Yerevan Web Meetings: Ինչպե՞ս տեսանյութերով գումար վաստակել ինտերնետում - Mediamax.am

22849 դիտում

Yerevan Web Meetings: Ինչպե՞ս տեսանյութերով գումար վաստակել ինտերնետում


ivi.ru նախագծի հիմնադիր ու բաժնետեր Աննա Զնամենսկայան
ivi.ru նախագծի հիմնադիր ու բաժնետեր Աննա Զնամենսկայան

Լուսանկարը` Mediamax

Կայացել է Մեդիամաքսի նախաձեռնած Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում վարպետության երկրորդ դասը
Կայացել է Մեդիամաքսի նախաձեռնած Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում վարպետության երկրորդ դասը

Լուսանկարը` Mediamax

Կայացել է Մեդիամաքսի նախաձեռնած Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում վարպետության երկրորդ դասը
Կայացել է Մեդիամաքսի նախաձեռնած Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում վարպետության երկրորդ դասը

Լուսանկարը` Mediamax

Կայացել է Մեդիամաքսի նախաձեռնած Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում վարպետության երկրորդ դասը
Կայացել է Մեդիամաքսի նախաձեռնած Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում վարպետության երկրորդ դասը

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսի նախաձեռնած Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում հոկտեմբերի 22-ին Երեւանում կայացել է վարպետության երկրորդ դասը, որի նպատակն էր Հայաստանում ներկայացնել արտասահմանյան փորձը վեբ-քոնթենթի ստեղծման եւ առաջխաղացման ուղղությամբ:

Մեդիամաքսը Yerevan Web Meetings նախագիծն իրականացնում է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

 

Վարպետության երկրորդ դասն անցկացրել է ivi.ru պորտալի հիմնադիր եւ բաժնետեր Աննա Զնամենսկայան, ով պատմել է առցանց տեսանյութերի միտումների եւ հեռանկարների, ինչպես նաեւ ինտերնետ-նախագծերի արդիականացման մասին: 2007-2009թթ. Աննա Զնամենսկայան զբաղեցրել է Rambler Media-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնը, իսկ այնուհետեւ գլխավորել Digital Access ընկերությունը:

 

Աննա Զնամենսկայան պատմել է, որ Ռուսաստանում շուրջ 42.3 մլն ինտերնետից օգտվողներ կամ ինտերնետ-լսարանի 85%-ը պարբերաբար դիտում է առցանց տեսանյութեր, եւ այս ցուցանիշով Ռուսաստանը զբաղեցնում է աշխարհում 6-րդ տեղը: Սակայն դիտումների քանակով Ռուսաստանը դեռեւս զիջում է Արեւմուտքին, Ճապոնիային եւ Չինաստանին: Ռուսաստանցի օգտվողներն օրեկան 20-25 րոպե են անցկացնում ինտերնետում տեսանյութեր դիտելով: Ռուսաստանում ինտերնետում տեսանյութեր  դիտողների 62%-ը 15-ից 35 տարեկան մարդիկ են, ընդ որում` հավասար գենդերային համաչափությամբ:

 

Աննա Զնամենսկայան պատմել է ինտերնետում տեսանախագծերի արդիականացման, տեսագովազդի նրբությունների եւ գովազդատուների հետ աշխատանքի մասին:

Նրա գնահատմամբ, ինտերնետ-վիդեոյի ոլորտում գլխավոր միտումներից կլինի այն, որ օգտվողների կողմից գեներացվող քոնթենթը (user generated content - UGC) «կգնա» սոցիալական ցանցեր, իսկ տեսառեսուրսները կանցնեն ավելի որակյալ եւ արտոնագրված քոնթենթի եւ կստանան ինտերնետ-հեռուստատեսության որակ:

 

«Քոնթենթով եւ տեխնոլոգիաներով ինտերնետը շարժվելու է հեռուստատեսության ուղղությամբ»,- ասել է Աննա Զնամենսկայան` նշելով, որ ինտերնետի մուտքով ժամանակակից հեռուստացույցներն ավելի մեծ տարածում են գտնում Ռուսաստանում եւ ողջ աշխարհում: Եթե 2010-ին Ռուսաստանում վաճառվել է ինտերնետի մուտքով 80 հազ. մուլտիմեդիա հեռուստացույց, ապա ընթացիկ տարում այդ ցուցանիշը հասել է արդեն 0,5 մլն-ի:

 

Նա նշել է նաեւ, որ համացանցում շարունակելու են հայտնվել թեմատիկ եւ հեղինակային տեսածառայություններ, որոնք գովազդատուներին կառաջարկեն նպատակային լսարան, իսկ օգտվողները սկսելու են ավելի շատ վճարել որակյալ տեսանյութերի համար:

 

Փորձագետը նշել է, որ տեսառեսուրսների հեղինակներին արժե մտածել նաեւ բջջային հեռախոսներում որակյալ տեսանյութերի հասանելիության մասին: Որպես օրինակ Աննա Զնամենսկայան նշել է Ճապոնիայի օրինակը, որտեղ բջջային ինտերնետ-թրաֆիկը գերազանցում է հաղորդալարայինը:

 

Աննա Զնամենսկայան հայտնել է, որ Ռուսաստանում տեսագովազդից ստացվող շահույթը առայժմ կազմում է ինտերնետ-գովազդի 2%-ը, սակայն, հաշվի առնելով  այն փաստը, որ 2 տարի առաջ տվյալ գովազդի չափաբաժինը կազմում էր 0%, «առաջխաղացումն ակնհայտ է»: Ինտերնետում տեսագովազդից ստացվող ընդհանուր հասույթը 2010-ին Ռուսաստանում կազմել է $‌20 մլն, եւ այս շուկան արագորեն աճում է:

 

«Ինտերնետում տեսագովազդի անպատեհությունն այն է, որ, ի տարբերություն բաններների, օգտվողները տեսագովազդը դիտարկում են որպես իմիջային, այլ ոչ թե որպես հստակ գործողությունների եւ քայլերի հանգեցնող երեույթ»,- ասել է Աննա Զնամենսկայան` հավելելով, որ հեղինակները երբեմն դիմում են հատուկ մարքեթինգային քայլերի, ինչպես, օրինակ, տեսանյութում գովազդային առարկաների «փլեյսմենթը» եւ ինտերակտիվ գովազդը, ինչպես օրինակ այստեղ:

 

Փորձագետը նշել է նաեւ, որ գովազդատուներ գրավելու նպատակով տեսառեսուրների տերերին հարկավոր է առաջարկել չափման համակարգ /վարկանիշներ/` հեռուստաալիքների կողմից առաջարկվող ռեյտինգների նման:

 

Հոկտեմբերի 29-ին Երեւանում նախագծի շրջանակներում վարպետության հաջորդ դասը կանցկացնի startup մենեջեր, БФМ.Ru-ի գլխավոր խմբագիր եւ Lenta.ru պորտալի հիմնադիր Անտոն Նոսիկը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին