Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ առաջընթաց է գրանցել - Mediamax.am

Դեկտեմբեր 22, 2025
5272 դիտում

Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ առաջընթաց է գրանցել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Transparency International-ն այսօր հրապարակել է 2019-ի Կոռուպցիայի ընկալման վարկանիշը, որում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 77-րդ տեղը՝ 2018-ի 105-րդ հորիզոնականի համեմատ:

 

Վարկանիշում երկրները դասակարգվում են 0-ից 100 միավորային համակարգում, որտեղ 0-ն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը:

 

2019-ին Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմել է 42 միավոր՝ 2018-ի 35-ի համեմատ:

 

«Հայաստանը 2019-ին բավականին աճ ունի, 2013-ից այսպիսի աճ չէր գրանցվել: Դա հիմնականում կապվում է 2018-ի հեղափոխության եւ նոր խորհրդարանի ձեւավորման հետ: Բայց, միեւնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ չնայած այդ դրական զարգացումներին, շահերի բախումը եւ հանրային ոլորտում ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու գործողությունները շարունակում են մնալ խոչընդոտներ: Այս համաթիվն այնքան փայլուն չէ. եթե 50-ը վերցնում ենք սահման, ապա դեռ անելիք շատ ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

 

Վարկանիշի հրապարակմանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

 

«2020 թվականին մենք պետք է կենտրոնանանք հակակոռուպցիոն ոլորտի ուղղությամբ, որն ուղղակիորեն կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ, որպեսզի վերջնականապես ճեղքենք այն շղթան, այն սահմանը, որը մեզ պահում է, այսպես ասած, միջին երկրների շարքում: Սա, իհարկե, մեզ որևէ կերպ չի բավարարում»:

 

Վարկանիշում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Նոր Զելանդիան (87) Դանիան (87 միավոր) եւ Ֆինլանդիան (86): Կոռուպցիայի ընկալման համաթիվն ամենաբարձրը Սոմալիում է (9 միավոր), Հարավային Սուդանում (12) եւ Սիրիայում (13):

 

Տարածաշրջանի երկրներից ամենաբարենպաստ դիրքում Վրաստանն է, որը 56 միավորով հայտնվել է 44-րդ հորիզոնականում:

 

Թուրքիան 39 միավորով 91-րդն է, Ադրբեջանը՝ 126-րդը (30 միավոր), Իրանը՝ 146-րդը (26 միավոր):

 

Բելառուսն այս տարի ստացել է 45 միավոր (66-րդ տեղ): Ռուսաստանը 28 միավորով 137-րդն է, իսկ Ղազախստանը՝ 113-րդը (34 միավոր): 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին