NY Times-ը պատմել է Նաիրա Հովակիմյանի թռչող սարքերի մասին - Mediamax.am

9089 դիտում

NY Times-ը պատմել է Նաիրա Հովակիմյանի թռչող սարքերի մասին


Լուսանկարը` http://www.nytimes.com/


Ամերիկյան The New York Times պարբերականը հոդված է հրապարակել Մեդիամաքսի «50 գլոբալ հայերը» նախագծի հերոս, Իլինոյսի համալսարանի Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի տնօրեն Նաիրա Հովակիմյանի նորարարական մտահաղացման մասին, որը կօգնի բարելավել տարեց մարդկանց կյանքը: 

 

«Զարգացած երկրներում կտրուկ աճում է տարեց մարդկանց թիվը: Սա ահազանգ է այդ հասարակությունների համար, որտեղ սկսել են մտածել, թե ինչպես կարելի է օգնել տարեց մարդկանց, որպեսզի վերջիններս իրենց մասին ինքնուրույն հոգ տանեն: Պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանն ունի իր մտահաղացումը՝ թռչող սարքեր»,- գրում է պարբերականը:

 

Թերթր փոխանցմամբ, վերջերս Իլինոյսի համալսարանի ռոբոտատեխնիկայի մասնագետները ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամից ստացել են 1.5 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ նախագծելու փոքր ինքնաշեն սարքեր, որոնք կիրառելի կլինեն կենցաղում, օրինակ՝ տան մեկ սենյակից մյուս սենյակ կտեղափոխեն բժշկական սրվակը կամ այլ առարկաներ: 

 

Պրոֆեսոր Հովակիմյանը ընդունում է, որ այս գաղափարը կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ շատերի համար, բայց հավատացած է, որ այդ սարքերը ոչ միայն անվտանգ են, այլեւ մեկ կամ երկու տասնամյակ անց ամենօրյա կիրառման միջոց կդառնան տարեցների համար:    

 

«Ես համոզված եմ, որ քսան տարի հետո այդ թռչող սարքերը կկիրառվեն ճիշտ այնպես, ինչպես մենք այսօր կիրառում ենք բջջային հեռախոսները»,- նկատել է Նաիրա Հովակիմյանը:

 

Պարբերականը գրում է, որ իր ղեկավարած լաբորատորիայում պրոֆեսոր Հովակիմյանն արդեն սկսել է փորձարկել փոքր եւ մեծ չափսերի թռչող սարքերը:

 

Նաիրա Հովակիմյանը Իլինոյսի համալսարանին կից նորաստեղծ Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն էր նշանակվել այս տարվա ապրիլին:

 

Պրոֆեսոր Հովակիմյանի կյանքի եւ գործունեության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին