Երուսաղեմի հայերը կբողոքեն Բաքվին իսրայելական զենքի վաճառքի դեմ - Mediamax.am

exclusive
7523 դիտում

Երուսաղեմի հայերը կբողոքեն Բաքվին իսրայելական զենքի վաճառքի դեմ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Երուսաղեմի հայ համայնքն այսօր երեկոյան հավաք կանցկացնի՝ իր զորակցությունը հայտնելով Արցախին:

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն Բաղդասարյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ հավաքի նախաձեռնությունը Երուսաղեմի միացյալ հանձնախմբինն է, որը միավորում է Իսրայելում գործող հայկական միություններն ու Երուսաղմի Հայոց պատրիարքարանը:

 

«Մենք հետեւում ենք Արցախում տիրող իրավիճակին եւ որոշել ենք այսօր խաղաղ հավաք անցկացնել՝ մեր համերաշխությունն ու զորակցությունը հայտնելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, որը վերջին օրերին ենթարկվել է Ադրբեջանի զինված ուժերի մեծամասշտաբ հարձակումներին»,- ասել է Հայոց պատրիարքարանի դիվանապետը:

 

Խաղաղ հավաքը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին, Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ:

 

Ապրիլի 14-ին էլ Երուսաղեմի հայերը ցույց կկազմակերպեն Իսրայելի արտաքին գործերի նախարարության մոտ՝ բողոքելու Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առնչությամբ:

 

«Վերջին օրերին մենք տեղեկացանք, որ Արցախում Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ օգտագործում է Իսրայելից գնված զենքը: Այս փաստը մեզ չի կարող չմտահոգել, եւ մենք պատրտաստվում ենք մեր բողոքը հայտնել Իսրայելի ԱԳՆ-ին»,- ասել է Հայր Կորյուն Բաղդասարյանը:

 

Նա տեղեկացրել է, որ հայ համայնքը քաղաքային իշխանություններից արդեն ստացել է ցույցը կազմակերպելու արտոնություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին