Լրացել է «Այբ» ակումբի եւ հիմնադրամի 10-րդ տարեդարձը - Mediamax.am

8725 դիտում

Լրացել է «Այբ» ակումբի եւ հիմնադրամի 10-րդ տարեդարձը


Լուսանկարը` Luys Foundation


Երեւան: Մեդիամաքս: Այսօր լրացել է «Այբ» ակումբի եւ «Այբ» կրթական հիմնադրամի գաղափարի ծննդյան 10-րդ տարեդարձը:

«Տասը տարի առաջ այս օրը մեր երկրի բարօրությամբ ու մեր երեխաների ապագայով մտահոգ ութ անձինք, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք եւ կամենում միասնական ներդրմամբ ստեղծել ինչ-որ մնայուն բան, որոշում կայացրին ստեղծելու «Այբ»-ը։

 

Այսօր «Այբ» ակումբը աշխարհի տարբեր անկյուններից միավորում է գաղափարակից 37 անդամի, ովքեր իրենց գիտակցված ֆինանսական, ժամանակային ու մասնագիտական ներդրումն են ունենում «Այբ» հիմնադրամի ծրագրերում: Իսկ «Այբ»-ի բարերարների համայնքի շարքերը համալրում են տարբեր երկրներից մոտ 200 բարերար, նվիրատու եւ աջակից։

 

Իր տասնամյա գործունեության ընթացքում «Այբ» հիմնադրամը կյանքի է կոչել 22 ծրագիր եւ նախաձեռնություն, որոնք դարձել են նախատիպեր եւ նպաստել ընդհանուր կրթական համակարգի զարգացմանը: «Այբ»-ի կողմից կյանքի կոչված ամեն ծրագիր նպատակ է ունեցել կրթական այս կամ այն բաղադրիչը փորձարկել իրական ժամանակում, տեսնել դրա ուժեղ ու թույլ կողմերը, լրամշակել, դարձնել կրթության որակի բարձրացմանը նպաստող գործուն միջոց, վերածել կրթական նոր՝ բարձր, բայց եւ հասանելի նշաձողի:

 

Այս տասը տարիների ընթացքում «Այբ» հիմնադրամը 13.047.942 ԱՄՆ դոլար է հավաքել եւ ուղղել է կրթական ծրագրերի իրականացմանը:

 

«Այբ»-ի իրական ժառանգությունը մարդիկ են, ովքեր համախմբվել են կրթության գաղափարի շուրջ։ «Այբ»-ը դարձել է փայլուն անձանց համաշխարհային ցանց, որը պատրաստ է օգնելու նոր սերնդին կրթության միջոցով կայանալ։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ «Այբ» ընտանիքին միանալու, պարտականություններ ստանձնելու եւ ձեր ուժերը, միջոցներն ու սերը հանուն բարի գործի ներդնելու համար», - ասված է «Այբ»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին