IDeA հիմնադրամը եւ ԵՄ-ն կգործակցեն Դիլիջանի զարգացման համար - Mediamax.am

7050 դիտում

IDeA հիմնադրամը եւ ԵՄ-ն կգործակցեն Դիլիջանի զարգացման համար


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ու Եվրոպական միության Պատվիրակությունը ստորագրել են «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը:

Դեկտեմբերի 13-ին պայմանագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

 

IDeA հիմնադրամի համար սա համագործակցության նոր ձևաչափ է պետության, Եվրամիության պատվիրակության ու գործընկերների միջև: Նախատեսվում է, որ համագործակցության այս մոդելն ապագայում կդրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա։

 

IDeA հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրի թիրախային նպատակն է աջակցել Դիլիջանում եւ հարակից համայնքներում զբոսաշրջության զարգացմանը` խթանելով նոր աշխատատեղերի ու բիզնես հնարավորությունների ստեղծումը: Ծրագրի իրականացումը կնպաստի Դիլիջան քաղաքի եւ, ընդհանուր առմամբ, Տավուշի մարզի տնտեսական զարգացմանը` նվազեցնելով արտագաղթի միտումները:

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 1 միլիոն 195 հազար եվրո, որից 780 հազարը ԵՄ կողմից տրամադրվող դրամաշնորհն է, 195 հազարը` ազգային համաֆինանսավորումը, 140 հազարը` IDeA հիմնադրամի համաֆինանսավորումը:

 

Հիմնադրամը համագործակցում է Դիլիջանի քաղաքապետարանի, Դիլիջանի ազգային պարկի և DIS Properties հիմնադրամի հետ,որի արդյունքում  այս երեք կառույցները  ծրագրի իրագործման նպատակով միասին  կհատկացնեն 80 հազար եվրո։

 

Ծրագրի տեւողությունը երկու տարի է: Այն կմեկնարկի 2017 թ.-ի փետրվարից:

 

«Դիլիջանը եւ հարակից համայնքները Հայաստանում ամենաբարեկեցիկ տարածաշրջաններից մեկը դառնալու ներուժ ունեն: Մեր հիմնադրամի նախագծերի նպատակներից է Դիլիջանը բարգավաճող մշակութային, կրթական ու զբոսաշրջային կենտրոն դարձնելը: Համոզված ենք, որ այս ծրագրի իրագործումը զգալի ազդեցություն կունենա Դիլիջան քաղաքի և հարակից համայնքների զարգացման վրա»,- ասել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը:

 

Ծրագրի շրջանակում «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» հիմնադրամի ջանքերով կիրականացվի զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի եւ արհեստի ոլորտներում շուկայի ամբողջական ուսումնասիրություն, կստեղծվի զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոն, կմշակվեն զբոսաշրջային նոր երթուղիներ, Դիլիջանում կբացվի արվեստների եւ արհեստների կենտրոն, կկազմակերպվեն դասընթացներ, սեմինարներ, վարպետության դասեր զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտներում կարողությունների  ամրապնդման համար,  կտրամադրվեն դրամաշնորհներ նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով:

 

«Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնությունը» մեկն է այն 7 դրամաշնորհային ծրագրերից, որոնք իրականացվում են Եվրոպական միության եւ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի» շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին