Եկեղեցու ճգնաժամը, Արեւմուտքի մահն ու ազատության էությունը - Mediamax.am

11475 դիտում

Եկեղեցու ճգնաժամը, Արեւմուտքի մահն ու ազատության էությունը


Կարդինալ Ռոբեր Սառան
Կարդինալ Ռոբեր Սառան

Լուսանկարը` M.MIGLIORATO/CPP/CIRIC

Կարդինալ Ռոբեր Սառան
Կարդինալ Ռոբեր Սառան

Լուսանկարը` Edward Pentin

Կարդինալ Ռոբեր Սառան
Կարդինալ Ռոբեր Սառան

Լուսանկարը` La Stampa


«Երեկոն մոտենում է, եւ օրն ավարտվում է» գրքի թողարկման կապակցությամբ գվինեացի կաթոլիկ կարդինալ, Ժամերգության եւ հաղորդության կարգադրությունների կոնգրեգացիայի պրեֆեկտ Ռոբեր Սառան հարցազրույց է տվել ֆրանսիական «Ատլանտիկո» թերթին:

 

Ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից:

 

Եկեղեցու ճգնաժամն Արեւմուտքի ճգնաժամն է

 

Ես կարող եմ սխալվել, բայց Արեւմուտքի եւ եկեղեցու միջեւ տարբերություն չեմ տեսնում: Արեւմուտքը քրիստոնեական է, այն ձեւավորվել է քրիստոնեության կողմից: Եկեղեցու ճգնաժամը միաժամանակ Արեւմուտքի ճգնաժամն է, իսկ Արեւմուտքի ճգնաժամը՝ եկեղեցու ճգնաժամն է: Մենք չենք կարող մեկը մյուսից տրամաբանորեն բաժանել: Աֆրիկացի լինելով՝ ես կարծում եմ, որ Արեւմուտքը ստեղծվել է քրիստոնեության կողմից, նույնիսկ եթե այսօր այն հրաժարվում է իր քրիստոնեական արմատներից: Ամեն դեպքում, դուք չեք կարող ժխտել մշակույթն՝ ա՛յն ինչ ձեր էությունն է: Ձեր արվեստը եւ երաժշտությունն՝ այդ ամենը քրիստոնեական է: Մեկն ազդում է մյուսի վրա: Արեւմուտքը հենց այնպես չի առաջացել: 

 

Ազատության էությունը

 

Ազատության էությունը կորցրել ենք տեսադաշտից: Ազատությունը մեր բոլոր պոռթկումներին ու բնազդներին հագուրդ տալը չէ: Ազատությունը ճշմարտության եւ բարեկեցության որոնումն է, ընդ որում՝ ոչ միայն ձեզ, այլեւ բոլորի համար: Ձեր ազատության հաստատումը չի նշանակում ուրիշների ազատության ոտնահարում: Ընդհակառակը՝ իմ ազատությունը պարտադրում է ինձ կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնցում ես հարգում եմ մյուսներին: Երբ մեքենա եք վարում, ձեր ազատությունը սահմանափակում է կարմիր լույսը: Եթե շարունակեք երթեւեկել, վրաերթի կենթարկեք մարդկանց: Ոչ մի ազատություն չի կարող բացարձակ լինել: Ցանկացած ազատություն սահմանափակ է: Այս տեսանկյունից բնական օրենքը խոչընդոտ չէ. այդպիսին է մեր էությունը:

Կարդինալ Ռոբեր Սառան Կարդինալ Ռոբեր Սառան

Լուսանկարը` Edward Pentin

Ինքնության կորուստը

 

Ինձ անհանգստացնում է, որ Արեւմուտքը հրաժարվում է իր ինքնությունից: Մենք ոչ միայն չենք կարող բացատրել ուրիշներին, թե ովքեր ենք մենք, այլեւ ինքներս այլեւս դա չգիտենք: Ես կարծում եմ, որ Արեւմուտքը կարող է անհետանալ, եթե մոռանա իր քրիստոնեական արմատների մասին: Բարբարոսներն արդեն այստեղ են: Եվ նրանք կպարտադրեն իրենց մշակույթը, կրոնը, մարդու եւ բարոյականության վերաբերյալ տեսակետները, եթե Արեւմուտքը թուլանա եւ վախենա նրանց որեւէ բան հակադրել:

Կարդինալ Ռոբեր Սառան Կարդինալ Ռոբեր Սառան

Լուսանկարը` La Stampa

Արեւմուտքի նման մահը կարող է հանգեցնել մարդկության ոչնչացմանը: Արեւմուտքը աստվածային հայտնություն է ստացել առաքյալների, Պետրոսի եւ Պողոսի շնորհիվ: Նրանք փոխեցին մարդկությունը եւ մարդուն: Հին Հռոմում մարդիկ սպանում էին միմյանց եւ ուղարկում առյուծների բերանը: Մարդը զրկված էր իմաստից: Եկեղեցին այն տվեց հռոմեացիներին: Եվ Արեւմուտքը փոխվեց: Գոյություն ուներ ստրկատիրություն: Բազմաթիվ հոգեւորականներ ասացին, որ դա արդար չէ, եւ Արեւմուտքն աշխարհում առաջինն էր, որ հրաժարվեց ստրկատիրությունից: Եթե Արեւմուտքն անհետանա իր արմատների ոչնչացման պատճառով, աշխարհում սարսափելի փոփոխություններ կլինեն:

 

Երջանկությունն Աստվածն է, ոչ թե Աստծո իմիտացիան

 

Աստված մեզ անմահ չի ստեղծել: Միայն մեր հոգին է անմահ: Նյութականը վերջնական է: Դրա դեմ գնալը նշանակում է ցանկանալ նմանվել Աստծուն: Բայց դա պատրանք է: Նույնիսկ եթե մենք կարողանանք մարդկանց անմահ եւ անխոցելի դարձնել այս Երկրի վրա, ի՞նչ են անելու նրանք այդ անմահության հետ: Մեր երջանկությունն Աստվածն է, ոչ թե Աստծո իմիտացիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին