Դիլիջան այցելողներից շատերն են փնտրում Կալինինի 5 հասցեն։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղը քաղաքի պատմության կարեւոր մասն է։ Վերջին շաբաթներին, սակայն, կենտրոնն «աղքատացել» է։ Մշտական ցուցադրության մաս կազմող կարեւոր ցուցանմուշները տեղափոխվել են Երեւան՝ Ժողովրդական արվեստի մայր թանգարան։
«Մոտ 56 աշխատանք, որոնցից 45-ը մշտական ցուցադրության կորիզն են համարվում, տեղափոխվել են Երեւան։ Դրանց մեջ կան շատ հետաքրքիր պղնձյա, փայտե աշխատանքներ, կերամիկական ափսեներ, գորգեր, կարպետներ, բրնձի հատիկի վրա Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքը՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանին»,- ասում է թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն, նկարիչ Գեւորգ Մակվեցյանը։
Երեւան է տարվել նաեւ Սեւանի Առաքելոց վանքի փայտե խորանը, որը խորհրդային տարիներին վանքի նորոգման ժամանակ հանել եւ դեն էին նետել։ Շարամբեյանն այն գտել էր՝ սպիտակ գույնով պատված եւ բերել թանգարան, ամրացրել պատին՝ դարձնելով ինտերիերի մաս:
Ցուցանմուշները տեղափոխելու հրաման Գեւորգ Մակվեցյանը ստացել է Հովհ․ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանից։ Ասում է՝ հրամանում նշված էր, որ նմուշները Երեւան են տարվել էքսպոզիցիաների փոփոխության նպատակով։ Վերադարձվելո՞ւ են դրանք արդյոք եւ ի՞նչ ցուցանմուշներով են փոխարինվելու, պարզ չէ․ հրամանում այդ մասին ոչինչ չի ասվում։
«Այս պահին ոչ մի բան չենք կարող ասել։ Միասնական մի թանգարան է, Դիլիջանը մեր մասնաճյուղն է, եւ բացարձակ կապ չունի, թե որ ցուցանմուշը որ պահին որտեղ է»,-ասում է Հովհ․ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի փոխտնօրեն Եվգենյա Քալանթարյանը։
Ըստ նրա, թանգարանային նմուշները Երեւան են տեղափոխել ցուցահանդես կազմակերպելու համար։ Ե՞րբ է լինելու ցուցահանդեսը, հայտնի չէ։
Թանգարանի աշխատակիցներն ու Դիլիջանի մտավորականներն անհանգիստ են․ մտավախություն ունեն, որ ցուցանմուշները Երեւան են տարվել անվերադարձ։ Պատճառը պտտվող խոսակցություններն են, թե ստեղծագործական կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղն առանձնացվելու է Երեւանի մայր թանգարանից ու անցնելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Թանգարանը ու դրա մասնաճյուղը խոսակցությունները հաստատող որեւէ պաշտոնական հրաման չեն ստացել։
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը (հարցազրույցի պահին դեռ պաշտոնավարում էր-հեղ․) Մեդիամաքսին ասել է, որ այդպիսի որոշում կա եւ այն պետք է ներկայացվի կառավարության հաստատմանը.
««Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի Դիլիջանի մասնաճյուղը Երևանի մայր թանգարանից առանձնացվել է՝ մասնաճյուղի զարգացման համար ավելի լայն հնարավորություններ ստեղծելու, նոր, ժամանակակից գաղափարներ, ֆինանսական ներդրումներ եւ զբոսաշրջային հոսքեր ապահովելու համար»։
1979 թվականին Ժողովրդական արվեստի թանգարանը Դիլիջանում հիմնել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը։ Որպես տարածք՝ նա հատկացրել է իր տունը, որը Դիլիջանի ամենահին շինություններից մեկն է, եւ եղել է մշակույթի գործիչ իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը։ Այն ներառված է Դիլիջանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
«Այդ թանգարանի շենքն ինքնին արդեն թանգարան է։ Շենքի հետ կապված այնքան պատմություններ կան․Չինգիզ Այթմատովն է եղել այնտեղ, Կուլիջանովը, երբ Վանիկը (Հովհ․ Շարամբեյան-հեղ.) հիվանդ էր, Ֆրունզիկը գալիս էր նրան այցելության։
Ամեն ինչից անտեղյակ՝ իմանում ենք, որ թանգարանից ցուցանմուշները, որ դիլիջանցի ստեղծագործողների աշխատանքներն են, հավաքել, տարել են։ Բայց չէ՞ որ կան մարդիկ՝ մտավորականներ, քաղաքապետարան, Շարամբեյանի ընտանիքը, լավ կլիներ, որ էդ ամենն անելուց առաջ մեզ հետ հաշվի նստեին, շատ էլ, որ թանգարանը ենթակա է ժողովրդական ստեղծագործության կենտրոնին»,- վրդովված պատմում է նկարիչ, թանգարանի նախկին տնօրեն Ղազար Ղազարյանը։
Դիլիջանի մտավորականները, թանգարանի աշխատակիցները, նաեւ՝ քաղաքային իշխանություններն ասում են, որ ամեն ինչ անելու են Դիլիջանի պատմության կարեւոր մաս դարձած նմուշները վերադարձնելու համար։
«Թանգարանի էքսպոզիցիան վերականգնվելու է անշուշտ, բոլոր նմուշները վերադարձվելու են եւ, հարկ եղած դեպքում, Երեւանի «կենտրոնից» բերվելու են ցուցանմուշներ՝ էքսպոզիցիան համալրելու համար»,- Մեդիամաքսին վստահեցրել էր Արմեն Ամիրյանը։
Իսկ առայժմ Դիլիջանում սպասում են ցուցանմուշների, որոնցով պետք է լրացվեն ցուցադրության բաց մնացած մասերը։
«Այս պահին թանգարանը գործում է, մենք թարմացրել ցուցադրությունը պահեստային ֆոնդերից, բայց թանգարանն առաջվա փայլն էլ չունի։ Էքսպոզիցիան շատ կիսատ-պռատ է»,- ասում է Գեւորգ Մակվեցյանը։
Հ. Գ. Երբ նյութը պատրաստ էր հրապարակման, Գեւորգ Մակվեցյանը Մեդիամաքսին տեղեկացրեց, որ Շարամբեյանի անվան ստեղծագործական կենտրոնից իրենց հատկացրել են 15 ցուցանմուշ, խոստացել են շարունակել համալրումը: Դիլիջանից տարված նմուշների վերադարձի մասին խոսք չի եղել:
Լուսինե Ղարիբյան

















