Դարոն Աճեմօղլուն Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է:
Պասկուալ Ռեստրեպոն Բոստոնի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է:
Արհեստական բանականությունն աստիճանաբար վերափոխում է մեր կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում՝ տնտեսությունը: Որպես ընդհանուր նշանակության տեխնոլոգիա՝ արհեստական բանականության հնարավորությունները գրեթե անսահմանափակ են: Այդ տեխնոլոգիաները կարելի է կիրառել ինչպես բազմաթիվ առաջադրանքների ավտոմատացման համար, որոնք նախկինում կատարվում էին մարդկանց կողմից, այնպես էլ մարդկային աշխատուժն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով՝ դրանով հանդերձ մեծացնելով աշխատուժի նկատմամբ պահանջարկը:
Ցավոք, ներկայում մենք ականատեսն ենք լինում ավտոմատացմանը ձգտող կոմերցիոն արհեստական բանականության զարգացմանը, ինչը հասարակության համար կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Արդյունաբերական հեղաշրջման սկզբում ավտոմատացումը դարձավ արտադրողականության բարձրացման հիմնական խթանիչ ուժը: Արդեն 18-րդ դարից սկսած՝ հյուսնագործությունը եւ մանումն իրականացվում էին մեխանիզացված տարբերակով: Սակայն չենք կարող ասել, որ ավտոմատացումը շահավետ եղավ բոլորի համար: Արտադրության մեջ մարդկային աշխատուժի ավտոմատացումը նվազեցնում է ավելացված արժեքում աշխատուժի չափաբաժինն ու աշխատավարձերը, խթանում սոցիալական անհավասարությունն ու աշխատատեղերի կրճատումը:
Ամեն դեպքում, բազմաթիվ ժամանակակից պետություններում արդյունաբերական հեղափոխությունը հանգեցրեց աշխատավարձերի բարձրացմանն ու գործազրկության մակարդակի կրճատմանը: Չնայած ավտոմատացումը որոշ դեպքերում դուրս մղեց մարդկային աշխատուժի կիրառումը, այնուամենայնիվ, առաջ եկան այլ տեխնոլոգիաներ, որոնք արտադրողականության պրոցեսում վերականգնեցին մարդկային աշխատուժի հիմնական դերը՝ ստեղծելով նոր առաջադրանքներ, որոնց կատարման համար մարդը զգալիորեն մեծ առավելություն ունի: Այս տեխնոլոգիաները ոչ միայն նպաստել են արտադրողականության աճին, այլեւ ավելացրել են զբաղվածության եւ աշխատավարձի չափը՝ առաջ բերելով ռեսուրսների ավելի արդարացի բաշխում:

Լուսանկարը` Becker Friedman Institute
Դիտարկենք, օրինակ, գյուղատնտեսական մեխանիզացման գործընթացը, որը սկսվեց 19-րդ դարում: Սկզբում մեքենաների առաջացումն իսկապես նվազեցրեց աշխատուժի մասնաբաժինը գյուղատնտեսական ապրանքների ավելացված արժեքի մեջ: ԱՄՆ-ում գյուղատնտեսության մեջ ներգրավված մարդկանց հսկայական մի հատված դարձավ գործազուրկ: Միեւնույն ժամանակ, արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը պահանջում էր նոր աշխատակիցներ՝ առաջացած նոր խնդիրների լուծման եւ նոր մասնագիտությունների ձեռքբերման համար: Ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտում առաջացան նոր թափուր աշխատատեղեր: Արտադրության ոլորտում աշխատանքի ավելի հստակ բաժանումը նպաստեց արտադրողականության, զբաղվածության եւ աշխատավարձերի ավելացմանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի քանի տասնամյակների ընթացքում տեխնոլոգիական փոփոխությունների նմանատիպ մոդելը նպաստում էր ինչպես բարձր, այնպես էլ ցածր որակավորում ունեցող մասնագետների զբաղվածության եւ աշխատավարձի բարձրացմանը: Այնուամենայնիվ, վերջին երեք տասնամյակների ընթացքում ավտոմատացման բացասական հետեւանքների հաղթահարման համար անհրաժեշտ փոփոխություններն ակնհայտորեն նվազել են: Արդյունքում, մենք բախվում ենք զբաղվածության եւ աշխատավարձերի ոլորտում լճացման (ստագնացիայի), արտադրողականության ոլորտում անկման հետ:
Որոշ տեսակետների համաձայն՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների ի հայտ գալը կարող է լրացուցիչ բարդություններ առաջացնել առկա իրավիճակում եւ հանգեցնել ավելի մեծ անհավասարության, ինչպես նաեւ աշխատավարձի չափի եւ զբաղվածության մակարդակի կրճատման: Այնուամենայնիվ, զբաղվածության հնարավորությունների ընդլայնման համար արհեստական բանականության տեխնոլոգիաները կարելի է ուղղորդել առաջադրանքների վերափոխմանը եւ գործունեության նոր տեսակների ստեղծմանը: Այս կերպ հնարավոր է ստանալ տնտեսական եւ սոցիալական հեռանկարային առավելություններ:
Օրինակ, կրթության ոլորտում ժամանակի իրական ռեժիմում արհեստական բանականության համակարգի միջոցով տվյալների հավաքագրումն ու մշակումը ուսուցիչներին հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր ուսանողի համար կազմելու անհատական ուսումնական ծրագիր: Նույնը կարող է տեղի ունենալ առողջապահության ոլորտում, որտեղ արհեստական բանականության տեխնոլոգիաները հնարավորություն կտան փորձառու բժիշկներին մշակելու բուժական ծրագրեր յուրաքանչյուր պացիենտի համար անհատապես: Ավելին, արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են նոր հնարավորություններ ստեղծել ոչ միայն ծառայությունների ոլորտում ընդգրկված անձանց համար: Լրացված եւ վիրտուալ իրականության հնարավորությունների շնորհիվ՝ հնարավոր է ճշգրիտ արտադրության ոլորտում մարդկանց համար ստեղծել նոր հնարավորություններ, որոնցում ներկայում գերակայող դերակատարում ունեն ռոբոտները:

Լուսանկարը` Becker Friedman Institute
Գայթակղիչ է մտածել, որ շուկան այս խոստումները կարող է վերածել իրականության: Նոր տեխնոլոգիաները շահավետ են նաեւ արտադրողների, աշխատողների եւ սպառողների համար: Որոշ տեխնոլոգիաներ ունակ են հսկայական սոցիալական միջոցներով խթանել նոր աշխատատեղերի ստեղծումն ու անհավասարության կրճատումը:
Խնդիրը կապված է տեխնոլոգիաների շուկայում մրցակցային մոտեցումների առկայության հետ: Որքան ավելի ծանրակշիռ դեր զբաղեցնեն ավտոմատացված տեխնոլոգիաները շուկայում, այնքան ավելի շատ պատճառներ կլինեն տվյալ ոլորտում ներդրումներ անելու համար:
Արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում առկա են նաեւ լրացուցիչ խնդիրներ: Որպես օրինակ կարելի է բերել մի քանի խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, որոնց բիզնես մոդելները սերտորեն կապված են ավտոմատացման պրոցեսների հետ: Այս ընկերությունները հսկայական ներդրումներ են կատարում արհեստական բանականության ուսումնասիրության ոլորտում: Նրանք ստեղծել են բիզնես միջավայր, որտեղ արտադրողական պրոցեսներում անհաջողակ մարդկանց հեռացումն աշխատանքից դարձել է տեխնոլոգիանական եւ բիզնես հրամայական: Ի լրումն այս ամենի՝ կառավարությունները սուբսիդավորում են տվյալ ընկերությունները, նրանց տրամադրում են հարկային արտոնություններ՝ միաժամանակ շարունակելով հարկեր հավաքագրել աշխատողներից:

Լուսանկարը` Becker Friedman Institute
Զարմանալի չէ, որ այս պայմաններում ավտոմատացված տեխնոլոգիաների ներդրումը վերածվել է բավական շահութաբեր գործունեության, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ տեխնոլոգիաներն այնքան էլ արդյունավետ չեն: Նորարարության եւ տեխնոլոգիաների շուկայում այսպիսի ձախողումները կարծես թե չեն խթանում արհեստական բանականության զարգացումը: Կենտրոնացումը ավելի մեծ քանակությամբ առաջադրանքների ավտոմատացման վրա, ի վերջո, կարող է հանգեցնել աշխատավարձերի բարձրացման, արտադրողականության տեմպի ու աշխատուժի հավելյալ արժեքի անկման:
Ընդունելով շուկայի ակնհայտ ձախողումը եւ վերահասցեագրելով արհեստական բանականության զարգացումը մարդկանց համար նոր արտադրողական առաջադրանքների ստեղծման ուղղությամբ՝ մենք կարող ենք մեկ անգամ եւս հասնել համատեղ բարեկեցության: Մենք չենք կարող վտանգել այլընտրանքային հնարավորությունները:
Mediamax.am ներկայացնում է սույն հոդվածը որպես Հայաստանում Project Syndicate-ի բացառիկ գործընկեր:
Copyright: Project Syndicate, 2019.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: