Ամալ Քլունին հերքել է Բաքվի պնդումները իր հայկական ծագման մասին - Mediamax.am

8283 դիտում

Ամալ Քլունին հերքել է Բաքվի պնդումները իր հայկական ծագման մասին


Ամալ Քլունին
Ամալ Քլունին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Փաստաբան եւ իրավապաշտպան Ամալ Քլունին հերքել է Ադրբեջանի պնդումները իր հայկական ծագման մասին:

Ադրբեջանցի պաշտոնյաները եւ լրատվամիջոցները վերջերս հայտարարել էին, որ Ամալ Քլունին հայկական արմատներ ունի եւ հենց դրանով է պայմանավորված նրա որոշումը միջազգային ատյաններում Ադրբեջանում բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը պաշտպանելու մասին:

 

«Չեմ հասկանում, թե ինչպես պատկանելիությունը այս կամ այն ազգին կարող է որեւէ կերպով վարկաբեկել ինձ: Ես հայկական արմատներ չունեմ, բայց չեմ հասկանում, թե ինչու դա պետք է դեր խաղա», - ասել է Ամալ Քլունին Ազատություն ռադիոկայանին տված գրավոր հարցազրույցում:

 

«Այն փաստը, որ ես ներկայացրել եմ Հայաստանը Եվրոպական դատարանում, ինձ հայ չի դարձնում: Միջազգային դատարանում Կամբոջայի շահերի պաշտպանությունը եւ իմ խորհրդատվությունը Հունաստանի կառավարությանը եւս ինձ կամբոջացի կամ հույն չի դարձրել», - շարունակել է Ամալ Քլունին:

 

Ինքը՝ Խադիջա Իսմայիլովան «Ազատությանը» հայտնել է, որ որոշել է իր պաշտպանությունը վստահել Ամալ Քլունիին, քանի որ նա նախկինում պաշտպանել է լրագրողներին եւ հաջողության է հասել: «Ես չեմ հարցրել նրան իր ծագման մասին, քանի որ քաղաքակիրթ երկրներում նման հարցեր չեն տալիս», - նշել է նա:

 

Խոսելով Իսմայիլովայի բանտարկության մասին, Ամալ Քլունին ասել է, որ Ադրբեջանի «կառավարությունը չարաշահում է իր լիազորությունները այն լրագրողներին լռեցնելու համար, որոնք քննադատում են իշխող ռեժիմը»:

«Կարեւոր է պայքարել լրագրողների իրավունքների համար, որպեսզի աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում նրանց երկրներում», - ասել է փաստաբանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին