Հայազգի ականատեսը պատմել է Նիսի դեպքերի մասին - Mediamax.am

exclusive
8433 դիտում

Հայազգի ականատեսը պատմել է Նիսի դեպքերի մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Նիսում երեկ գիշերը տեղի ունեցած դաժան ահաբեկչության հետեւանքով տուժածների շրջանում կան հայեր:

 

Ինչպես Մեդիամաքսի հետ զրույցում հայտնել է Նիսում բնակվող Վահիկ Սահակյանը, այս պահի դրությամբ տեղեկություններ են շրջանառվում հայազգի երկու զոհի մասին:

 

«Հայտնի է, որ մեկ երիտասարդ տղամարդ է զոհվել, ով եղել է հենց դեպքի վայրում: Ինձ փոխանցել են, որ նա մարմնով փակել է իր ընտանիքի անդամներին, երբ ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց վրա: Մյուս հավանական տուժածը Արեւիկ անունով երիտասարդ կին է՝ նա աշխատում էր իմ տանը: Ծանոթներս ինձ հայտնում են, որ նա եւս եղել է հրավառության վայրում»,- Մեդիամաքսի թղթակցին հայտնել է Վահիկ Սահակյանը:

 

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ։

 

Վահիկ Սահակյանը ինը տարի ապրում է Նիսում: Մոտ մեկ ամիս առաջ նա Նիսի Commander Raffali փողոցի վրա ռեստորան է բացել: Այն 50-70 մետր հեռավորության վրա է գտնվում երեկ Նիսում տեղի ունեցած ահաբեկչության վայրից:

 

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, սարսափելի էր: Երբեւէ նման բան չէի տեսել: Ռեստորանում բազմաթիվ հաճախորդներ ունեինք, Ֆրանսիայի ազգային տոնն էին նշում: Նրանցից ոմանք ցանկացան գնալ հրավառությունը տեսնելու եւ ետ վերադառնալ՝ սուրճ խմելու: Փողոցը, որտեղ բազմաթիվ փոքրիկ բացօթյա ռեստորաններ կան, դեպքի վայրի հարեւանությամբ է գտնվում: Երբ հաճախորդներս գնացին հրավառությունը տեսնելու, 15 րոպե անց այդ նեղ փողոցով մի քանի հարյուր մարդ գլխապատառ սկսեց վազել: Մարդիկ վազում էին սեղանների, աթոռների վրայով: Ով ինչպես կարողանում, փախչում էր՝ որքան հնարավոր է ավելի հեռու»,- պատմել է Վահիկ Սահակյանը:

 

Նա այդ պահին մնացել է իր ռեստորանում եւ մի քանի մարդկանց ապաստան տվել ներսում: 

 

«Մի քանի րոպե մարդիկ շարունակում էին վազել փողոցներով՝ բղավելով, թե կրակում են: Ես կրակոցի ձայներ չեմ լսել, հետո տեսանյութ տեսանք համացանցում, եւ հասկացանք, թե ինչ էր կատարվել: Երկու ժամ փակված մնացինք ռեստորանում: Հաճախորդներից ոմանք ուշագնաց եղան, մեկին ստիպված տեղափոխեցինք հիվանդանոց»,- պատմել է հայազգի ականատեսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին