Բյուրականի աստղադիտարանը ծրագրում է գիտակրթական կենտրոն հիմնել - Mediamax.am

6113 դիտում

Բյուրականի աստղադիտարանը ծրագրում է գիտակրթական կենտրոն հիմնել


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը քննարկում է գիտակրթական կենտրոնի ստեղծումը, որի գործունեությունը հիմնված կլինի հայկական վիրտուալ աստղադիտարանի միջոցով ժամանակակից եղանակներով աստղագիտության ուսուցման գաղափարի վրա։

Առաջարկն այսօր ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն Արագածոտն կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է նաեւ Բյուրականի աստղադիտարանում:

 

Աստղադիտարանը ծրագրում է ստեղծել նաեւ այցելությունների կենտրոն, որի կազմում կկառուցվի աստղագիտության պատմության թանգարան, աստղացուցարան (պլանետարիում), հանրային դասախոսությունների սրահ, կբարեկարգվեն աստղադիտակ տանող ճանապարհը եւ հարակից տարածքները։

 

Սերժ Սարգսյանն աստղադիտարանի ղեկավարության եւ ՀՀ ԳԱԱ նախագահի հետ քննարկել է ներկայացված առաջարկների իրականացման հնարավորություններն ու խնդիրները:

 

Քննարկվել են նաեւ աստղադիտարանի կողմից Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի եւ նրա կանոնակարգի փոփոխման մասին առաջարկությունները, որոնք նպատակ ունեն մրցանակը դարձնել Հայաստանի համար ավելի օգտակար եւ արդյունավետ:

 

Մրցանակի առաջարկվող ձեւափոխությունը, ըստ այն ներկայացնողների, մեծապես կնպաստի Հայաստանում աստղագիտական հետազոտություններին, ինչպես նաեւ հայ գիտնականներին հնարավորություն կտա ավելի ակտիվորեն ինտեգրվել միջազգային աստղագիտական հանրությանը, ուսանողների եւ աշակերտների շրջանում կմեծացնի աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին