Հայաստանի ապագան կերտող Teach for Armenia-ի «դեսպանները» - Mediamax.am

exclusive
25135 դիտում

Հայաստանի ապագան կերտող Teach for Armenia-ի «դեսպանները»


Լուսանկարը` Teach for Armenia

Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Teach for Armenia

Լուսանկարը` Teach for Armenia

Լուսանկարը` Teach for Armenia

Սեմ Սիմոնյանը
Սեմ Սիմոնյանը

Լուսանկարը` Teach for Armenia

Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Teach for Armenia

Լեւոն Մկրտչյանը
Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` Teach for Armenia

Լուսանկարը` Teach for Armenia


Լոռվա մարզի Լեռնահովիտ գյուղի դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Զինա Ղուկասյանի եւ նրա աշակերտների համար այս ուսումնական տարվա ավարտը շատ հուզիչ է եղել. աշակերտները հրաժեշտ են տվել սիրելի ուսուցչուհուն:

 

Զինան մեկն է այն 14 երիտասարդներից, ովքեր երկու տարի առաջ որոշել էին փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը՝ մեկնելով դասավանդելու հեռավոր մարզերի դպրոցներում: Երկու տարի աշխատելուց հետո այս տարի նրանք ավարտել են «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագիրն ու դարձել Հայաստանում կրթության հավասարության դեսպան: 

 

25-ամյա Զինան հիշում է, որ գյուղ գնալու առաջին օրը շատ զգացմունքային է ստացվել.

 

«Երթուղայինում մտածում էի՝ արդյո՞ք կկարողանամ արդարացնել մարդկանց սպասելիքները: Երեկ աշակերտուհուս՝ Արփինեի հետ նույն երթուղայինով գալիս էինք Երեւան: Ողջ ճանապարհին Արփինեն ասում էր, թե ինչքան է իրենց կյանքը փոխվել այս երկու տարվա ընթացքում, ինչքան հաճույքով են սկսել գնալ դպրոց եւ ինչքան բազմազան է դարձել իրենց առօրյան»:

 

Հունիսի 4-ին Զինան իր աշակերտուհու՝ Արփինե Մանուկյանի հետ մասնակցել է «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրի առաջին շրջանավարտների «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողությանը, որի վարողներից մեկը Արփինեն է եղել:

 

Մասնագիտությամբ միջազգայնագետ Զինան նշում է, որ այս ծրագիրն իր ողջ կյանքն է փոխել, տվել է իր մեջ նոր որակներ եւ հմտություններ զարգացնելու հնարավորություն:

 

«Գյուղական կյանքում ապրելը, երեխաների հետ ամեն օր աշխատելն այնպիսի մեծ ոգեշնչում է բերում, որ կոչ եմ անում բոլորին անպայման դիմել եւ կյանքում ունենալ այս փորձառությունը»,-ասում է նա:

Սեմ Սիմոնյանը Սեմ Սիմոնյանը

Լուսանկարը` Teach for Armenia

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախագահ Սեմ Սիմոնյանն իր ելույթում հիշել է, թե ինչպես երկու տարի առաջ ծանոթացավ «Դասավանդի´ր, Հայաստան»-ի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանի հետ: Գաղափարն իրեն այնքան է ոգեւորել, որ Սեմ Սիմոնյանն որոշել է ամբողջապես ֆինանսավորել «Դասավանդի´ր, Հայաստան»-ի առաջին տարվա գործունեությունը: Սեմ Սիմոնյանը գոհունակություն է հայտնել, որ այսօր նախաձեռնությանը աջակցում են նաեւ Scholae Mundi Armenia հիմնադրամը եւ ՀԲԸՄ-ն:

 

«Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Scholae Mundi Armenia հիմնադրամի նախագահ Վերոնիկա Զոնաբենդն ասել է, որ ուսուցիչների դերը ցանկացած հասարակության մեջ շատ մեծ է, եւ ցավոք, վերջերս այդ դերը որոշ չափով նվազել էր:

Վերոնիկա Զոնաբենդը Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Teach for Armenia

«Բայց հիմա, լավագույն մասնագետներին բերելով այս ոլորտ, մենք փորձում ենք բարձրացնել նրանց դերը եւ այդ մասնագիտությանը կարեւորությունը: Շատ կարեւոր է, որ «Դասավանդի´ր, Հայաստանը» միջազգային գլոբալ ցանցի մաս է կազմում, դա նշանակում է, որ Հայաստանը միանում է աշխարհին, այս ծրագիրը նաեւ կամուրջ է հանդիսանում Հայաստանի եւ սփյուռքի միջեւ», - ասել է նա:

 

Վերոնիկա Զոնաբենդն ասել է, որ այս երկու տարիներին քաղված դասերից մեկն այն է, որ մասնակիցների ընտրությունը պետք է ճիշտ կատարվի. «Պետք է նրանց աջակցենք, ոգեւորենք, որովհետեւ նրանք իրենց սովոր միջավայրից դուրս են գալիս եւ հաճախ ապրում են բավական ծանր պայմաններում: Պետք է ամեն ինչ անենք, որ իրենց մոտիվացիան մնա ամենաբարձր մակարդակի վրա»:

 

«Դասավանդի´ր, Հայաստան»-ի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանն անցած երկու տարին ամփոփելով ասել է, որ սկզբում չէին սպասում, որ ծրագիրն ու մասնակիցներին այդքան ջերմ կընդունեն տարբեր գյուղերում:

Լարիսա Հովհաննիսյանը Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Teach for Armenia

«Ես շատ մեծ էներգիա եմ ստանում ուսուցիչների հանդեպ գյուղացիների վերաբերմունքից եւ շատ ուրախ եմ, որ մեր շարժումը սկսվեց: Մասնակիցների 20-30%-ը սփյուռքից է գալիս, իսկ 70-ը՝ Հայաստանի տարբեր բնակավայրերից եւ Արցախից: Մենք շատ հպարտ ենք, որ համահայաստանյան ծրագիր ենք ստեղծել եւ սփյուռքի հետ միասին մեր երկիրը տանում ենք առաջ»,- ասել է նա:

 

Ծրագրի հիմնադիրը հայտնել է, որ սեպտեմբերից կունենան 80-ից ավելի մասնակից, որոնք կաշխատեն մոտ 5 հազար երեխայի հետ:

 

2017թ.-ին կընդլայնվի դպրոցների աշխարհագրությունը եւ այս տարի արդեն ուսուցիչներ կունենան նաեւ Շիրակի մարզում.

 

«Առաջին տարվանից Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հետ աշխատել ենք, եւ այս տարիներին նրանք մեզ հաճախ էին հորդորում գնալ Շիրակի մարզ, ուրախ ենք, որ կլինենք նաեւ այնտեղ: Նախատեսում ենք առաջիկա 5 տարիներին ուսուցիչներ ունենալ բոլոր մարզերում»:

 

Նա ասել է, որ Հայաստանում այժմ անհրաժեշտություն կա լավագույն մասնագետներին ներառել երկրի ապագայի փոփոխության մեջ եւ հորդորել է չվախենալ ծրագրին մասնակցության որոշումն ընդունելիս.

 

«Եթե հարցնեք մեր 14 դեսպաններին, իրենք կասեն, որ նույնիսկ չեն զգացել, թե ինչպես է անցել այս երկու տարին: Այդ ընթացքում նրանք գտել են իրենց եւ դա արժի ամեն ինչ: Ես կոչ եմ անում, որ մեր երիտասարդները որեւէ խենթ ծրագրով բացահայտեն իրենց ներուժն ու սերը երկրի հանդեպ»:

Լեւոն Մկրտչյանը Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` Teach for Armenia

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասել է, որ այս ծրագրում երեք սկզբունք է կարեւորում. «Առաջինը՝ վստահությունն է, մենք պիտի կարողանանք ձեւավորել վստահություն միմյանց եւ կրթական համակարգի նկատմամբ: Երկրորդը, որը դրված է «Դասավանդի´ր, Հայաստան»-ի հիմքում, կամավորության զգացումն է, առանց որի հնարավոր չէ առաջընթաց արձանագրել: Ամենակարեւոր երրորդ սկզբունքը պատասխանատվությունն է, որը պետք է բոլորս ունենանք՝ հասկանալով, որ գործ ունենք մի ժողովրդի հետ, որը ցանկանում է աշխարհում շարունակել իր հպարտ գոյությունը, որի հիմնական գործիքը կրթությունն է»:

 

«Դասավանդի´ր, Հայաստան»-ի հավաքագրման եւ ընտրության տնօրեն Թենի Ավագյանն ասել է, որ ծրագրի մասնակիցները, մտնելով համայնք, նոր շունչ են բերում, իսկ երեխաների մոտ ցանկություն առաջացնում ներդրում ունենալ համայնքի զարգացմանը:

 

«Այդ եռանդը տարածվում է ողջ համայնքում, իսկապես այս շարժումը ոգեշնչող է բոլորիս համար: Ճիշտ է, բոլոր երիտասարդները դառնալով ծրագրի մասնակից, դպրոցից աշխատավարձ են ստանում, սա կամավորական հիմունքներով աշխատանք չէ, բայց մոտեցումը պետք է ինչ-որ չափով կամավորական լինի»,- ասել է նա: 

 

Այս պահին «Դասավանդի´ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 5 մարզի 35 գործընկեր դպրոցում: Ծրագրի երկու հոսքի 42 մասնակիցներն աշխատում են շուրջ 2663 երեխայի հետ:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին