Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն այսօր ներկայացրել է պետության կողմից երաշխավորված Արտոնյալ եւ անվճար պայմաններով անպտղության բուժման եւ հաղթահարման ծրագրի մեկնարկի մանրամասները։
Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակում իրականացվելու են.
- անպտղության պատճառագիտության ախտորոշում եւ բուժում,
- մինչեւ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ,
- ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում՝ առավելագույնը 6 փորձ,
- արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ` սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ եւ 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:
Արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50% մասնակցությամբ:
Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի եւ դոնորական սերմնաբջիջների համար ծախսերը, դրանք կատարում է շահառուն:
Ծրագրում ներգրավվելու համար շահառուները կարող են դիմել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Աստղիկ», Շենգավիթ բժշկական կենտրոններ, «Ֆերտիլիթի» պտղաբերության կենտրոն։
Կազմակերպություններում գործող հանձնաժողովն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում եւ տալիս եզրակացություն բուժման տեսակի վերաբերյալ, ընդ որում, ծառայությունները մատուցվում են՝ ըստ շահառուների դիմումների էլեկտրոնային միասնական գրանցման հաջորդականության:
Մերժման հիմքերի վերացման դեպքում դիմումատուն կարող է կրկին դիմել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: