Ներկայացվել են «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմ-ակնարկները - Mediamax.am

7490 դիտում

Ներկայացվել են «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմ-ակնարկները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Բեյրութում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:

Գաղափարը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հիմնադիր, լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: 

 

«Այս նախաձեռնությունը նպատակ ունի սերունդների մեջ վառ պահել երբեմնի հզոր եւ հպարտ թագավորության ժառանգները լինելու գաղափարը։ Կիլիկիայի պատմությունը ներկայացնող ժապավենը մեծ արձագանք կգտնի հատկապես լիբանանահայերի ու աշխարհասփյուռ հայերի շրջանում, քանի որ նրանց մեծամասնությունն իր արմատներով հենց այնտեղից է սերում։ Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «ԳՈՀԱՐ»-ի համերգների ժամանակ, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքերում»,- ասել է Հարութ Խաչատուրյանը։

 

Երեք ֆիլմ-ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից եւ հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի թագավորական դինաստիաների 300-ամյա պատմությանը: 

 

Ֆիլմ-ակնարկների ռեժիսորն է Աշոտ Առաքելյանը:

 

Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչեւ ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լեւոն Մեծագործի գահակալումը:

 

Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լեւոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի եւ Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։

 

Երրորդ՝ 1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լեւոն III-ի գահակալման տարիները,  չորս կողմից կեղեքվող Կիլիկիան եւ վերջին թագավոր Լեւոն V Լուսինյանին, ում հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։ 

 

Մոտ ապագայում ֆիլմ-ակնարկների պրեմիերան տեղի կունենա Հայաստանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին