Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվգենի Պրիմակովի անվան Արտաքին քաղաքականության համագործակցության կենտրոնի բացումը:
Բացման արարողության գլխավոր հյուրն էր ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ ու դիվանագետ Հենրի Քիսինջերը:
Կենտրոնի հիմնադիրներից մեկը՝ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Լեոնիդ Դրաչեւսկին, ասել է, որ Քիսինջերի մասնակցությունը միջոցառմանը նոր կազմակերպության համար բարձր նշաձող է սահմանում:
Իր ելույթում Հենրի Քիսինջերն անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերությունների տարբեր կողմերին, անվտանգության ապահովման, ինչպես նաեւ ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարի հարցերին, կիսվել աշխարհում եւ տարբեր տարածաշրջաններում տիրող իրավիճակի իր տեսլականով:
Պրիմակովի կենտրոնում կայացած հանդիպմանը ելույթ են ունեցել Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկան Անդրեյ Կոկոշինը, քաղաքագետներ Սերգեյ Ռոգովն ու Սերգեյ Կարագանովը, Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի նախագահ, ՌԴ ԱԳՆ նախկին ղեկավար Իգոր Իվանովը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինը, գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը:
Հենրի Քիսինջերը 1970-ականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը եւ վերջին տասնամյակներում ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող ամենանշանակալից փորձագետներից է:
«Պրիմակովի անվան Արտաքին քաղաքական համագործակցության կենտրոնը» ստեղծվել է 2015թ.: Կենտրոնի առաքելությունը Եվգենի Պրիմակովի ինտելեկտուալ ժառանգության հավաքագրումն ու զարգացումն է, փորձագիտական եւ գիտական մակարդակում միջազգային համագործակցության ամրացումը եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավումը արտաքին քաղաքականության գործընթացներում:
Կենտրոնը նախատեսում է հանդիպումներ անցկացնել համաշխարհային քաղաքականության, գիտության ներկայացուցիչների, ռուսաստանցի եւ օտարերկրացի պետական գործիչների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: