Բեռնարդ Քուշները դարձել է «Ավրորա»-ի ընտրող հանձնաժողովի անդամ - Mediamax.am

9339 դիտում

Բեռնարդ Քուշները դարձել է «Ավրորա»-ի ընտրող հանձնաժողովի անդամ


Բեռնարդ Քուշները
Բեռնարդ Քուշները

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները դարձել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ:

Քաղաքական գործիչ եւ բժիշկ Բեռնարդ Քուշները համահիմնադիրն է Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության (1971թ.), ինչպես նաեւ «Աշխարհի բժիշկներ» (Médecins du Monde) կազմակերպության (1980թ.):

 

2007-2010 թթ. նա զբաղեցրել է Ֆրանսիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի պաշտոնը, իսկ ավելի վաղ եղել է Ֆրանսիայի առողջապահության նախարար: Կազմակերպել է մարդասիրական աջակցության գործողություններ Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում, Սիրիայում, Վիետնամում, Կամբոջայում, Թայլանդում, Ուրուգվայում, Պերուում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Չադում, Լիբիայում, Նիգերիայում եւ այլուր: Բեռնարդ Քուշները նաեւ ղեկավարել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բժշկական օգնության գործողությունները 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո:

 

«Շատ ուրախ ենք, որ Բեռնարդ Քուշները դառնում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ: Նա ողջ կյանքի ընթացքում իր ժամանակն ու հմտությունները ծառայեցրել է արտակարգ իրավիճակներում հայտնված երկրներին աջակցելուն,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: - Քուշների եւ նրա կազմակերպության շնորհիվ 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած մարդիկ ստացան անհետաձգելի բուժօգնություն: Մենք երախտապարտ ենք նրա անգնահատելի ջանքերի համար եւ ուրախ ենք, որ իր փորձառությամբ նպաստելու է «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին ընտրելու գործընթացին»:

 

«Ինձ համար մեծ պատիվ է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալը՝ դառնալով մի նախաձեռնության մաս, որը կարճ ժամանակամիջոցում արդեն մեծ ազդեցություն է գործել հազարավոր մարդկանց կյանքում: Ես հնարավորություն եմ ունեցել ճանաչելու արտակարգ իրավիճակներում գործող բազմաթիվ հերոսների եւ այժմ անհամբեր եմ ընտրելու նվիրյալների՝ որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ»,- ասել է Բեռնարդ Քուշները:

 

Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

 

2018թ. «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից:

 

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի $‌100 000-ի պարգեւ եւ հնարավորություն՝ $‌1 մլն-ի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին