Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը (Aurora Prize for Awakening Humanity) կօգնի արժանին մատուցել մարդասիրության նոր հերոսներին, ովքեր իրենց քայլերով, անկախ բոլոր դժվարություններից, դրական փոփոխություններ են բերում աշխարհում:
Այս մասին Miami Herald պարբերականում տպագրված «Խրախուսելով մարդասիրությունը» վերտառությամբ համատեղ հոդվածում գրել են Կոստա Ռիկայի նախկին նախագահ Օսկար Արիասը եւ Նյու-Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
Օսկար Արիասը 1987 թ.-ին արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակին՝ Կենտրոնական Ամերիկայում քաղաքացիական պատերազմները դադարեցնելու գործում նշանակալի ավանդի համար: Վարդան Գրեգորյանը 100 LIVES նախագծի համահեղինակներից է:
«Մենք պետք է արժանին մատուցենք մարդասիրության բոլոր այն հերոսներին, ովքեր անկախ բոլոր դժվարություններից, հնարավոր բոլոր միջոցներով փորձում են փոփոխություն բերել, օգնել մյուսներին: Որպես նոր միջազգային մարդասիրական «Ավրորա» մրցանակի ընտրական հանձնաժողովի անդամներ՝ մենք հպարտ ենք օգնելու նման մարդկանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ ուրիշներին փրկելու համար: Այս մրցանակը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների կողմից, քանի որ ինչ-որ մեկը ժամանակին, մեծ վտանգի ենթարկվելով, փրկեց այդ մարդկանց»,- գրել են հեղինակները:
«Ավրորա» մրցանակը (Aurora Prize for Awakening Humanity) «100 կյանք» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է: Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվել է ս.թ. մարտին Նյու Յորքում, որի մասին կարող եք կարդալ Մեդիամաքսի հատուկ ռեպորտաժում:
«Ավրորա» մրցանակը առաջին անգամ շնորհվելու է Երեւանում՝ 2016 թվականի ապրիլին: Մրցանակը հանձնելու է ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը ժյուրիի համանախագահն է: Մրցանակի հաղթողը կստանա 100 հազար ԱՄՆ դոլար, եւս 1 մլն ԱՄՆ նա կփոխանցի այն կազմակերպությանը, որը ոգեշնչել է իրեն:
«100 կյանք» նախաձեռնության կայքում ցանկացած մարդ կարող է «Ավրորա» մրցանակի հավակնորդներ առաջադրել՝ սեղմելով Առաջադրել կոճակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: