Ոչ ոք չի ուրանում հայերի կոտորածը, ասել է Իսրայելի նախագահը - Mediamax.am

11318 դիտում

Ոչ ոք չի ուրանում հայերի կոտորածը, ասել է Իսրայելի նախագահը


Լուսանկարը` Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Լուսանկարը` Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Լուսանկարը` Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Լուսանկարը` Երուսաղեմի Հայոց պատրիարքարան


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին մայիսի 9-ին Սբ Հարության տոնի առթիվ այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան՝ շնորհավորելու Երուսաղեմի բոլոր քրիստոնյա հոգեւոր պետերին:

Ինչպես նշել են պատրիարքարանում, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր ելույթում ողջունել է Իսրայելի նախագահին եւ բոլոր ներկաներին՝ բարձր գնահատելով Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նախագահ Ռիվլինի ունեցած մեծ ավանդը:

 

«Նացիստական ռեժիմը հաջողությամբ կարողացավ կոտորել հրեա ժողովրդին, որովհետեւ Հայոց ցեղասպանության տարիներին ողջ աշխարհը լուռ ու անհաղորդ մնաց ամբողջ ժողովրդի կոտորածի հանդեպ: Մենք լիահույս ենք, որ Դուք՝ Ձեր նոր պաշտոնավարության ընթացքում, կշարունակեք բարձրացնել Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,- ասել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

 

Իսրայելի նախագահն էլ, շնորհավորելով երկրի քրիստոնյա համայնքներին, ասել է, որ Իսրայելը հանձնառու է կրոնական ազատության պաշտպանությանը:

 

«1915թ. հայերը կոտորվեցին: Իմ ծնողները հիշում են, թե ինչպես հազարավոր հայ գաղթականներ ապաստան գտան Հայոց Վանքի մեջ: Իսրայելում ոչ ոք չի ուրանում, որ մի ամբողջ ազգ կոտորածի է ենթարկվել: Այսօր ես Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում կաղոթեմ Ձեզ հետ՝ զոհերի հոգիների հանգստության համար»,- ելույթն ամփոփել է Իսրայելի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին