Երեւան: Մեդիամաքս: Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի թանգարանի բացումը նախատեսվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի 110-ամյակի օրը։
Այդ մասին հայտնում են «Ռենեսանս» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամից, որն իրականացնում է «Սարոյան հաուս» նախագիծը:
Փետրվարի 23-ին նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը եւ «Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մուգրդեչյանը Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդին են ներկայացրել նախագիծը։ Վերջինս ողջունել է այն եւ աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպմանը նշվել է, որ Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի եւ անհայտ դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային եւ կրթական կենտրոններից մեկը։
Թանգարանի հյուրերը հնարավորություն կունենան տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։
















