2018-ը սարոյանական տարի է հայտարարված: Աշխարհը պատրաստվում է տարաբնույթ միջոցառումներով նշել գրողի 110-ամյակը․ Հայաստանից մինչեւ Ամերիկա, Ամերիկայից մինչեւ Աֆրիկա եւ Ավստրալիա անցկացվելու են դասախոսություններ, ցուցահանդեսներ եւ սարոյանական պիեսների բեմականացումներ: 2019-ին էլ նույնպիսի հանդիսավորությամբ աշխարհը պատրաստվում է նշել Հեմինգուեյի 120-ամյակը: Այնքան էլ զարմանալի չէ, որ ամերիկյան գրականության երկու մեծ գրողների ամյակները հաջորդում են մեկը մյուսին: Նրանց կենդանության օրոք էլ այս գրողների ճակատագրերը հաճախ են իրար խաչվել, սակայն այդպես էլ նույն հունով չեն գնացել: Նրանց երկուսի անունները հաճախ են հայտնվել իրար կողքի եւ ոչ միշտ դրական իմաստով: Նրանք, այսպես ասած, միշտ չէ, որ հաշտ են եղել իրար հետ:
Հեմինգուեյի եւ Սարոյանի վեճերի ու կռիվների մասին կան տարբեր պատմություններ: Տասնյակ տարիներ անց էլ համաշխարհային մամուլում այս թեմայով պարբերաբար հայտնվում են տարբեր հրապարակումներ: Դրանց որոշ մասը, սակայն, հաճախ բավականին հեռու է իրականությունից: Սարոյան-Հեմինգուեյ կապն ավելի ճիշտ հասկանալու համար խոսենք օրինակներով:
Հենց սկզբից, երբ Սարոյանը մուտք գործեց գրականություն, քննադատները նրա գրելաոճը նմանեցրին Սթայնբեքին եւ Ֆոլքներին: Շատերն էլ զուգահեռներ էին տանում Հեմինգուեյի հետ. ի դեպ, այդ փաստն այնքան էլ դուր չէր գալիս վերջինիս: Պատճառը գուցե այն էր, որ իր հենց առաջին լույս տեսած գրքի «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքում Շերվուդ Անդերսոնի անվան կողքին Սարոյանը հիշատակել էր նաեւ Հեմինգուեյին` իրեն բնորոշ անչար հեգնանքով: Այդ առիթով չէր ուշացել նաեւ Հեմինգուեյի պատասխանը «Esquire» ամսագրում: Նա Սարոյանին բնութագրել էր որպես «բռան մեջ հազիվ տեղավորվող» նորելուկ գրողի, որին թվում է, թե ինքը կարող է ինչ-որ փոփոխություններ անել: Գրականության դաշտում իր ծանրակշիռ տեղն ունեցող գրողի ծաղրական կարծիքը, սակայն, ոչ մի կերպ չխանգարեց Սարոյանին փառքով մուտք գործելու գրականություն:
Լուսանկարը` https://en.wikipedia.org
Ավելին, գրականագետների եւ լրագրողների համեմատականները սկսեցին ոչ միշտ Հեմինգուեյի օգտին աշխատել: Ամեն ինչ ավելի սրվեց, երբ մի հայտնի լրագրողի հոդվածում այսպիսի տող հայտնվեց. «Ճիշտ է, գուցեեւ Սարոյանը նմանակում է Հեմինգուեյին, սակայն դա նրա մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան հենց իր՝ Հեմինգուեյի մոտ»:
Այս խոսքերը բավական հայտնի էին դարձել այդ ժամանակվա գրական աշխարհում: Դա էր թերեւս պատճառը, որ շատ շուտով Հեմինգուեյն իր հոդվածում, ուսուցողական տոնով դիմելով Սարոյանին, գրում է. «Պետք է գրես ոչ թե քո մասին, այլ քեզ համար»: Պատահական չէ, որ այս դիտարկումը Հեմինգուեյն արել էր գրող-ստեղծագործություն փոխհարաբերության տեսանկյունից: Երկու գրողներն էլ ունեին մեկ ընդհանրություն. երկուսն էլ գրում էին միայն այն մասին, ինչ ստուգված էր սեփական փորձով, ինչ ապրել ու զգացել էին անձնապես:
Ընդհանրություններին միշտ զուգահեռվում էին տարբերությունները: «Կորուսյալ սերնդի», պատերազմի աղետաբեր հետեւանքների, անհատի անպարտելիության մասին գրող Հեմինգուեի` երբեք չհանձնվող հերոսին որոշակի առումով հակակշիռ դարձավ նույն դաժան աշխարհում ապրող, սակայն կյանքը կենսախնդորեն ընդունող եւ դրա շնորհիվ ժամանակի հարվածները հաղթահարող սարոյանական հերոսը: Մեծ դեպրեսիայի տարիներին եւ հետո Սարոյանի հերոսները կարծես «դեղ» էին դարձել հանրության համար: Հեմինգուեյը ռեալիստորեն էր պատկերում կյանքը` անխնա ներկայացնելով եւ քննադատելով կյանքի բոլոր բացասական կողմերը: Նույնքան ռեալիստորեն կյանքը ներկայացնում էր Սարոյանը՝ չմոռանալով սակայն դաժան իրականությունը մեղմել լավատեսական երանգներով:
Հարկ է նշել, որ շատ հաճախ հենց քննադատներն էին արհեստական լարում ստեղծում Հեմինգուեյի եւ Սարոյանի փոխհարաբերություններում` շարունակ համեմատելով նրանց: Ոմանք բարձրացնում էին Սարոյանին՝ անտեսելով Հեմինգուեյին, ոմանք էլ` ճիշտ հակառակը: Տարիների հեռվից դժվար է հասկանալ, թե առհասարակ ինչ կարիք կար համեմատելու մեկին մյուսի հետ: Եթե երիտասարդ Սարոյանի ոճն ամենասկզբում գուցե եւ նմանվում էր Հեմինգուեյին, ապա ընդամենը մի քանի տարի անց Սարոյանն ապացուցեց բոլորին, որ ունի իր սեփական անկրկնելի ոճը: Ընդ որում, այնքան անկրկնելի, որ տարիներ հետո այն պետք է կոչվեր առանձին` «սարոյանական» ոճ: Նույն կերպ Հեմինգուեյի ոճն ու ստեղծած գրական հնարանքները մինչ օրս մնում են անգերազանցելի:
Լուսանկարը` http://www.socialbookshelves.com
Սարոյանի գրական յուրահատկության առաջին ապացույցն եղավ այն, որ 1940-ին «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար գրականության ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակն ստացավ 32-ամյա երիտասարդ գրող Սարոյանը` առաջ անցնելով ժամանակի ավելի տարիքով եւ անուն հանած գրողներից: Բնական է, որ դա ոչ բոլորին ուրախացրեց: Իսկ բավականին ծանր պայմաննեում ապրող, պարտքերի մեջ խրված Սարոյանը հրաժարվեց մրցանակից, որը կազմում էր 10 հազար դոլար՝ ահռելի գումար այդ տարիների համար, պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին: Սարոյանի այս քայլը շատերին դուր չեկավ: Առաջին հերթին` ընտանիքի անդամներին եւ գրական ընկերներին: Չուշացավ նաեւ այդ առիթով Հեմինգուեյի հեգնանքը: «Ի՞նչ կարիք կար 14 տարի անց կրկնելու Սինկլեր Լյուիսի արարքը։ Բոլորը չէ, որ Պուլիցերյան մրցանակից հրաժարվելուց հետո Նոբելյան մրցանակ են ստանում»:
Սինկլեր Լյուիսը հրաժարվել էր Պուլիցերյանից եւ 4 տարի հետո արժանացել Նոբելյան մրցանակի: Ինքը`Հեմինգուեյը Պուլիցերյան մրցանակ ստացավ Սարոյանից 13 տարի հետո միայն, որից մեկ տարի հետո էլ ստացավ Նոբելյան մրցանակ: Նոբելյան մրցանակ Սարոյանն այդպես էլ չստացավ:
Բնական է, որ Սարոյանին բոլորովին դուր չէին եկել Հեմինգուեյի խոսքերն իր արարքի վերաբերյալ, եւ նա էլ իր հերթին հեգնում է Հեմինգուեյի «Մահը կեսօրից հետո» պատմվածքը` ասելով. «Իրականում այն (պատմվածքը – հեղ․) ինձ դուր է գալիս… անգամ եթե նա ( Հեմինգուեյը) հիմար է, նա գոնե ճշտախոս հիմար է, նա ձեզ պատմում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ թույլ չի տալիս, որ դեպքի արագությունն իր նկարագրությունը դարձնի չմտածված, իսկ դա, ինչ խոսք, մեծ նվաճում է»:
Սարոյանի քննադատական այս կատակին հետեւում է Հեմինգուեյի պատասխանը: «Աստված վկա է, պարոն Սարոյան, եղել են մարդիկ՝ շատ ավելի լավը, քան դուք, եկել են ու գնացել: Եվ հետո ոչ ոք չի հիշել նրանց մասին, արագ մոռացվել են»:
Կյանքը, իհարկե, ցույց տվեց, որ այս հարցում Հեմինգուեյը սխալվում էր․ Սարոյանը եկավ, բայց չգնաց, այլ հաստատուն կերպով մնաց համաշխարհային գրականության գանձարանում:
1943 թվականը նույնպես ճակատագրական էր գրողների համար: Տարին հաջողակ դարձավ սակայն միայն Սարոյանի համար: 36 տարեկանում «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար նա արժանացավ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Այդ թվին էկրան էր բարձրացել նաեւ Հեմինգուեյի «Ու՞մ համար է ղողանջում զանգը» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ, ի դեպ, խաղում էր ազգությամբ հայ Ակիմ Թամիրովը եւ այդ ֆիլմում խաղացած դերի համար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում առաջադրվել էր մրցանակի: Ֆիլմն առհասարակ առաջադրված էր 7 տարբեր անվանակարգերում, որոնցից ոչ մեկում Հեմինգուեյը ներառված չէր: Իսկ արդեն օսկարակիր Սարոյանի առջեւ խոնարհվեց ողջ Հոլիվուդը: Առհասարակ, «Մարդկային կատակերգություն» ֆիլմն իր հաջողությամբ, կինոթատրոններում հաճախելիությամբ եւ ստացված հասույթով մի քանի անգամ գերազանցեց «Ու՞մ համար է ղողանջում զանգը» ֆիլմին: Ու թեեւ մասնագիտական հաջողությունների պակաս Հեմինգուեյը չուներ, սա եւս մեկ անգամ ակամա լարում մտցրեց նրանց փոխհարաբերություններում:
Լուսանկարը` https://en.wikipedia.org
Պատմություններ կան նաեւ այն մասին, որ իբրեւ նրանց վեճերը երբեմն խոսքից անցել են ծեծի: Ամենահայտնի պատմությունն այն է, որ իբրեւ հետպատերազմյան Փարիզի «George V» ռեստորանում հարբած Հեմինգուեյը, տեսնելով Սարոյանին, բացականչում է. «Աստված իմ, ի՞նչ է անում այստեղ այս լրբի տղա հայը»: Եվ այս խոսքերից հետո Սարոյանը հարձակվում է Հեմինգուեյի վրա, եւ բազմաթիվ լրագրողների, զինվորականների ներկայությամբ նրանք սկսում են սոսկալի ծեծկռտուք` ջարդուփշուր անելով ողջ ռեստորանը: Ի դեպ, նման պահվածք սպասելի էր երկուսից էլ, քանի որ երկուսն էլ խառնվածքով շատ տաքարյուն էին, եւ գուցե այս պատմությունը շատ արժանահավատ թվար, եթե չլիներ մի շատ կարեւոր բայց: Այդ օրը ռեստորանում ներկա էին եղել տասնյակ լրագրողներ, եւ անհնար էր, որ Հեմինգուեյի եւ Սարոյանի մասին շատ անգամ կեղծ պատմություններ գրող, անվերջ սենսացիաներ փնտրող այդ թվականների մամուլը ոչ մի կերպ չանդրադառնար ամերիկյան գրականության երկու մեծերի կռվին: Այդ ժամանակների համար դա իսկապես ցնցող սենսացիա էր: Սակայն հաջորդ օրը ոչ մի թերթում տող անգամ չի գրվում այդ մասին: Տարիներ հետո էլ թե՛ Հեմինգուեյը, եւ թե՛ Սարոյանը հերքել են այդ կռվի մասին պատմությունը:
Կա ծեծկռտուքի եւս մի պատմություն, որը շատերի կարծիքով նույնպես հորինված է: Պատմում են, որ այս անգամ արդեն ԱՄՆ-ում ինչ-որ գրական հավաքի ժամանակ, որը տեղի էր ունենում բոհեմական հայտնի բարերից մեկում, ներս է մտնում մի գեղեցիկ հայ կին, որին տեսնելով Հեմինգուեյը բացականչում է. «Ի˜նչ հիանալի բարեմասնություններ ունի այս հայ փողոցայինը»: Եվ իբրեւ դրանից հետո Սարոյանը սկսում է բռունցքներով հարվածել Հեմինգուեյին: Ըստ էության, այս պատմությունը եւս քիչ հավանական է․ Հեմինգուեյը չէր կարող ներկա լինել այդ հավաքին, քանի որ այդ ժամանակ կնոջ հետ գտնվում էր Փարիզում: Սակայն Հայաստանում տված հարցազրույցներից մեկում Սարոյանն ամեն դեպքում խոստովանում է, որ մի անգամ ամերիկյան մի բարում հարվածել է Հեմինգուեյին` տապալելով այդ ամրակազմ եւ ֆիզիկապես շատ ուժեղ մարդուն գետնին. «Անիկա իմ ազգային արժանապատվությունս վիրավորեց,- այսպես է պատճառաբանել իր հարվածը Հեմինգուեյին Սարոյանը, եւ հետո հավելել, - բայց նա հարբած էր»:
Ասում են նաեւ, որ Փարիզի սրճարաններից մեկում մինչեւ հիմա մի ցուցանակ է կախված, որի վրա գրված է․ «Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու Սարոյանը»:
Ի դեպ, Հեմինգուեյի` հայերի հանդեպ ունեցած սրտացավ վերաբերմունքի մասին գրեթե չի խոսվում: Իր «Մեր ժամանակները» ժողովածուի «Զմյուռնիայի նավահանգստում» պատմվածքում նա անդրադառնում է Զմյուռնիայում թուրքերի իրականացրած հույների ջարդերին: Առաջին աշխարհամարտի տարիներին 29-ամյա Հեիմնգուեյը որպես լրագրող անձամբ է ականատես եղել թուրքերի վայրագություններին: Պատմվածքը գրելու ընթացքում սկսում է ծանոթանալ Թուրքիայի կատարած հանցագործությունների տարբեր փաստերին` բախվելով նաեւ Հայոց ցեղասպանության արխիվներին: Ցեղասպանության մասին նյութերն այնպես են ազդում նրա վրա, որ գրողն ընկնում է ծանր հոգեկան վիճակի մեջ: Իր այդ տանջալից ապրումների մասին Հեմինգուեյը գրում է. «Առաջին անգամ կյանքում ես ընկա այնպիսի վիճակի մեջ, որ այդ ամենը տեսնում էի նաեւ երազում: Մորթված հղի կանայք եւ նորածին երեխաներն իրար ձեռք բռնած ինձ այցի էին գալիս գիշերով»:
Լայն հանրությանն ավելի հայտնի են ազգությամբ հայ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի եւ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ Հեմինգուեյի հանդիպումները: Համերգային շրջագայությամբ Կուբայում գտնվող Արամ Խաչատրյանին տիկնոջ հետ սիրով իր տուն է հրավիրում Հեմինգուեյը, հյուրասիրության ընթացքում խոստովանելով, որ ինքն ու կինը նրա երաժշտության մեծ երկրպագուն են: Իսկ հետո ցույց է տալիս երաժշտական իր հավաքածուում պահվող խաչատրյանական երաժշտության շուրջ երկու տասնյակի հասնող ձայներիզները: Խաչատրյանի արվեստի հանդեպ իր սիրո մասին Հեմինգուեյը խոստովանում է նաեւ Միկոյանի եւ նրա որդու հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, Խաչատրյանը, ի տարբերություն Միկոյանի, ռուսական օղուց բացի չէր մոռացել Հեմինգուեյին նվիրել նաեւ հայկական կոնյակ՝ հատուկ շեշտելով, որ այն Երեւանից է:
Լուսանկարը` http://hemingway-lib.ru
Հավանաբար, թե՛ հայ մաեստրոն (այդպես էր նրան դիմել նաեւ Հեմինգուեյը), թե՛ հայ խորհրդային գործիչը իսկապես դրական տպավորություն են թողել Հեմինգուեյի վրա, եւ գուցե հենց այդ պատճառով այդ հանդիպումներից մեկ տարի անց մահից առաջ տված վերջին հարցազրույցներից մեկում Հեմինգուեյն այսպիսի խորհրդանշական կարծիք է հայտնել Սարոյանի մասին. «Գիտե՞ք, նա մի գրական առավելություն ունի բոլորիս հանդեպ․ դա նրա հայ լինելն է»:
Տարիները շատ սուր կողմեր են հարթեցրել երկու հանճարեղ գրողների հարաբերություններում, եւ Հեմինգուեյի մահից հետո Սարոյանն էլ միշտ դրական է խոսել նրա մասին՝ շատ բարձր գնահատելով Հեմինգուեյի արվեստը` համարելով նրան ամենամեծ անգլիալեզու գրողը: Առհասարակ, թվում է, որ նրանց` իրար հանդեպ տածած ատելության մասին պատմությունները չափազանցված են: Այդ մասին ավելի շատ խոսել են, քան եղել է իրականում: Անժխտելի է, որ նրանց հարաբերություններում լարվածություն եղել է, եւ նրանք բնավ էլ ընկերներ չեն եղել, սակայն, եթե անգամ որոշակի թշնամանք եղել է, ապա նրանք երբեք չեն մոռացել հարգանքով վերաբերվել միմյանց: Երբ ավելի մոտիկից ես ծանոթանում նրանց ստեղծագործություններին ու կենսագրությանը, հասկանում ես, որ որոշակի առումով իրար նման էին եւ փոխլրացնում էին միմյանց: Երկուսի համար էլ մարդը ծնվել էր հաղթելու համար, երկուսի հերոսներն էլ չգիտեին պարտվել: Իսկ մի՞թե հենց այդպիսին չէին նաեւ Վիլյամ Սարոյանն ու Էռնեստ Հեմինգուեյը:
Սոսսի Խանիկյան
Հոդվածը գրելիս օգտագործվել են հետեւյալ աղբյուրները`
Lawrence Lee, Barry Gifford, “Saroyan: a biography”, University of California Press, 1998.
John Legget, “A daring young man: a biography of William Saroyan”, New York Knoph. 2002.
Sacvan Bercovitch, Cyrus R. K. Patell, “The Cambridge History of American Literature: Volume 6, Prose Writing, 1910-1950”, Cambridge University Press, 1994.
Leo Hamalian, “William Saroyan: The Man and the Writer Remembered”, Fairleigh Dickinson University Press, 1987
В. В. Есаков, « Разговоры за кулисами: невероятные и правдивые истории о музыке и музыкантах», Классика ХХЫ, 2000.
Александр Кузьмищев, « Листок из блокнота "папы" Хэма», Независимая газета, 10.03.2000.
Юрий Папоров, «Хемингуэй на Кубе: очерки», Сов. писатель, 1982.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: