Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանի նոր ցուցասրահը այցելուներին հաղորդակից կդարձնի հայկական մշակույթին։ Հատուկ ցուցասրահի՝ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած բացումը նշանավորվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի «Հայաստանի հրաշք գանձերը» ցուցադրությամբ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Արարատ» թանգարանի ղեկավար Առնո Թադեւոսյանը նշել է, որ հատուկ ցուցասրահի նպատակը Երեւանի կոնյակի գործարան այցելող զբոսաշրջիկներին հայկական մշակույթին ծանոթացնելն է։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սա «Արարատ» թանգարանի հերթական մշակութային միջոցառումն է, որը սակայն առանձնահատուկ է իր ձեւաչափով։ Ցանկացել ենք ստեղծել մի կամուրջ, որը կօգնի մեր այցելուներին ճանաչել Հայաստանը նաեւ իր մշակույթով։ Այսօր ներկայացված է մեկ նկարի պատմություն, որը հրաշալի օրինակ կդառնա այլ հայ արվեստագետների հետ համագործակցության համար»,- մանրամասնել է նա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցադրված «Հայաստան» ստեղծագործությունը արվեստասերներին ներկայանում է մի նկարի պատմություն ձեւաչափով։ Նկարի կողքին կարելի է տեսնել հեղինակի աշխատանքն արվեստանոցում, այն էսքիզներն ու նոթերը, որ արվել են նախքան ամբողջական պատկերի ստացումը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմել է, որ մեկ թղթի վրա Հայաստանը «տեղավորելու» գաղափարը «Արարատ» թանգարանինն էր։ Առաջադրանքը թեեւ հեշտ չէր, բայց նկարչին հաջողվել է ստանալ այսօրվա Հայաստանը բնորոշող պատկերներից բաղկացած մեկ ընդհանուր կոմպոզիցիա։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես ուզում էի նկարել Հայաստանը շատ ուրախ գույներով։ Մեր շուրջը գորշությունը, մուգ գույները, տխրությունն անպակաս են։ Մեր երկրում կան շատ վառ ու լուսավոր կետեր, պարզապես դրանք տեսնելու համար միայն աչքերը բավարար չեն, անհրաժեշտ է նաեւ զգալ այն միջավայրը, որում ապրում ես»,- ասել է Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հեղինակի խոսքով՝ նկարը ռեալիստական է, սակայն այդ կերպ Հայաստանը տեսնելու համար անհրաժեշտ է փոքր-ինչ ջանք գործադրել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նկարի աջ եւ ձախ կողմերում ժայռեր են, վերեւի հատվածում՝ լեռներ, կենտրոնում՝ Արարատն ու Արագածը, իսկ ներքեւում պատկերված է հայկական զարդանախշերով գոտի։ Միջնամասում էլ կարելի է գտնել Հայաստանի տարբեր տարածաշրջաններ՝ զանազանելով դրանք պատմամշակութային կոթողների պատկերների օգնությամբ։
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: