Ռուսաստանում հայերը թվաքանակով 6-րդն են` մոտ 1.2 մլն - Mediamax.am

64029 դիտում

Ռուսաստանում հայերը թվաքանակով 6-րդն են` մոտ 1.2 մլն


Լուսանկարը` http://home.samgtu.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի պետական վիճակագրական դաշնային ծառայությունը հրապարակել է Ռուսաստանում 2010-ին անցկացված մարդահամարի վերջնական արդյունքները, համաձայն որոնց նախավերջին մարդահամարից (2002թ.) հետո այդ երկրի բնակչությունը նվազել է 2.3 մլն-ով եւ կազմել 142.8 մլն:

Ըստ РБК-ի, ՌԴ-ում բնակվող ամենամեծ ազգությունը ռուսներն են (111 մլն), որոնց թիվը վերջին 8 տարում կրճատվել է 4 մլն-ով: Փոխարենը աճում են կովկասյան ազգերը, որոնցից ամենամեծաթիվը չեչեններն են (1.43 մլն):

 

Հայերի թիվը Ռուսաստանում, մարդահամարի տվյալներով, կազմել է 1 մլն 182.4 հազ. (բնակչության 0.86%): Թվաքանակով հայերը Ռուսաստանի 6-րդ ազգն են՝ ռուսներից, թաթարներից, բաշկիրներից, ուկրաինացիներից, չեչեններից եւ չուվաշներից հետո: Ռուսաստանաբնակ հայերի թիվը գրեթե կրկնակի գերազանցում է ադրբեջանցիներինը (603 հազ.) եւ ավելի քան 7 անգամ վրացիներինը (157.8 հազ.):

 

11.5 մլն բնակչություն ունեցող Մոսկվայում ապրում է 106.5 հազ. հայ, 57.1 հազ. ադրբեջանցի եւ 39 հազ. վրացի: Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում հայերը թվով երկրորդ ազգությունն են ռուսներից հետո՝ կազմելով այդ երկրամասերի ընդհանուր բնակչության 5-6%-ը: Այսպես՝ Կրասնոդարի երկրամասում ապրում է 281.7 հազ., իսկ Ստովրոպոլի երկրամասում՝ 161.3 հազ. հայ:  

 

Բոլոր դաշնային օկրուգներից բնակչության աճ արձանագրվել է միայն Կենտրոնականում (38.4 մլն, աճը՝ 0.4 մլն) եւ Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգում (9.4 մլն, աճը՝ 0.5 մլն)

Կանանց թիվը ՌԴ-ում գերազանցում է տղամարդկանցինը 10.8 մլն-ով: Բացի այդ, բնակչությունը շարունակում է ծերանալ. երկրի բնակչության միջին տարիքը կազմում է 39 տարեկան՝ նախկին 37,7-ի փոխարեն:

 

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքները կհրապարակվեն 2012-ին: 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին