1471 թվականի «հրաշագործ» Ավետարանը հանգրվանել է Մատենադարանում - Mediamax.am

9546 դիտում

1471 թվականի «հրաշագործ» Ավետարանը հանգրվանել է Մատենադարանում


Լուսանկարը` Photolure

Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը
Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը

Լուսանկարը` Photolure

Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը եւ Վահան Տեր-Ղեւոնդյանը
Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը եւ Վահան Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Հրաշափառ», «հրաշագործ» անունով ու զորությամբ հայտնի 15-րդ դարի ձեռագիր Ավետարանը մոտ մեկ դար Դադայան ընտանիքի նվիրական սրբությունն է: Երկար ճանապարհ անցած սուրբ գիրքը 100 տարի անց նորից վերադարձել է Հայաստան, այս անգամ՝ ընդմիշտ:

Հրայր Դադայանը եւ Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը արժեքավոր ձեռագիրն այսօր հանձնել են Մեսրոպ Մաշտոցի անվան  Մատենադարանին:

 

Դադայանները 1918 թվականին Խարբերդից  գաղթել են Երեւան: Ընտանիքի գլխավորը 6 եղբայրներից ավագի կինը՝ Եղսան էր: Երեւանի հիվանդանոցներից մեկում նա ծանոթանում է մի հիվանդ մարդու հետ, որի անունն ընտանիքի անդամները չեն հիշում: Նա Եղսայից մի վերմակ է խնդրել, որովհետեւ մրսում էր եւ ջերմում: Որպես վստահելի եւ հավատացյալ կնոջ՝ հիվանդը նրան է հանձնել զորավոր Ավետարանը՝ խնդրելով ապահով պահել, մինչեւ կառողջանա:  Ցավոք, մահացել է:

Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը

Լուսանկարը` Photolure

1471 թվականին Երուսաղեմում գրված Ավետարանը Դադայանները սերնդեսերունդ սրբությամբ են պահել՝ հավատալով, որ իրականում զորավոր գիրքն է հաճախ պահել իրենց: Ամերիկաբնակ Հռիփսիմե Դադայանը հիշում է, որ Ավետարանին կպնելու թույլտվություն հազվադեպ էին ստանում: Բացելուց առաջ էլ մեծ մայրը զգուշացնում էր՝ ձեռքերդ երեք անգամ լվա, խաչակնքվիր:

 

«Արեւմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում է պահվել Ավետարանը: Եկեղեցին ուխտատեղ էր դարձել: Մեծ մայրս ասում էր, որ նույնիսկ քրդերն էին գնում, մանավանդ՝ հիվանդները, կաղերը, որովհետեւ հավատում էին Ավետարանի հրաշագործ լինելուն:

 

Մեծ մայրս էլ ամեն շաբաթ երեկո մոմ էր վառում Ավետարանի մոտ եւ աղոթում Հայաստանում մնացած մեր բարեկամների, հայ ազգի, բանտարկյալների, զինվորներին համար, մեկ-մեկ բոլորին հիշում էր»,- պատմում է Հռիփսիմե Դադայանը:

 

Ավետարանը Երեւանից տեղափոխվել է Մարսել, հետո՝ Ամերիկա: Քույր եւ եղբայր Հրայր եւ Հռիփսիմե Դադայանները, ժառանգելով ընտանեկան հարստությունը, որոշել են այն նվիրել Մատենադարանին:

Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը եւ Վահան Տեր-Ղեւոնդյանը Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը եւ Վահան Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Photolure

Նվիրատվության արարողությանը ներկա են Եղսա Դադայանի թոռներն ու ծոռները: Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանն ասել է, որ նվիրատվությունը հատկապես արժեքավոր է, քանի որ այն ընտանիքի համար սուրբ մասունք է: «Հայ ժողովրդին է պատկանում, մեզ տվել էին, որ հոգ տանեինք»,- ասում է տիկին Հռիփսիմեն:

 

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Մատենադարանը ձեռագրերի քանակով (մոտ 4 հազար) Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրատանից հետո երկրորդն է: Երեւանի Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանն ասում է, որ հաճախ Երուսաղեմ գնացող հայ ուխտավորները հանգրվանում էին հիմնականում Հալեպում, որեւէ ձեռագիր պատվիրում Երուսաղեմի վանքին նվիրելու համար: Բայց այս Ավետարանը բացառիկ է:

 

«18-րդ դարի կեսերին Ավետարանը կազմվել է: Ե՛ւ կազմը, ե՛ւ ձեռագրի ոչ այնքան հարուստ մանրանկարչությունը բավական արժեքավոր են: Ես ամբողջ կյանքում Հայաստանում եւ արտերկրում ձեռագրեր եմ ուսումնասիրել, բայց ամբողջությամբ սեւաթով (հատուկ բաղադրությամբ մուգ ներկ) պատված այսպիսի կազմ առաջին անգամ եմ տեսնում: Կան կազմեր, որոնց առանձին մասերն են սեւաթով պատված, բայց որ ամբողջությամբ պատված լինի, առաջին անգամ եմ տեսնում»,- նշել է Գեւորգ Տեր-Վարդանյանը:

 

Ավետարանն այսուհետ տեղ կգտնի մշտական ցուցադրության մեջ: Ցուցասրահի մի անկյունում այս հրաշափառ Ավետարանն է, մյուսում՝ Շուրիշկանի հրաշագործը, որի մասին Մեդիամաքսը ժամանակին պատմել էր:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին