թրծման համար, ինչը թույլ կտա 80-85% վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը: Սա կարեւոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգության աստիճանի բարձրացման համար », - ասել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

 

2019 թվականին անցկացվել են աշխատանքներ ռեակտորի արտադրամասում, իրականացվել է մեքենայական արտադրամասի սարքավորումների համապարփակ արդիականացում եւ փոխարինում, ավարտվել է համակարգերի եւ սարքավորումների նախագծումը, հետազոտվել է ռեակտորի իրանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին