UWC Dilijan քոլեջում կմեկնարկի Wikimedia CEE Meeting 2016-ը - Mediamax.am

10251 դիտում

UWC Dilijan քոլեջում կմեկնարկի Wikimedia CEE Meeting 2016-ը


Լուսանկարը` https://upload.wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 27-29 Դիլիջանում կմեկնարկի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների եւ խմբերի ամենամյա համաժողովը՝ Wikimedia CEE Meeting 2016 (#WMCEE2016), որը կազմակերպվում է Wikimedia Հայաստանի եւ Wikimedia Հիմնադրամի կողմից՝ Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Համաժողովին ներկա կգտնվեն Wikimedia շարժման տարբեր ուղղությունների առաջատար մասնագետները, ինչպես նաեւ Wikimedia Հիմնադրամի ղեկավարները՝ գործադիր տնօրեն Կատրին Մաերի գլխավորությամբ, ով առաջին անգամ կմասնակցի նման համաժողովի:

 

Հայաստան կժամանեն վիքիպեդիացիներ շուրջ 27 երկրներից՝ Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Բոսնիա եւ Հերցոգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Իրան, Չեխիա, Էստոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Լատվիա, Մակեդոնիա, Մոլդովա, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Թուրքիա, Ուկրաինա, Իսրայել եւ ԱՄՆ: Նրանք կհավաքվեն UWC Dilijan քոլեջում՝ քննարկելու համաշխարհային Wiki-համայնքի արդիական խնդիրները:

 

Երեք օրերի ընթացքում համաժողովի մասնակիցները կներկայացնեն իրենց տարածաշրջանի Վիքիմեդիա մասնաճյուղերի աշխատանքը, իսկ Վիքիմեդիա Հիմնադրամի ներկայացուցիչները՝ ազատ/բաց ծրագրային ապահովման նորարարությունները, ազատ գիտելիք եւ ազատ բովանդակություն թեմաներին վերաբերող սոցիալական եւ տեխնիկական ասպեկտները։

 

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համաժողովը Հայաստանում կազմակերպելը եզակի հնարավորություն է Հայաստանի վիքիհամայնքի համար ծանոթանալու Վիքիմեդիա նորագույն ծրագրային գործիքներին, այլ երկրներում իրականացվող միջոցառումներին, Վիքիմեդիայի ձեռքբերումներին, եւ ներկայացնել Հայաստանում իրագործվող ծրագրերը եւ իրենց մոտեցումները։

 

«Wikimedia CEE Meeting 2016 կանցկացվի Հայաստանում հայաստանյան վիքի համայնքի արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Այս կոնֆերանսը կարեւոր իրադարձություն է թե Wikimedia Հայաստանի եւ թե UWC Դիլիջան քոլեջի համար: Լիահույս եմ, որ Scholae Mundi Armenia եւ IDeA հիմնադրամների հետ մեր համագործակցությունը շարունակման է լինելու՝ ընդգրկելով նոր նախաձեռնություններ», - ասել է Wikimedia Հայաստանի նախագահ եւ համահիմնադիր Սուսաննա Մկրտչյանը:

 

«Մեզ համար մեծ պատիվ է, որ UWC Dilijan քոլեջը նման նշանակալի համաժողովի անցկացման վայր է դարձել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Հայաստանում որակյալ կրթությունը հավասարապես հասանելի դարձնելու տեխնոլոգիաները: Հույս ունենք, որ Scholae Mundi-ի եւ Wikimedia Հայաստանի միջեւ ծավալվող համագործակցությունը հիմք կծառայի երկրում համաշխարհային լավագույն կրթական փորձի տարածման համար»,- ասել է Scholae Mundi Armenia-ի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

Համաժողովի ընթացքում իրականացվող աշխատանքը հիմք կդառնա Wikimedia Հիմնադրամի եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի տարբեր երկրների ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ առավել սերտ համագործակցության ծավալման համար, ինչպես նաեւ Wikimedia-ի հայ ներկայացուցիչներին այս միջազգային շարժմանն ավելի շատ ներգրավվելու հնարավորություն կտա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին