Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ է մաղթել Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնում:
Խոսելով բանակ-հասարակություն հարաբերությունների մասին` Գարեգին Բ-ն ընդգծել է, որ այսօր հայ ազգի յուրաքանչյուր զավակ իրեն Հայոց բանակի մասնիկը պետք է զգա: Վեհափառն ասել է, որ Հայոց եկեղեցին ամեն ջանք եւ ամեն հնարավորություն կգործադրի այդ գիտակցության ձեւավորման համար:
Պաշտպանության նախարարն անդրադարձել է ազգ եւ բանակ հասկացությունների նույնականացման անհրաժեշտությանը` ներկայացնելով բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ բանակը ոչ միայն պետք է լինի հասարակության հայելին, այլեւ դառնա նրա «յուրօրինակ դարբնոցը»:



















