Yerevan Web Meetings. Ներկայացվել է լիտվական առաջատար Delfi պորտալի հաջողության պատմությունը - Mediamax.am

20477 դիտում

Yerevan Web Meetings. Ներկայացվել է լիտվական առաջատար Delfi պորտալի հաջողության պատմությունը


Աիստե Զիլինսկիենե
Աիստե Զիլինսկիենե

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 5-ին Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում չորրորդ վարպետության դասն է անց կացրել Լիտվայի Delfi.lt խոշորագույն տեղեկատվական պորտալի հասարակության հետ կապերի գծով տնօրեն Աիստե Զիլինսկիենեն:

Delfi պորտալը գործում է Լիտվայում 2000 թվականից: Մեկ տարի շուտ այն գործարկվել էր Էստոնիայում (www.delfi.ee) եւ Լատվիայում (www.delfi.lv), իսկ 2009 թվականից գործարկվել է նաեւ կայքի ուկրաիներեն տարբերակը (www.delfi.ua):

Բոլոր Delfi պորտալները պատկանում են Ekspress Group էստոնական մեդիա ընկերությանը:

 

Բնակչության քանակով Հայաստանի հետ համադրելի Լիտվայում ինտերնետի թափանցելիությունը հասնում է 65%-ի: 

 

Երկրում լրատվական պորտալների միջեւ բավականին մեծ մրցակցություն է տիրում. գործում են 9 ունիվերսալ եւ մի շարք մասնագիտացված լրատվական պորտալներ: Delfi-ն բացարձակ առաջատար է իր օրական 300 հազար այցելություններով:  Delfi.lt հաճախորդը պորտալում օրական միջինը 24 րոպե է անց կացնում:

 

Աիստե Զելինսկիենեն պատմել է, որ Delfi.lt-ի բովանդակության կեսից ավելին ինքնուրույն է ապահովում 50 հաստիքային թղթակիցների եւ խմբագիրների (պորտալի աշխատակիցների ընդհանուր քանակը 80 է), արտահաստիքային թղթակիցների եւ ընթերցողների շնորհիվ:

 

Ամեն օր պորտալում տեղադրվում է ավելի քան 400 լուր, որոնցից գրեթե 20-ի հեղինակներն են ընթերցողները: Այդ լուրերը պարտադիր կերպով ստուգվում են Delfi-ի խմբագրության կողմից:

 

Պորտալի «այցեքարտն» են ընթերցողների մեկնաբանությունները` դրանց միջին օրական քանակը գերազանցում է 10 հազարը: Delfi.lt-ի մեկ այլ  առանձնահատկությունը առցանց ասուլիսներն են, որոնց մասնակցում են քաղաքական գործիչները, տնտեսագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, տարբեր ոլորտի փորձագետները: Delfi-ն առցանց ասուլիսներ է անցկացնում շաբաթը 1-ից 4 անգամ: Քաղաքական գործիչները, մարզիկները, մշակութային գործիչները նաեւ իրենց սյունակներն ու բլոգերն են վարում պորտալում: 

 

Delfi.lt-ն անընդմեջ զարգանում է. գործընկերային ծրագրեր է իրականացնում հեռուստաընկերությունների հետ, գործարկում է նոր, մասնագիտացված պորտալներ, զարգացնում բջջային տարբերակը: Նոր ինտերնետ նախագծում ներդրումների միջին ծավալը կազմում է €80 հազար:

 

Աիստե Զելինսկիենեն պատմել է, որ պորտալը չունի ուղղիղ հեռուստատեսային գովազդ, սակայն այն գրավում է հեռուստատեսային լսարանը, ինտեգրվելով տարբեր հեռուստաշոուներում, որոնց հանդիսատեսներն, օրինակ, կարող են հեռուստանախագծի այս կամ այն մասնակցին «փրկել» հեռացումից` պորտալում քվեարկելու միջոցով: 

 

Պորտալը կարդում են նաեւ Լիտվայից դուրս ապրող լիտվացիները: «Մեր հայրենակիցներից շուրջ 1 մլն մարդ ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում, Անգլիայում, Իռլանդիայում եւ Իսպանիայում, եւ նրանցից շատերի համար մեր պորտալը հայրենիքում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվության հիմնական աղբյուր է հանդիսանում», - ասել է Աիստե Զիլինսկիենեն:

 

Բաներային գովազն ապահովում է Delfi.lt պորտալի հասույթի 95 %-ը:

 

Yerevan Web Meetings 2011 նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը: Նախագիծը Մեդիամաքսն իրագործում է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ:

 

Նախագծի շրջանակներում վարպետության վերջին դասը նոյեմբերի 12-ին կանցկացնի Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում Facebook-ի ներկայացուցիչ Եկատերինա Սկորոբոգատովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին