Օգոստոսին Բյուրականում կարելի է աստղաթափի ականատես լինել - Mediamax.am

3211 դիտում

Օգոստոսին Բյուրականում կարելի է աստղաթափի ականատես լինել


Լուսանկարը` https://theknow.denverpost.com


Երեւան: Մեդիամաքս: Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 10, 11, 12-ին կարելի է ականատես լինել Պերսեիդների ասուպային հոսքին:

Երկնային այս երեւույթի կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում հնարավոր կլինի մասնակցել «Վտանգավոր աստղակերպեր» խորագրով դասախոսությանը, որը կվարի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ուշ երեկոյան հնարավոր կլինի կատարել մոլորակների եւ այլ երկնային մարմինների դիտումներ:

 

Աստղադիտարանում բացատրել են ասուպային հոսք երեւույթը.

 

«Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երեւույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրեւներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր» անվանումով: Նման դեպքերում 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է»:

 

Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին եւ ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը Պերսեոս համաստեղության ուղղությամբ է, որտեղից էլ եւ ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, եւ սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է:

 

Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին