Հայաստանը կիրագործի Տարոն Աճեմօղլուի մտքերը, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

4967 դիտում

Հայաստանը կիրագործի Տարոն Աճեմօղլուի մտքերը, ասել է ՀՀ նախագահը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում, որի ընթացքում անդրադարձել է անվանի տնտեսագետ, ծագումով հայ Տարոն Աճեմօղլուի աշխատանքներին:

«Այս հաստատության վերջին տարիների աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն է Տարոն Աճեմօղլուն, ում տեսական աշխատանքը մեծ ճանաչում գտավ ամենուր: Նրա աշխատանքի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ տնտեսական բարեկեցությունն էապես կախված է ինստիտուցիոնալ զարգացումից, իսկ ավելի հստակ՝ տնտեսական եւ քաղաքական հաստատությունների համընդգրկունությունից: Հենց այդ ինստիտուտների շնորհիվ է հնարավոր հաղթահարել աղքատությունը եւ հասարակությունը պատուհասող մյուս չարիքները:

 

Այս փաստարկի հիմնավորվածության մեջ մենք համոզվել ենք մեր սեփական փորձի վրա: Շատ դժվար է իրականացնել որեւէ բարեփոխում, եթե հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, եթե հասարակական ինստիտուտները չեն արտացոլում հասարակության իրական իղձերը: Շատ դժվար է պատկերացնել ինստիտուտներն այն պարագայում, երբ մարդիկ չեն հավատում դրանց արդյունավետությանը, իրավունքի գերակայությանը եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությանն՝ առանց որեւէ խտրականության», - ասել է Հայաստանի ղեկավարը:

 

«Սակայն ովքե՞ր են կայացնում հաստատությունները, եթե ոչ մարդիկ: Իմ անցած ողջ քաղաքական ուղու ընթացքում ես երբեք Հայաստանի քաղաքացիների՝ վառ ու բացառիկ անհատականություններ լինելու մեջ չեմ երբեք կասկածել: Այժմ եկել է պահը, երբ այդ ստեղծագործական ներուժը լուրջ արդյունքներ պետք է տա:

 

Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ եւ կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական եւ հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատությունները իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Ավելին, այն իրականություն դարձնելու համար հետեւողական աշխատանք ենք կատարում Հայաստանում:

 

Վերջերս մենք էական փոփոխություններ ենք մտցրել մեր Սահմանադրության մեջ: Այս առումով գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարեւոր են լինելու, քանի որ մեր պետությունը համակարգային փոփոխություն է ապրում:

 

Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է արգասաբեր եւ տեսանելի մեր ժողովրդի համար: Դրա գրավականը ոչ միայն մեր քաղաքական կամքն է, այլեւ Հայաստանի քաղաքացին՝ նախաձեռնող, ձգտող, հայրենիքին նվիրված: Դրա գրավականն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դրսեւորած կամքը: Մենք բոլորս այդ ձեռնարկի համասեփականատերերն ենք:

 

Հուսով եմ, որ մենք կկարողանանք նաեւ մեր փորձով ապացուցել Տարոն Աճեմօղլուի տեսական աշխատանքի իսկությունը: Նաեւ հուսով եմ, որ նա անպայման կարժանանա տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի՝ կրկին հռչակ բերելով այս հոյակապ ինստիտուտին», - ասել է ՀՀ նախագահը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին