Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը:
Արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի հոգեւոր սպասավորներ, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցու կառուցմանն իրենց աջակցությունը բերած բարերար հայորդիներ, Հայաստանի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներ, ուխտավորներ եւ հավատավոր բազում արցախցիներ:
«Արցախի գողտրիկ երկրամասում վեր խոյացած հայոց հավատի նոր վկայարանի հիմնարկեքը Մենք կատարեցինք 2006 թվականին՝ հավատով, որ Աստված միշտ մեզ հետ է եւ ձեռքբերումներ ու հաղթանակներ է պարգեւում մեր պայքարների ու մեր բոլոր բարի ձգտումների մեջ: Մեր ժողովրդի զավակաց ջանքերով վեր խոյացած այս եկեղեցին Աստծո օրհնությամբ ու շնորհով նոր ղողանջը պիտի դառնա մեր հավատքի ու հաղթական ոգու, նաեւ՝ ազդարարողը Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի անօտարելի իրավունքի, ինչպես եւ վկայությունը մեր քրիստոնեական հավատի եւ ազգային ինքնության անխորտակելի շաղկապվածության», - իր խոսքում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Նորին Սրբությունն իր առանձնակի գնահատանքն է հայտնել եկեղեցու կառուցման հիմնական բարերարներ Միքայել եւ Կարեն Վարդանյաններին` նրանց արժանացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: