Ներկայացվել են Հայաստանում թեստերի արտադրության մանրամասները - Mediamax.am

6668 դիտում

Ներկայացվել են Հայաստանում թեստերի արտադրության մանրամասները


Արսեն Առաքելյանը
Արսեն Առաքելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում COVID-19 վարակի ախտորաշման թեստերի արտադրությունը հիմնված է լինելու միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից ընդունված ախտորոշիչ տեխնոլոգիաների վրա:

Այս մասին այսօր լրագրողներին ասել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը՝ նշելով, որ այս պահին անհրաժեշտ է ձեռք բերել նյութեր ու հիմքեր, ինչի նպատակով արդեն բանակցում են մի շարք երկրների արտադրողների հետ: 

 

«Արտադրությունը կազմակերպելու երկու եղանակ կա՝ արտասահմանից սարքավորումների ներկրում եւ Հայաստանում՝ լաբորատոր պայմաններում արտադրություն: Գործընթացը զուգահեռ է լինելու: Անհրաժեշտ սարքավորումներ մենք ունենք, ամեն դեպքում հիմա ուսումնասիրում ենք այնպիսի սարքավորումների ձեռքբերման հնարավորությունը, որոնք կարող են արագացնել գործընթացը»,- ասել է Արսեն Առաքելյանը:  

 

«Թեստերը նախատեսված են լինելու վարակի՝ Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) մեթոդով ախտորոշման համար: Կառավարության հատկացրած ֆինանսական միջոցներն ուղղվելու են հիմքերի եւ նյութերի ձեռքբերմանը»,- ասել է Արսեն Առաքելյանը: 

 

Նա նշել է, որ նախաձեռնության նպատակն է փորձել ստանալ ավելի մատչելի թեստեր, դեֆիցիտի պայմաններում կազմակերպել թեստերի բավարար քանակով անխափան մատակարարում եւ արագ արձագանքել պահանջարկի առաջացմանը:

 

«Մենք քննարկում ենք արտադրության հետ կապված նախապատրաստական եւ ֆինանսակազմակերպական, տեխնիկական հարցերը, միաժամանակ ինստիտուտում իրականացվում են արտադրության ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներ: Ինստիտուտն ունի նմանատիպ աշխատանքների մեծ փորձ, գիտական եւ տեխնիկական ներուժ: Մեր ինստիտուտի հետազոտությունների մեծ մասում օգտագործվում են նույն PCR մեթոդները, եւ մեր գիտական հետազոտությունների համար թեստերը մշակվում են հենց ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից: Մենք այդ փորձը կներդնենք այս նախագծի մեջ, ինչը կապահովի դրա հաջող իրականացումը»,- ասել է Արսեն Առաքելյանը:

 

Ինստիտուտն ունի թեստերի արտադրության համար պահանջվող ենթակառուցվածքն ու սարքավորումները, իսկ արտադրվելիք թեստերի որակի ստուգման մի քանի մեխանիզմներ կան՝ դրական ստուգիչ նմուշների ստուգումից մինչեւ Հայաստանում արդեն առկա կրկնակի ստուգումները: Թեստերը, որոնք ինստիտուտն է առաջարկել արտադրել, լիովին նման են լինելու այս պահին Հայաստանում օգտագործվող թեստերին: 

 

Արսեն Առաքելյանի խոսքով՝ տեխնոլոգիական գործընթացը բարդ չէ, եւ նյութերի ձեռքբերումից հետո արագ կկարողանան սկսել արտադրությունը: Սկզբնական շրջանում որոշակի ժամանակ կպահանջվի փորձարկումների եւ որակի վերահսկման համար: 

 

Մեդիամաքսի հարցին, թե օրական քանի՞ թեստ արտադրելու ներուժ ունի ինստիտուտը, Արսեն Առաքելյանը պատասխանել է.

 

«Ունենք բավականաչափ ներուժ, բայց բուն արտադրական պրոցեսը սկսելուց հետո այդ հարցերը շատ ավելի պարզ կդառնան»: 

 

Արսեն Առաքելյանն այս պահին ընդհանուր ծախսերի ծավալ չի նշել՝ ասելով, որ դա կախված է մի շարք գործոններից, դաշտն ուսումնասիրվում է՝ ամենահուսալի եւ մատչելի տարբերակը գտնելու համար: 

 

Անդրադառնալով կառավարության որոշմանը, ինստիտուտի տնօրենն ասել է, որ հաճախ գիտնականներն առաջարկներ են ներկայացնում, բայց հետադարձ կապը չի ստացվում: 

 

«Մեր այս առաջարկության վերաբերյալ կառավարության որոշումը շատ մեծ առաջընթաց է, եւ ուրախ ենք, որ համագործակցության կամուրջը ստեղծվեց»,- ասել է Արսեն Առաքելյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին