Երեւան: Մեդիամաքս: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ներկայացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գնման որոշ մանրամասներ РБК Daily թերթին տված հարցազրույցում:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
- Աշնան սկզբին հայտարարվեց, որ դուք Интер РАО-ից գնում եք «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Ինչո՞ւ որոշեցիք ձեռք բերել այդ ակտիվը, չէ՞ որ այն բազմաթիվ պարտքեր ուներ:
- Այո, ընկերությունը մեծ պարտքեր ուներ՝ շուրջ $220 մլն: Ակտիվը գնել ենք այդ պարտքերը մարելու համար:
- Ինչպե՞ս դա հասկանանք: Դա բարեգործությու՞ն է:
- Իհարկե ոչ, սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ ընկերություն է եւ երկարաժամկետ ակտիվ, իսկ մեր կառավարման ներքո այն ավելի լավը կդառնա:
- Ինչո՞վ է լավ վնասաբեր ընկերությունը:
- Մենք ընկերությունը ստացանք շատ ծանր վիճակում: Այն վնասաբեր էր, բայց շահութաբեր կդառնա:
- Ո՞վ է ձեզ առաջարկել գնել ընկերությունը:
- Առաջարկը եղել է Интер РАО-ից:
- Կոնկրետ ո՞վ է առաջարկել՝ վարչության նախագահ Բորիս Կովալչո՞ւկը:
- Բնականաբար, առանց պարոն Կովալչուկի նման ակտիվը չեր վաճառվի: Ակտիվը գնելու առաջարկով մեզ դիմել է Интер РАО-ի վարչության անդամներից մեկը: Վերջնական որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ դրա մասին խնդրեցին նաեւ ՀՀ իշխանությունները:
- Կարծես թե ձեզ խնդրում էին գնել ընկերությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը, երբ Երեւանում հանրահավաքներ սկսվեցին՝ էլեկտրականության սակագների բարձրացման դեմ: Նրանց մոտ վա՞խ կար, որ մարդիկ կարող են դուրս գալ վերահսկողությունից:
- Այո, ՀՀ իշխանություններն են խնդրել: Մի կողմից, մենք ցանկանում ենք ընկերությունում կարգուկանոն հաստատել, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ դա հանրապետության համար ռազմավարական ակտիվ է, որն ազդում է երկրում առկա ներդրումային միջավայրի վրա: Վստահ եմ՝ մենք կարող ենք այն փոփոխել:
- Դա գումարայի՞ն գործարք էր:
- Այո, ոչ ոք մեզ չի նվիրել այդ ակտիվը:
- Որքա՞ն այն արժեցավ:
- Մենք դեռ չենք բացահայտում գործարքի մանրամասները:
- Դուք նշեցիք, որ ընկերությունը ձեզ անցավ $220 մլն պարտքային բեռով: Կարելի՞ է գոնե իմանալ, թե այդ պարտքի որ մասն եք արդեն մարել:
- Շուրջ 20%-ը:
- Դուք տեսե՞լ եք հայկական մամուլում ենթադրություններն այն մասին, որ այդ ակտիվը դուք ձեռք եք բերել քաղաքական նկատառումներից ելնելով, որպեսզի ձեր եղբայր Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ:
- Արդեն 10 տարի է այդ մասին գրում են, սակայն նա դեռ չի դարձել ՀՀ վարչապետ: Ինչ վերաբերում է ИнтерРАО-ի հետ գործարքին, ապա այն ոչ մի կապ չունի նրա հետ: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերումը մենք դիտարկում ենք միաժամանակ երկու տեսանկյունից՝ որպես բիզնես եւ օգնություն հայրենիքին:
- Ընկերության ո՞ր մասնաբաժինն եք դուք ձեռք բերել:
- Մենք գնել ենք 100%-ը:
- Интер РАО-ի հաշվետվության մեջ դեռ նշվում է, որ վաճառվել է 25%-ը:
- Համաձայնագրի կառուցվածքն այնպիսին է, որ մասնաբաժինները մեզ անցնում են փուլերով: Տվյալ պահին մեզ է պատկանում ակտիվի բաժնետոմսերի 50% -ը:
- Ինչպե՞ս եք մտադիր շահույթ ունենալ էլցանցերի հաշվին:
- Էներգետիկան իսկապես շատ խոցելի բիզնես է, շատ բան կախված է ոչ միայն կառավարող մարմիններից, այլեւ սպառողներից: Սակայն Հայաստանում, ինչը զարմանալի է, մարդիկ վճարում են ժամանակին եւ կանոնակարգված: Այժմ բնակչության կողմից էլեկտրականության դիմաց վճարման մակարդակը կազմում է մոտավորապես 99,8%:
- Եվ այնուամենայնիվ, որտեղի՞ց պետք է շահույթ ստանաք:
- Մենք դեռ չենք մտածում շահույթի մասին եւ հաստատ չենք էլ մտածելու առաջիկա 5 տարիների ընթացքում: Դա երկարատեւ ակտիվ է, մշտական:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: