Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան ինթերնեյշնլը» ներդրումային շուկային տեղեկացրել է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակի մասին:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տարածքում ճանապարհների անօրինական փակումը դեռեւս շարունակվում է՝ ազդելով շինարարության վրա»։
«Ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով հունիսի վերջից Լիդիանն ու իր կապալառուները զրկված են Ամուլսարի տեղամաս մուտք գործելու հնարավորությունից։ Շրջափակումը դադարեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ուղղված ցուցարարներին անարդյունք է եղել։ Լիդիանն ու այլ շահագրգիռ կողմերը շարունակում են դիմել տեղական եւ պետական մարմիններին անօրինական գործողությունները դադարեցնելու պահանջով, ինչը թույլ կտա ընկերությանը վերսկսել շինարարությունը։ Մինչ այժմ պետական մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել այդ դիմումներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարելոն ասել է.
«Լիդիանը շարունակում է առաջնորդվել պատասխանատու հանքարդյունաբերության եւ թափանցիկության սկզբունքներով։ Ցավալի է, որ ներկայիս անօրինականության հետեւանքով տուժում են շրջակա համայնքները եւ ավելի քան 1300 աշխատողներ ու կապալառուներ։ Ընկերությունը եւ բոլոր շահագրգիռ կողմերը շարունակում են կառավարությունից ակնկալել խնդրի շուտափույթ ու համարժեք լուծում։ Այս զարգացումների բացասական ազդեցությունը կրում են ծրագրի տարբեր շահագրգիռ կողմերը, ինչի պատճառով ուշացումներով պայմանավորված ֆինանսական բեռը թեթեւացնելու նպատակով ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ։ Մենք հույս ունենք, որ հնարավոր է գտնել հարցի արագ լուծում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: