Թորոսյանը պարզաբանել է վարակից առողջացածների թվի աճը - Mediamax.am

3712 դիտում

Թորոսյանը պարզաբանել է վարակից առողջացածների թվի աճը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ վերջին օրերին կորոնավիրուսից առողջացածների թվի աճը պայմանավորված է տնային բուժում ստացող վարակակիրների 14-օրյա ինքնամեկուսացումից դուրս գալով:

«Ասիմպտոմներ կամ թեթեւ սիմպտոմներ ունեցող քաղաքացիներին մայիսի կեսերից տեղափոխեցինք տնային հսկողության ու խնամքի: Այնպես ստացվեց, որ մոտ 1 000 հոգի համակարգում չնշվեցին որպես առողջացածներ եւ գնացին 14-օրյա տնային ինքնամեկուսացման: Այդ ընթացքում մենք բուժված համարել ենք միայն այն քաղաքացիներին, որոնք ուղիղ հիվանդանոցներից էին դուրս գրվում՝ կրկնակի բացասական թեստավորումով:

 

Իսկ հիմա առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են 14 օրվա ավարտն ու տներում ինքնամեկուսացված քաղաքացիների բուժված լինելու հանգամանքը: Տնային բուժում ստացողները վերջնական թեստավորում չեն անցնում, այլ ուղղակի 14 օրը լրանալուց հետո համարվում են առողջացած:

 

Նույնը տեղի է ունենալու նաեւ նոր արձանագրված դեպքերի հետ, որոնք ընդհանրապես հիվանդանոցային համակարգ չեն ընդունվում»,- մանրամասնել է նախարարը:

 

Նա ասել է, որ առողջացածների վաղվա թիվը այսօրվա 352-ից շատ ավելի մեծ կլինի:

 

Արսեն Թորոսյանի խոսքով՝ «սա ռազմավարության փոփոխության արդյունք է, ոչ թե հակահամաճարակային պրոցեսի ճեղքում»:

 

Թորոսյանն ասել է, որ երեկվա ու այսօրվա արձանագրվող ցածր թվերից չպետք է թուլանալ:

 

«Գործողությունների մեր ընդհանուր տրամաբանությունը դեռ երկար պետք է մնա վարակի զսպումը, ինչը հնարավոր է հակահամաճարակային կանոնների խստորեն պահպանման դեպքում»,- հավելել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին