Լեգենդար ամերիկացի լրագրողը վարպետության դաս է տվել Մեդիամաքս-ում - Mediamax.am

exclusive
10327 դիտում

Լեգենդար ամերիկացի լրագրողը վարպետության դաս է տվել Մեդիամաքս-ում


Լեգենդար ամերիկացի լրագրողը վարպետության դաս է տվել Մեդիամաքս-ում
Լեգենդար ամերիկացի լրագրողը վարպետության դաս է տվել Մեդիամաքս-ում

Լուսանկարը` Mediamax

Արամ Արարատյանը, Կարեն Անտոնյանը, Ջոն Ալփրթն ու Արա Թադեւոսյանը
Արամ Արարատյանը, Կարեն Անտոնյանը, Ջոն Ալփրթն ու Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Հանրահռչակ ամերիկացի լրագրող եւ վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալփրթը (Jon Alpert) հոկտեմբերի 17-ի Երեւանում վարպետության դաս է տվել Մեդիամաքսի լրագրողների համար:

Ավելի քան 40 տարի առաջ իր աշխատանքային կարիերան սկսած, աշխարհի բազմաթիվ թեժ կետերում եղած, Ֆիդել Կաստրոյի եւ Սադամ Հուսեյնի հետ հարցազրույցներ անցկացրած, բազմաթիվ Emmy մրցանակներին արժանացած Ջոն Ալփրթը պատմել է իր կյանքի մասին, ներկայացրել դրվագներ իր վավերագրական ֆիլմերից եւ պատասխանել լրագրողների հարցերին:

 

«Ես չունեմ լրագրողի կրթություն: Ես իմ աշխատանքային փորձը սկսել են Նյու-Յորքում: Երկու տարի աշխատում էի որպես տաքսու վարորդ, եւ իմ առաջին ֆիլմը հենց տաքսու մասին էր», - հիշում էր լրագրողը:

 

«Իմ ամենամեծ ցնցումներից մեկն Իրաքն էր, երբ մի քանի օրվա ընթացքում ես բազմիցս ականատես եղա, թե ինչպես են անդամահատում զինվորների ձեռքերն ու ոտքերը Իրաքի ամերիկյան ռազմական հոսպիտալում», - խոստովանել է Ջոն Ալփրթը: Իրաքում մնալու արդյունքում նկարահանվեց  4 Emmy մրցանակների արժանացած «Բաղդադ: շտապ օգնություն» ֆիլմը:

 

Իր վերջին ֆիլմերից մեկի` «Ոչ բնական աղետ Չինաստանում: Սիչուան նահանգի արցունքները» (China's Unnatural Disaster: The Tears of Sichuan Province) համար Ջոն Ալփրթն առաջադրվել է «Օսկար» մրցանակի: Այս ֆիլմում ներկայացված է 2008-ի աղետալի երկրաշարժից հետո չինական Սիչուան նահանգում ստեղծված իրավիճակը: Հեռուստալրագրողին հաջողվել է ներկայացնել բողոքի ցույցերը եւ փոխանցել այն ծնողների վիշտը, ովքեր կորցրել էին իրենց զավակներին հիմնականում այն պատճառով, որ նահանգի դպրոցներից շատերը ավերվել էին, այն դեպքում, երբ շատ հարեւան շինություններ մնացել էին անվնաս: Ինչպես Ջոն Ալփրթը ներկայացրել է իր ֆիլմում, հիմնական պատճառը դպրոցների շինարարության ժամանակ անորակ նյութերի կիրառումն էր: Այս ֆիլմի համար հեռուստալրագրողը Չինաստանում հայտարարվել է “անցանկալի անձ”:

 

«Այո, ես բազմիցս ստիպված եմ եղել շրջանցել օրենքն իմ ֆիլմերը նկարահանելու համար: Կարծում եմ, եթե այդպես չանեի, ապա չէի կարողանա նկարահանել իմ ֆիլմերից շատերը, մասնավորապես` Չինաստանի մասին», - խոստովանել է հեռուստալրագրողը:

 

Երկար տարիներ Ջոն Ալփրթը միակ ամերիկացի լրագրողն էր, ով հնարավորություն ուներ այցելելու Կուբա եւ հանդիպել Ֆիդել Կաստրոյի հետ:

 

«Մի անգամ ես մի ողջ շաբաթ անցկացրեցի Ֆիդելի հետ: Մենք կարող էինք խոսել ամեն ինչի մասին` քաղաքականության, ձկնորսության, սիգարների», - հիշում է լրագրողը` ներկայացնելով գարեջուր խմող, սիգար ծխող, ՄԱԿ-ում ելույթ ունեցող եւ իր աղջկա ուսուցչին բացատրողական նամակ գրող Կոմանդանտեի մասին պատմող ֆիլմի դրվագներ:

 

Արդյո՞ք դժվար է ԱՄՆ-ում աշխատել Ջոն Ալփրթի նման անկախ լրագրողին: «Ես երկու անգամ ընդգրկվել եմ «սեւ ցուցակում», այդ թվում` Ծոցի առաջին պատերազմի մասին նկարահանած տեսանյութի համար: Սակայն այժմ իրավիճակը փոխվել է` զինվորականները ինձ սիրում են”, - կատակում է Ջոն Ալփրթը:

 

Ջոն Ալփրթը Հայաստան է ժամանել Alternative Resources in Media նախագծի հրավերով: Նախագծի ղեկավարն է Մանանա Ասլամազյանը, ով երկար տարիներ գլխավորում էր Internews-ի գրասենյակը Ռուսաստանում եւ մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանի հեռուստատեսության զարգացման գործում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին