2018 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր - Mediamax.am

exclusive
6536 դիտում

2018 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր


Շարլ Ազնավուրը
Շարլ Ազնավուրը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Rakcham

Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ նախգահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Վանեցյանը եւ Սասուն Խաչատրյանը
Արթուր Վանեցյանը եւ Սասուն Խաչատրյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամփոփելով նախորդ տարին, գրել էինք, որ ի տարբերություն 2016 թվականի՝ 2017-ն անցավ առանց մեծ ցնցումների, ինչը, սակայն, չի նշանակում, որ այն խնդիրները, որոնք վեր հանեց անհանգիստ 2016-ը, ստացել են իրենց լուծումը: 2018 թվականը ապացուցեց, որ խնդիրներն իսկապես ոչ թե լուծվել, այլ կոնսերվացվել էին:

 

Տարվա ամենակարեւոր մարդը

 

Շատերդ պատրաստվում էիք այս ենթավերնագրի ներքո կարդալ Նիկոլ Փաշինյանի անունը: Բայց այս տարվա ամենակարեւոր մարդը հայ երիտասարդն է. այն հազարավոր տղաներն ու աղջիկները, որոնք փողոց փակելով, ոստիկանների հետ բախվելով, բերման ենթարկվելով, հաստավիզներից ծեծ ուտելով՝ հեղափոխություն արեցին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Անկախության սերունդը», որը շատերիս համար գեղեցիկ, բայց վերացական սիմվոլ էր, նյութականացավ եւ արեց այն, ինչի մասին 40-50 տարեկանները երազում էին, բայց հոգու խորքում անհնար էին համարում:

 

Տարվա մարդը

 

Հիմա հերթը Նիկոլ Փաշինյանինն է: Կարող եք ատել կամ պաշտել նրան: Կարող եք նրան համարել «Արեւմուտքի կողմից ներդրված ական» կամ իրական հայրենասեր: Իրարամերժ որակումների եւ ընկալումների պակաս չկա: Բայց չեք կարող մերժել պարզ ճշմարտություն՝ Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչը բոլորն անհնարին էին համարում: Նա գնաց թվացյալ երկաթբետոնե արմատներ ունեցող համակարգի դեմ եւ ապացուցեց, որ իրականում այն փտած է:

Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Թվում է, թե Նիկոլ Փաշինյանը հաղթել է իր գլխավոր ճակատամարտում: Իրականում, այն առջեւում է: Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի ոչ միայն վերապրել իր անձի շուրջ ստեղծված պաշտամունքի մթնոլորտը, այլեւ չեզոքացնել այն՝ չվանելով կողմնակիցներին:

 

Տարվա հավասարակշռողը

 

Տարեսկզբին ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ շատ-շատերը վստահ էին, որ երկար տարիներ Անգլիայում ապրած եւ Սերժ Սարգսյանի կողմից նախագահ «կարգված» Արմեն Սարգսյանը Հայաստանում «անգլիական թագուհու» դեր է ստանձնելու:

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ նախգահի մամուլի ծառայություն

Երբ մեզ հետ հարցազրույցում Արմեն Սարսգյանն ասում էր, որ պատրաստ է դառնալ երիտասարդների դաշնակիցը, դա ընկալվում էր իբրեւ բարի ցանկություն եւ սրտեր շահելու փորձ: Սակայն նախագահի դերակատարությունը հեղափոխության օրերին եւ դրանից հետո ցույց տվեց, որ նա, իսկապես, կարողացավ հանդես գալ հավասարակշռողի դերում եւ այդ դերն ընդունվեց հասարակության կողմից:

 

Տարվա խոսքը

 

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»: Սա հատված է ապրիլի 23-ի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունից: Թեեւ այն թեւավոր խոսք ու մեմ է դարձել, ոչ մեկը հստակ չգիտի, թե կոնկրետ ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը: Միգուցե այս ինտրիգը բացահայտվի 2019 թվականին:

Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Տարվա գույները

 

Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի «թեթեւ ձեռքով» «սեւերի» եւ «սպիտակների» բաժանումը գերիշխող դարձավ տարեվերջի քաղաքական քննարկումներում: Թեեւ Հայկ Մարությանն ընդունեց, որ «ամենեւին անթերի չէ» եւ կարող էր «ավելի հստակ ձեւակերպել իր խոսքը», ջինն արդեն դուրս էլ եկել շշից եւ շարունակում է սավառնել Հայաստանում:

 

Տարվա կարգախոսը

 

«Ի՞նչ է նշանակում «դուխով»: Հեղափոխության եւ դրան հաջորդող օրերին այս հարցը շատ էին տալիս սփյուռքահայերը, որոնք իսկապես չէին հասկանում կարգախոսի իմաստը:

Լուսանկարը` Rakcham

Պարադոքսն այն է, որ, չնայած ռուսական ծագումնաբանությանը, «դուխով» բառի էությունը դժվար է համարժեք ռուսերեն թարգմանել:

 

Տարվա արժեզրկումը

 

Այն իսկապես սկսվեց որպես «սիրո եւ համերաշխության» հեղափոխություն: Ցավոք, ժամանակի ընթացքում սերն ու համերաշխությունը ավելի ու ավելի հաճախ էին իրենց տեղը զիջում ատելությանն եւ անհանդուրժողականությանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Բառապաշարը, որը ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում օգտագործեց Նիկոլ Փաշինյանը եւ այնուհետեւ՝ նրա ընդդիմախոսները, «սիրո եւ համերաշխության» մթնոլորտը դարձրին բարի հիշողություն:

 

Տարվա սկանդալը

 

Ազգային անվտանգության ու Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսումը եւ դրանց հրապարակումը դարձավ Հայաստանի նորագույն պատմության ամենահնչեղ քաղաքական սկանդալներից մեկը:

Արթուր Վանեցյանը եւ Սասուն Խաչատրյանը Արթուր Վանեցյանը եւ Սասուն Խաչատրյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Որքան էլ Արթուր Վանեցյանը եւ Սասուն Խաչատրյանը պնդեն, որ հատվածները մոնտաժված են եւ իրենք հակաօրինական որեւէ արարք չեն գործել, գաղտնալսման հրապարակումը մեծ բարոյական հարված էր նոր իշխանությանը:

 

Տարվա կեղծանունը

 

Ֆրանկլին Գոնսալես՝ ըստ Հայաստանի ոստիկանության, հենց այս կեղծանվան տակ էր Պրահայում թաքնվում ՀՀ նախկին նախագահի զարմիկ Նարեկ Սարգսյանը:

 

Նարեկ Սարգսյանը, որի «դիմանկարը» ներկայացրել էինք հուլիսին, թերեւս, կարող է համարվել «հին Հայաստանի» սիմվոլներից մեկը:

 

Տարվա կորուստը

 

Բոլորիս թվում էր, որ նա միշտ կլինի մեզ հետ, Հայաստանի կողքին: Հոկտեմբերի 1-ին Շարլ Ազնավուրը մահացավ, իսկ մենք սգում էինք այնպես, կարծես կորցրել ենք մեր սիրելի պապիկին: Ու նա, իրոք, մեր բոլորի սիրելի պապիկն էր:

Շարլ Ազնավուրը Շարլ Ազնավուրը

Լուսանկարը` REUTERS

«Հայաստանի եւ հայերի համար, բազմատանջ, տարագրված, անտեսված եւ երբեմն արհամարհված այդ ժողովրդի համար նա եղավ ոտքի կանգնող երկրի զավակը, որը երգում էր այնպես, ասես դրանից է կախված իր կյանքը` իր ձայնի մեջ դնելով ամբողջ կարոտն ու արժանապատվությունն այն մարդկանց, որոնք ամեն ինչ կորցրին, եւ հենց միայն այդ երգով՝ նրանց վերադարձնելով ապրելու ցանկությունը` հպարտ լինելով իրենց ինքնությամբ, անխորտակելի վեհության զգացումով»,- hոկտեմբերի 5-ին Փարիզում կայացած «Ազգային տուրքի արարողության» իր հրաժեշտի խոսքում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

 

Տարվա հույսը

 

Մայիսի 27-ին Դեբետ համայնքում կայացավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը: Այն հույս եւ հնարավորություն է տալիս Լոռու մարզի երեխաներին, ապացուցում է, որ Հայաստանը միայն Երեւանը չէ, որ մարզերում ապրող պայծառ երեխաները կարող են պայծառ ապագա ունենալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես մեզ հետ հարցազրույցում ասաց COAF-ի հիմնադիր եւ նախագահ Կարո Արմենը, «եթե մենք կարողանանք արագ տեմպերով երկրի ողջ տարածքում սա կրկնել 10-15 անգամ, ապա գյուղական Հայաստանը «դրախտ» կդառնա»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին