Երեւան: Մեդիամաքս: Ավստրալական The Sydney Morning Herald հոդված է հրապարակել Ավստրալիա մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի ներկրման մասին, որտեղ հիշատակվում է նաեւ Հայաստանը:
Ըստ պարբերականի, Ավստրալիա մեծ քանակությամբ մեթամֆետամինի ներկրումն իրականացվում եւ վերահսկվում է իտալական մաֆիայի կողմից, որն էլ համագործակցում է հայ եւ իսպանացի միջնորդների հետ:
2014թ. Ավստրալիայի Վիկտորիա նահանգի օրենսդիր մարմնի թմրամիջոցների եւ հանցագործությունների կանխարգելման հանձնաժողովի կողմից անցկացված հետաքննության շրջանակում բրիտանացի քրեագետ Աննա Սերգին, որը սերտ համագործակցել է Իտալիայի մաֆիայի դեմ պայքարում իրավապահ կառույցների հետ, ասել էր հետեւյալը.
«Մեր կողմից հայտնաբերված դեպքերում մեթամֆետամինի ներկրումը դեպի Ավստրալիա հիմնականում իրականացվել է իտալացիների կողմից եւ դրա ներկրման ուղիները գալիս են Հայաստանից, որտեղից էլ դրանք տեղափոխվում են Բիլբաո (Իսպանիա), իսկ այնուհետեւ այնտեղից ուղարկվում են Պրահա կամ Ֆրանկֆուրտ, որտեղից էլ առաքվում են դեպի Ավստրալիա»:
Ըստ քրեագետի՝ իտալացի իրավապահները տեղյակ են, որ մեթամֆետամինի տեղափոխումը Հայաստանից դեպի Ավստրալիա իրականացվում է Կալաբրիայում գործող մաֆիայի կողմից:
Մեդիամաքսը ավստրալիական թերթի այս հրապարակման վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն եւ կներկայացնի պատասխանը ստանալուն պես:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: