ՀՀ նախագահը զգուշացրել է անօրինական որոշումներ կայացրած քննիչներին, դատախազներին ու դատավորներին - Mediamax.am

1800 դիտում

ՀՀ նախագահը զգուշացրել է անօրինական որոշումներ կայացրած քննիչներին, դատախազներին ու դատավորներին


Նախագահն այսօր խորհրդակցություն էր հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ
Նախագահն այսօր խորհրդակցություն էր հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դժգոհություն է հայտնել դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքից:

Նախագահն այսօր խորհրդակցություն էր հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ:

 

«Բազմիցս նշել էինք, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն մեր հանրության վստահությունը համակարգի նկատմամբ: Եվ ճանապարհն այն էր, որ մենք վեր հանեինք, վերացնեինք այն խնդիրները, որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը:  Հանրային վստահությունը երեւակայական բան չէ. այն չափելի է, հանգիստ կարելի է ուսումնասիրել եւ եզրակացությունների գալ: Տրվել էին հանձնարարականներ, ներկայացվել էին առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը: Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, եւ մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում»,-ասել է Սերժ Սարգսյանը:  

 

Նախագահն ասել է, որ քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների:

 

“Ընդ որում, նման երեւույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա թերություններն ու խախտումներն ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը: Կան երեւույթներ, որոնք խնդիրը դարձնում են համակարգային»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 

ՀՀ նախագահը կարեւորել է ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները: Սերժ Սարգսյանը նաեւ առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին