Ամուլսարի ծրագրի շինարարությունը մեկնարկեց - Mediamax.am

13485 դիտում

Ամուլսարի ծրագրի շինարարությունը մեկնարկեց


Լուսանկարը` Lydian Armenia

Լուսանկարը` Lydian Armenia

Լուսանկարը` Lydian Armenia

Լուսանկարը` Lydian Armenia

Լուսանկարը` Lydian Armenia


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը:

Միջոցառմանը ներկա  էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, շրջակա համայնքների ղեկավարներ, մարզպետներ:

 

Մասնակիցների թվում էին Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդի անդամները, ընկերության բաժնետերերը, IFC եւ ՎԶԵԲ ներկայացուցիչները, Հայաստանում Համաշխարային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին եւ Տերեսա Դաբան Սանչեսը, Հայաստանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ռիչարդ Միլսը եւ Ջուդիթ Ֆարնուորթը:

 

Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորեց բոլոր շահագրգիռ կողմերին Ամուլսարի ծրագրի նոր եւ կարեւոր փուլի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, շրջակա համայնքներին, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին վստահության եւ շարունակական աջակցության համար:

Լուսանկարը` Lydian Armenia

«Վստահ եմ, որ ձեր ցանկությունն է տեսնել տարբեր ու ավելի լավ հանքարդյունաբերական ծրագիր Հայաստանում: Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ցույց տանք, որ հնարավոր է այլ կերպ աշխատել, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու, անվտանգ եւ կարող է օգուտներ բերել շրջակա համայնքներին: Մենք, բոլորիդ հետ միասին, առաջիկա 12 տարիներին դա իրականություն ենք դարձնելու», - նշեց նա:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց.

 

«Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագիրն եւ վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի: Մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաեւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարեւորը այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար ես շատ ուրախ եմ: Օտարերկրյա ներդրումների նվազման պայմաններում կարեւոր է այս խոշորագույն ծրագրի մեկնարկը: Ցանկանում եմ հատկապես ողջունել միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը: Համոզված եմ, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար»:

Լուսանկարը` Lydian Armenia

Ամուլսարի ծրագրի շինարարության մեկնարկի կապակցությամբ ուղերձ էր հղել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը.

 

«Շնորհավորում ենք «Լիդիան» ընկերությանը այս հիշարժան օրվա առիթով եւ ողջունում ենք Ամուլսարի ծրագիրը Հայաստանում, որը կօգնի ամրապնդել երկրի տնտեսությունը: Ուրախ ենք, որ Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի անդամ, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամ «Լիդիան» ընկերության շնորհիվ Հայաստանում գործարար խաղի հավասար պայմանների ձեւավորման եւ սոցիալական պատասխանատվության ամուր մշակույթի կայացման ականատեսը դարձանք: Վստահ ենք, որ ընկերությունը կշարունակի պատասխանատու հանքարդյունաբերության օրինակելի գործունեություն իրականացնել՝ գործելով թափանցիկ եւ միջազգային բնապահպանական ու սոցիալական ստանդարտներին համապատասխան»:

 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի ուղերձում, մասնավորապես ասված է.

 

«Կարծում եմ, որ այս հաջողությանը հասնելու բանալիներից մեկը եղել է այն երկխոսությունը, որը «Լիդիան»-ը վարել է Հայաստանի կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության եւ, որ թերեւս առավել կարեւոր է, տեղական համայնքների հետ: Այս ներգրավման միջոցով «Լիդիան»-ը վստահեցրել է, որ հանձնառու է իրականացնել պատասխանատու հանքարդյունաբերություն՝ Հայաստանին բերելով տնտեսական ու սոցիալական օգուտներ եւ միաժամանակ հարգելով շրջակա միջավայրի պահպանության կարեւորությունը»:

 

Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Ծրագրի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1 300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում Լիդիան Արմենիան  կապահովի 700 աշխատատեղ:

 

Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է IFC եւ ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան Բնապահպանական  եւ սոցիալական ազդեցությունների գնահատում:

 

Իր խոսքում Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վերահաստատեց ընկերության պարտավորությունը կառուցել եւ շահագործել Ամուլսարի հանքավայրը արդյունաբերական լավագույն փորձի կիրառմամբ, ապահովելով օգուտներ երկրի եւ  ընկերության բաժնետերերի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին