Երեւան: Մեդիամաքս: ԵԼՔ դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի փակումը։
Հայտարարության մեջ ասված է.
«Օրերս վարչական լծակների գործադրմամբ եւ սպառնալիքների ներքո փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով ցուցահանդեսի կապակցությամբ իր հասցեին հնչել են սպառնալիքներ: Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ ցուցահանդեսի փակումը պատճառաբանել է դրանում որոշակի շտկումներ կատարելու անհրաժեշտությամբ:
ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է ցուցահանդեսի արգելումը: Սա մշակութային գրաքննության նենգ դրսեւորում է, որը պայմանավորված է քաղաքական նկատառումներով եւ սեփական պատմությանը առերեսվել չկարողանալու խիստ սահմանափակ մտածողությամբ: Մենք դատապարտում ենք մշակույթի նախարարության այսօրինակ քաղաքականությունը, որը միանգամայն հարիր է խորհրդային տոտալիտար համակարգի գործելաոճին եւ կարող է դառնալ չափազանց վտանգավոր նախադեպ:
ԵԼՔ դաշինքը պահանջում է ցուցահանդեսի վերաբացում առանց որեւէ գրաքննության: Մշակույթի նախարարությանը կոչ է անում իր վրա չվերցնել մշակութային ոստիկանության գործառույթներ, ինչպես նաեւ՝ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում է Նարինե Թուխիկյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու խնդրի վրա»:
Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, «Ազատության» խնդրանքով պարզաբանելով «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակումը, նշել է, թե այն «քաղաքականացված էր»: «Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, այն մի փոքր քաղաքականացված էր: Երեւի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի»,- ասել է փոխնախարարը:
Ստալինյան բռնատիրության զոհերին, որոնց թվում էին նաև Հովհաննես Թումանյանի երեք որդիները, նվիրված ցուցահանդեսի բացվել էր օգոստոսի 4-ին` Հովհաննես Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում:
«Ցուցահանդեսը բոլշևիկյան տեռորի մասին է. առանցքում Թումանյանի երեք զավակներն են, որոնք ստալինյան բռնաճնշումների զոհ դարձան: Նրանք անմեղ էին, վեհ, ազնիվ ու բարձր մարդկային արժանիքներ ունեին: Թումանյանի զավակների միջոցով մենք պատմում ենք մի սերնդի ճակատագրի մասին, որ իշխանությունների հիստերիկ, շիզոֆրենիկ քաղաքականության զոհը դարձավ»,- նշել էր թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: