Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասն այսօր հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը՝ արձագանքելու երկրի առողջապահական համակարգում առկա մարտահրավերներին եւ անհավասարություններին:
Այս մասին ասված է զեկույցում, որը ներկայացվել է Դայնիուս Պուրասի՝ Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի ավարտին։
«Հայաստանն իրականացրել է մի շարք գովելի բարեփոխումներ, սակայն մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության իրավունքի իրացումը դեռեւս բախվում է մի շարք լուրջ մարտահրավերների՝ կապված առողջապահության նկատմամբ հնացած մոտեցումների եւ շարունակական անհավասարությունների խնդրի հետ»,-ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանն առաջընթաց արձանագրելու լավ հնարավորություններ ունի, սակայն կան կառուցվածքային եւ համակարգային մարտահրավերներ թե՛ օրենսդրական, թե՛ գործնական դաշտերում:
«Առողջապահության ոլորտի պետական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից ցածր են, սա աշխարհի ամենացածր ցուցանիշներից է»,- ասել է Դայնիուս Պուրասը։
«Երկիրը շարժվում է դեպի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգ, որտեղ բնակչության կոնկրետ խմբերի, հիմնականում՝ քաղաքացիական ծառայողների եւ սոցիալապես անապահով խմբերի համար վերանայված արտոնությունների մասով որպես երրորդ կողմ հանդիսացող կառավարիչներ կներառվեն մասնավոր ապահովագրողները։ Սա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ համակարգում ներառվելու իրավասության, ընդգրկման եւ ֆինանսավորման տեսանկյունից. հավանական են անհավասարություններ եւ անարդյունավետ գործառնություններ, եթե չապահովվի ուժեղ վերահսկողություն եւ թափանցիկություն»,- հավելել է փորձագետը։
Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել «հրաժարվել հոգեկան առողջության հնացած քաղաքականություններից եւ ծառայություններից, որոնք հիմնվում են մեծ հոգեբուժական հիվանդանոցների եւ երկարաժամկետ խնամք տրամադրող հաստատությունների վրա»։
Փորձագետը կոչ է արել Հայաստանին առանձնակի ուշադրություն դարձնել այնպիսի խմբերի կարիքների բավարարմանը, ինչպիսիք են երեխաները, միգրանտները, թմրադեղեր օգտագործողները, հաշմանդամություն ունեցողները՝ ապահովելու «Կայուն զարգացման 2030 օրակարգով» սահմանված առողջապահական թիրախների ձեռքբերումը։
















